Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրճի մշակույթը հայկական հետագիծ ունի

Մայիս 07,2022 13:00

Հովհաննես Թումանյանի թանգարանում ապրիլի 15-ից գործում է լայնածավալ ցուցահանդես՝ «Սուրճի մշակույթի հայկական հետագիծը» նախագծի շրջանակում, որը կշարունակվի մինչեւ հունիսի 15-ը։

Հայերիս մոտ սուրճը վաղուց դադարել է լինել միայն ըմպելիք, իսկ սրճարանը՝ այդ ըմպելիքը խմելու վայր։ Այլ կերպ ասած՝ սուրճը մեզ համար դարձել է ապրելակերպի անբաժան մաս։ Ի դեպ, այն աշխարհում նավթից եւ ջրից հետո ամենապահանջվածն է։ Առաջին հայացքից հարց է առաջանում. հայերս ի՞նչ կապ ունենք այդ բնամթերքի հետ, եթե ոչ միայն որպես սպառող։ Պարզվում է՝ այս հարցը շուրջ տասը տարի հետազոտվել է, առաջ բերել պատմական փաստարկներ, որոնց մասին անգամ համաշխարհային սրճային կազմակերպությունները տեղյակ չեն, որ փոքր երկիր Հայաստանը դարեր առաջ մեծ ներդրում է ունեցել սուրճի մշակույթի տարածման եւ հանրահռչակման գործում։

Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը։ Հետո էլ մանրամասնեց. «Հարցին անդրադարձել են ամերիկյան եւ եվրոպական աղբյուրները, որոնք փաստում են, թե դեռեւս 17-րդ դարում հայ վաճառականների կողմից սուրճը բավականին ճանաչելի էր, որը նրանք գնում ու վաճառում էին տարբեր երկրներում։ Օրինակ՝ Օսմանյան կայսրության հայտնի վաճառականները հայերն էին, որոնց գիտելիքները թույլ էին տալիս առեւտուր ծավալել Լեւանտի առեւտրական կենտրոնի հետ։ Նրանք սուրճ էին ներմուծում եւ արտահանում Եվրոպա, ինչի շնորհիվ Օքսֆորդի, Լոնդոնի, Մարսելի, Փարիզի, Վիեննայի, Պրահայի տեղաբնակներին հայ վաճառականները կարողացան ծանոթացնել նոր մշակույթի հետ, բացելով սուրճի տներ՝ սրճարաններ։ Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ Օսմանյան եւ Պարսկական կայսրություններում հայերը մեծ դեր են ունեցել այս բնամթերքի պատրաստման եւ հյուրասիրության մեջ»։ Հետաքրքրությանը, թե պատմական այդ իրողությունների հավաքագրումը, նախագծի գաղափարը եւ իրականացնելը ի՞ր մտահղացումն է, տիկին Եղիազարյանը պատասխանեց, որ այն թանգարանագետ Տաթեւ Սարոյանինն է. «Տաթեւը մեզ տեղեկացրեց, որ 1915թ. Էջմիածնում գործունեություն ծավալած Հովհաննես Թումանյանը, որը ժամանակ չէր գտնում սնվելու համար, իր քաղցը լրացնում էր սուրճով, ընդ որում՝ այն մշտապես վայելում էր կոնյակով։ Կարծիք կա, թե սուրճի մշակույթը Հայաստան են բերել հայրենադարձները՝ 1945-46թթ., բայց դա այդպես չէ։ Երեւանում դեռեւս 1910-20թթ. գործել են 20-ից ավելի սրճարաններ»։

Ծանոթանալով ցուցահանդեսին, փաստում ենք, որ ուշագրավ է նաեւ հայ մեծերի՝ նկարիչների, գրողների, երաժիշտների, գիտնականների, այդ թվում՝ Կոմիտաս, Մարտիրոս Սարյան, Երվանդ Քոչար, Ավետիք Իսահակյան, Վիլյամ Սարոյան, Հրաչյա Աճառյան, Պարույր Սեւակ, Հրանտ Մաթեւոսյան, Շիրազ, Չարենց, Դեմիրճյան, Համո Սահյան, Աղբալյան, Շանթ, Օլգա Գուլազյան, Սիլվա Կապուտիկյան եւ մյուսների սերն ու պատմությունները՝ կապված այս ըմպելիքի հետ։

Զրույցի ընթացքում պարզեցինք, որ ըստ էության նախագիծը մեկնարկել է անցյալ տարվա հունիսից, Թումանյանի թանգարանն էլ դարձել է յուրատեսակ հարթակ՝ խոսելու սուրճի, դրա պատմության, կիրառման, համի ու բույրի ուսումնասիրման, կերպարվեստում, կինոյում, երաժշտարվեստում եւ հայ մեծերի կենցաղում սուրճի կարեւորության ու նրանց բացառիկ բաղադրատոմսերի մասին։ Նման հավաքները կազմակերպվում են յուրաքանչյուր ուրբաթ երեկոյան։ Անի Եղիազարյանը նշեց, որ նախագիծը կամփոփվի գիտահանրամատչելի պատկերագրքի հրատարակմամբ՝ 2023թ.։


«Արեւմտյան Հայաստանում արհեստների տարբեր ճյուղերի կողքին եղել է սրճարանատերերի արհեստը։ Վերջիններս ունեցել են սուրճ բովելու, աղալու կենտրոններ եւ սրճարաններ ինչպես հայկական խոշոր քաղաքներում, այնպես էլ հունաբնակ Զմյուռնիայում։ Գրքում կներկայացվի եղեռնից հետո գաղթական հայերի նախնիների զբաղմունքի պահպանումը աշխարհի տարբեր երկրներում, քանի որ պատահական չէ, որ առայսօր տարբեր երկրներում (ԱՄՆ, Եգիպտոս, եվրոպական երկրներ) հանդիպող հայկական սրճարանները կամ սուրճի տները վաղեմի պատմություն ունեն։ Արխիվային նյութերի եւ լուսանկարների օգնությամբ էլ գրքում կներկայացվեն Արեւելյան Հայաստանում սրճարանային քաղաքներ համարվող Երեւանի ու Ալեքսանդրապոլի սրճարանների մասին տեղեկություններ մինչեւ 1960-ականները… Ընդ որում, սուրճի մշակույթին վերաբերող տեղեկությունները եւ ծագած հարցերի պատասխանները փնտրել եւ գտել ենք ոչ միայն հայկական աղբյուրներում, այլեւ աշխարհի գիտնականների ուսումնասիրություններում, տարբեր գիտական կազմակերպությունների արխիվներում եւ, իհարկե, հայաստանյան թանգարանների պահոցներում»,- ասաց մեր զրուցակիցը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031