Արքմենիկ Նիկողոսյանը` նորատիպ գրքերի մասին
Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի առիթով գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը 2 գիրք է հրատարակության պատրաստել: «Առավոտի» հետ զրույցում նա հայտնեց, որ առաջինը բանաստեղծի «Գիրք ճանապարհի» ժողովածուի 1933թ. առաջին տարբերակի վերահրատարակությունն է, որը ժամանակին այրվեց, կալանվեց եւ արգելափակվեց, եւ հետագայում փոփոխություններից հետո հրատարակվեց, իսկ երկրորդը իր հեղինակած «Չարենց. երեք ուսումնասիրությունն» է: Գրքերը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։
Արքմենիկ Նիկողոսյանը հայտնեց, որ մայիսի 7-ին էլ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում «Չարենցին՝ Չարենցինը» միջոցառման ժամանակ իրականացվելիք գրքերի շնորհանդեսին հանդես կգա նաեւ փոքրիկ դասախոսությամբ՝ նվիրված «Գիրք ճանապարհի» ժողովածուին:
Գրականագետն ասաց, որ «Գիրք ճանապարհին» ընթերցողներին ծանոթ է հենց եղած տարբերակով: Նրա խոսքով. «Եթե գլոբալ նայում ես արժեքաբանական, բանաստեղծությունների արժեքի տեսանկյունից, ըստ էության շատ բան չի փոխվել, որովհետեւ առաջին հայացքից փոխվել է ընդամենը «Աքիլլես թե Պյերոն», «Յոթ խորհուրդն» է հանվել եւ Ալեքսանդր Մյասնիկյանին ձոնված քառյակներից մեկը: Բայց դրանք, թեկուզ հենց «Աքիլլես թե Պյերոն» այնքան մեծ են, որ դրա փոխարեն գրքում ներառված «Արվեստ քերթության» եւ «Գիրք իմացության» բաժինները գալիս են փոխելու այդ գրքի նպատակը:
Կարդացեք նաև
Պատահական չէ, որ մոտ 90 տարի այդ գիրքը մեկնաբանվում է որպես մեր անցած պատմության, կյանքի ճանապարհի մասին գիրք, ինչն, իհարկե, եղած տարբերակի առումով ճիշտ է: Իրականում Չարենցը գիրքը մտահղացել եւ իրականացրել է որպես գիրք` պետականության, պետականության կառուցվածքների, ազգային, հոգեւոր, բարոյական նկարագրի եւ հասարակության, ժողովրդի ու առաջնորդների վարքականոնի մասին: Գիրքը վերահրատարակելու մտահղացումը վաղուց կար: Գլխավոր նպատակս այն էր, որ Չարենցի ուղերձները պետականության եւ պետականության կառուցման մասին մեր ժողովրդին ավելի մերձ լինեն, ու ոչ միայն ժողովրդին, այլեւ հատկապես այն մարդկանց, որոնք կանգնած են պետության կառավարման դիրքերում, մարդիկ, որոնք պայքարում են իշխանության համար, որպեսզի պետություն կառավարեն: Չարենցը կառուցել է մի հզոր կոնցեպտ, որը օգտակար կլինի բոլորիս համար: Եվ հատկապես մեր օրերում, երբ անընդհատ խոսվում է մեր պետականության առջեւ ծառացած վտանգների, ինքնության ու պետականության կորստի մասին, Չարենցի այս ժողովածուի նորովի ընթերցումն ու ընկալումը շատ բան կփոխի մեր գիտակցության մեջ»:
«Գիրք ճանապարհի»-ի՝ 1933 թվականի առաջին հրատարակությունը իր կառուցվածքային եւ բովանդակային պարագրկումներով, ծածկագրերով ու ենթատեքստերով, այլազան հարցադրումներով հանդերձ, ըստ էության, նախեւառաջ արտացոլում է հայոց ազգային պետականության չարենցյան տեսլականը: Հետագա տասնամյակներում Չարենցի երկերի հրատարակություններում «Գիրք ճանապարհի»-ի առաջին հրատարակության արգելված էջերը վերականգնվեցին, վերլուծվեցին եւ, բնականաբար, քաջածանոթ են ընթերցողին: Սակայն «Գիրք ճանապարհին» իր նախնական ու, ըստ էության, իրակա՛ն կառուցվածքով ու հետեւաբար ասելիքով՝ մնաց անծանոթ: 1934-ի հրատարակությանը հավելված գործերը, իրենց մեծ գեղարվեստական արժեքով հանդերձ, մշտապես խանգարել են Չարենցի բո՛ւն ասելիքի ընկալմանը»,-կարծում է գրականագետը:
Դառնալով իր` «Չարենց. երեք ուսումնասիրություն» գրքին, Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, որ եթե Չարենցի հոբելյանը չլիներ, գուցե չշտապեր այդ ժողովածուն հրատարակել, բայց ամեն դեպքում ցանկացել է իր տուրքը տալ: Փոքրիկ ժողովածուն` երեք ուսումնասիրություններով, կառուցված է չարենցյան «Երեք երգ տխրադալուկ աղջկան»-ի ոճով: Գրականագետն այն բնորոշում է որպես օգնող գիրք` Չարենցի «Գիրք ճանապարհի»-ի ուղերձները ճիշտ ընկալելու համար, իսկ դրանցից ամենակարեւորը, ըստ նրա, հենց պետականությունը չկորցնելն է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.05.2022