Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը սեւ ժապավեն է դրել Հայաստանի պետական դրոշի վրա

Մայիս 07,2022 14:00

Միանգամից ասեմ, որ նյութի թեման ինձ հուշել է Հայաստանի ոստիկանությունում երկար տարիներ աշխատած, հիմա թոշակառու մտերիմս:

2018-ից հետո ձեւավորված իշխանության նորամուծություններից էր ոստիկանության պարեկային նոր ծառայությունը: Պարեկները սկսեցին մայրաքաղաքից՝ 2021 թվականի հուլիսի 7-ին: Հիմա նույն ծառայությունը կա նաեւ Շիրակի մարզում, իշխանությունը մտադիր է այլ մարզերում էլ պարեկներ ունենալ:

Պարեկները շատ են՝ միայն Երեւանում՝ մոտ 800: Շիրակի պարեկներն էլ հետը՝ հաստատ հազարի մոտ թիվ կստացվի: Բոլորի համազգեստին, բացի ուսադիրներից եւ այլ տարբերանշաններից, կա նաեւ թեւքանշան, որտեղ պատկերված է Հայաստանի պետական դրոշը՝ ծածկված սեւ ժապավենով: Իշխանության ստեղծած ոստիկանական ստորաբաժանման տարբերանշանում Հայաստանի պետական դրոշը դարձել է գերեզման, գերեզմանաքար կամ սգո այլ պարագա:

Երբ պարեկները փողոց դուրս եկան, ժամեր անց բացահայտվեցին նրանց համազգեստի ու մեքենաների վրա եղած խախտումները՝ օտարալեզու բառեր, որ հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքին: Պարզվեց, որ պարեկների թեւքանշանը սահմանված չէ որեւէ իրավական ակտով՝ կառավարության որոշում, ոստիկանապետի հրաման եւ այլն:

Ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, պարեկային ծառայության աշխատանքի մեկնարկից 21 օր անց՝ 2021-ի հուլիսի 28-ին, «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության հարցմանն ի պատասխան հաստատել էր, որ թեւքանշանի ձեւը հաստատված չէ, բայց հավելել էր, որ թեւքանշանի նկարագիրը շուտով ներկայացվելու է ոստիկանության պետին: Արմեն Մկրտչյանը չի ասել, թե ով է ոստիկանությանը տրամադրել այդ թեւքանշանը, ում առաջարկով:

Կառավարությունը 2021 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1446-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» որոշում, որտեղ հստակ գրված է, որ թեւքանշանի մեջտեղում գունավոր ասեղնագործվում է ուղղահայաց եռագույնը (Հայաստանի դրոշի գույներով՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն), կենտրոնում թուր՝ սեւ եւ արծաթագույն, որից ներքեւ թագ՝ սեւ եւ արծաթագույն: Թեւքանշանի մեջտեղում սեւ ֆոն՝ որի վրա արծաթագույն ասեղնագործվում են «ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը: Այսինքն՝ պարեկները 5 ամիս չհաստատված թեւքանշան են ունեցել: Սա դեռ ողջ ողբերգությունը չէ: Ինչո՞ւ է պետական դրոշի վրա սեւ ֆոն ընտրվել, ինչո՞ւ չէր կարող լինել սպիտակ, ինչո՞ւ դրոշը ազատ չէ ամեն տեսակ ֆոներից ու բառերից, ի՞նչ մի դժվար բան էր նման թեւքանշան մշակելը, ի վերջո ո՞վ է նման թեւքանշան պարտադրել ոստիկանությանը ու ոստիկանությունը գլուխը կախ որոշման նախագծում պարզապես նկարագրել է իրեն պարտադրված պատկերը:

Սա նշանակում է, որ ամեն օր Հայաստանի հազար քաղաքացի հագնում է մի համազգեստ, որի վրա Հայաստանի պետական դրոշը ծածկված է սեւ ժապավենով ու այդ թեւքանշանի ծագման մասին մեզ ոչինչ հայտնի չէ: Ու ոչ ոք չի ասում, ով է այս ամենի հեղինակը: Սա անարգանք է, իսկ Հայաստանի պետական խորհրդանիշներն անարգելը քրեական հանցագործություն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 331-րդ հոդված: Պատիժը՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Օրենքի չիմացությունն անձին չի ազատում պատասխանատվությունից: Հետեւաբար, Հայաստանի դրոշն անարգող թեւքանշան ոստիկանության տված անձի կամ անձանց հետ միասին, պիտի պատասխանատվության ենթարկվեն նաեւ ոստիկանության պետը, պատասխանատու այլ պաշտոնյաներ, բոլոր պարեկները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031