Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծանր վիրավորանքի գործով» հատուկ կարծիքները ՍԴ կայքէջում չեն հրապարակվել

Մայիս 07,2022 13:30

«Ծանր վիրավորանքի գործով» ՍԴ-ն արձանագրել էր՝ Հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող ցանկացած անձ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների սահմաններում պետք է հաշվետու եւ թափանցիկ լինի հասարակության առջեւ, իր կողմից իրականացվող գործունեությամբ պայմանավորված՝ պետք է պատրաստ լինի հասարակական վերահսկողության. վերջիններս բազմակարծության եւ լայնախոհության պահանջներն են, առանց որոնց չի կարող լինել ժողովրդավարական պետություն:

Սահմանադրական դատարանն իր պաշտոնական կայքում տպագրեց նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 40 էջանոց որոշումը: Ինչպես տեղեկացրել էինք, ՍԴ նիստը տեղի էր ունեցել գրավոր ընթացակարգով, ինչը հնարավորություն չտվեց շահագրգիռ կողմերին, մասնավորապես, լրատվամիջոցներին ներկա գտնվել այդ նիստին, լսել կողմերին, նրանց առարկությունները: ՍԴ-ն անգամ չէր տեղեկացրել հրապարակման օրվա մասին, իսկ երբ մեր աղբյուրներով իմացանք, տեղեկացանք նաեւ, որ եղել են դատավորների Հատուկ կարծիքներ: Կարծում էինք, թե որոշման հետ կհրապարակվեն նաեւ դրանք: ՍԴ-ն մայիսի 2-ին հրապարակեց որոշումն առանց դատավորներ Հ. Թովմասյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Պետրոսյանի Հատուկ կարծիքների:

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հարցադրումը հետեւյալն է եղել. «Իրավակիրառ պրակտիկայում ինչպես են համադրվելու ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածում ամրագրված արարքից քրեաիրավական պաշտպանությունը եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն քաղաքացիական իրավունքի պաշտպանությունը: ՍԴ որոշման համաձայն. «Քրեաիրավական պատասխանատվությունն իր բնույթով պատժիչ տեսակի պատասխանատվության միջոց է՝ ի տարբերություն քաղաքացիաիրավական պատասխանատվության, որն ունի իրավավերականգնիչ առաքելություն»: Ըստ դիմումատու ՄԻՊ-ի՝ «Օրենսգրքի 137.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը: Նման ձեւակերպումը սկզբունքային հարցեր է առաջ բերում, քանի որ պարզ չէ, թե որն է համարվում հրապարակախոսական գործունեություն, կամ որն է համարվում քաղաքական գործունեություն»: Նշենք, որ այս գործով ՍԴ-ն Դատական դեպարտամենտից ստացել էր տվյալներ, համաձայն որոնց՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում օրենսգրքի 137.1 հոդվածի հատկանիշներով 04.04.2022 թ. դրությամբ առկա է 45 քրեական գործ, որից 14-ը օրենսգրքի 137.1 հոդվածի միայն 1-ին մասով, 25-ը՝ նույն հոդվածի միայն 2-րդ մասով, իսկ 4-ը՝ նույն հոդվածի միայն 3-րդ մասով: Միայն 1 քրեական գործ՝ օրենսգրքի 137.1 հոդվածի միաժամանակ 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով, եւ 1 քրեական գործ՝ օրենսգրքի 137.1 հոդվածի միաժամանակ 2-րդ եւ 3-րդ մասերով: Բացի դրանից, ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում օրենսգրքի 137.1 հոդվածի 2-րդ մասի միայն 1-ին կետով քրեական գործեր առկա չեն: Հարկ է նշել նաեւ, որ Օրենսգրքի 137.1 հոդվածի 2-րդ մասի միաժամանակ 1-ին եւ 2-րդ կետերով առկա է 17 քրեական գործ, իսկ նույն մասի միայն 2-րդ կետով՝ 10 քրեական գործ: Վերոնշյալ 45 քրեական գործերից 6-ով կայացվել է գործը, ըստ էության, լուծող դատական ակտ (դատավճիռ): ՍԴ որոշմամբ տեղեկանում ենք, որ սույն գործի քննության ընթացքում Սահմանադրական դատարանը իրավակիրառական պրակտիկայի վերաբերյալ գրություններ է հղել նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Քննչական կոմիտեին: Ըստ ՍԴ որոշման. «Հետաքննության, նախաքննության տվյալների եւ դատական վերջնական ակտերի համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրականում կատարված հանրորեն վտանգավոր արարքների որակման հարցում նկատվում է առհասարակ վիրավորանքի եւ ծանր վիրավորանքի, ծայրահեղ անպարկեշտ եղանակների զանազանման հետաքրքիր մեկնաբանողական գործընթաց: Թիվ ԵԴ/0127/01/22, թիվ ԵԴ/1609/01/21, թիվ ՍԴ/0012/01/22, թիվ ՍԴ/0019/01/22, թիվ ՍԴ/0024/01/22, թիվ ԼԴ/0182/01/21 քրեական գործերով կայացված դատավճիռների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առաջին ատյանի դատարաններն արդեն կայացրած դատավճիռներով առայժմ ծանր վիրավորանք են որակել միայն կոնկրետ անձի (անձանց) ուղղված սեռական բնույթի հայհոյանքները, անձի վրա թքելը»:

Սահմանադրական դատարանն արձանագրել էր՝ «Քրեականացման օբյեկտիվ հիմքը, այն է՝ որոշակի սահմանադրական արժեքների քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտության գնահատականը, կարող է լինել փոփոխական: …Սահմանադրական դատարանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ժողովրդավարական հասարակության մեջ կարծիքի արտահայտման ազատությունը չի պաշտպանում անձի արժանապատվությունը նսեմացնելու նպատակ հետապնդող անվայելուչ, անպարկեշտ խոսքը, ինչպես նաեւ անձի հանդեպ բացահայտ անպարկեշտ՝ հասարակության մեջ ընդունված բարոյական նորմերին հակասող վարքագիծը եւ անձի մարդկային արժանապատվությունը նսեմացնելուն նպատակադրված այլ ձեւերը»։ Ըստ ՍԴ-ի՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը քաղաքացիական պատասխանատվություն է նախատեսում վիրավորանքի եւ զրպարտության համար, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում ծանր վիրավորանքի համար, որը կարող է իրականացվել հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու միջոցով՝ դրսեւորվելով ինչպես խոսքի (պատկեր, ձայն եւ այլ հրապարակային արտահայտություն), այնպես էլ այլ վարքագծի միջոցով: Այսինքն, պատասխանատվության տեսակները տարբերակվում են նաեւ առաջացրած իրավական հետեւանքների տեսանկյունից»: Սահմանադրական դատարանը քննարկել էր լրագրողական գործունեություն իրականացնող անձանց եւս հատուկ պաշտպանություն վերապահելու իրավաչափության հարցը: Դատարանը փաստել էր. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածն իր նպատակով տարբերվում է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի հետապնդած նպատակից, մասնավորապես, եթե առաջին դեպքում օրենսդիրը նպատակ է հետապնդում մասնավոր իրավահարաբերությունների շրջանակներում ապահովել անձի խախտված իրավունքների վերականգնման իրավական հնարավորությունը եւ ստանալ ոչ նյութական վնասի հատուցում, ապա երկրորդ դեպքում օրենսդրի խնդիրն է կանխել իրավունքների հնարավոր ցանկացած խախտում, իսկ խախտման դեպքում հանրային իրավահարաբերությունների շրջանակներում պաշտպանել դրանք:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Հիշեցնեմ, որ 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով վիրավորանքը սահմանված էր որպես հանցագործություն (136-րդ հոդված): Վիրավորանքի՝ որպես հանցակազմի օբյեկտիվ կողմի տարր համարվող արարքը սահմանված էր որպես «ուրիշի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձեւով ստորացնելուն» ուղղված գործողություն: ՀՕ-98-Ն օրենքով վիրավորանքը որպես հանցակազմ ապաքրեականացվեց եւ 2010 թ. մայիսի 18-ից ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը դադարեց գործել: ՀՀ քրեական օրենսգիրքը ԱԺ կողմից ընդունվել է 2003 թ. ապրիլի 18-ին եւ ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ից: Սույն հոդվածն օրենսգրքում լրացվել է ԱԺ կողմից 2021թ. հուլիսի 30-ին ընդունված ՀՕ-323-Ն օրենքով, որը Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2021 թ. օգոստոսի 20-ին եւ ուժի մեջ մտել՝ նույն թվականի օգոստոսի 30-ին։ Այդ օրենքով 137.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը ներառվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված «Տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերի» շրջանակում:

«Առավոտ» օրաթերթ
06.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031