Լենա Սարգսյանը՝ Ռուսաստանում իր առաջին քայլերի, բեմի հետ առանձնահատուկ հարաբերությունների ու բալետի մասին
– Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել բալետով:
– Բալետով սկսել եմ զբաղվել մանկուց, մինչ դեռ ընկերուհիներս դրսում խաղում էին, իրենց խաղալիքների համար գույնզգույն հագուստներ ընտրում, սիրահարվում` իրենց մանկապարտեզի ընկերներին, այդ ընթացքում ես փորձում էի առաջին քայլերս անել բալետում: Անշուշտ բարդ էր առաջին քայլերս, որովհետեւ տանել չէի կարողանում բալետը ու պատճառը՝ ոտքերիս ցավն էր, հետո երբ սիրահարվեցի բալետին, ոչ միայն ոտքերիս, այլեւ զգացածս բոլոր ցավերը մնացին անցյալում: Հաճախ, երբ մենակ էի մնում, սկսում էի մորս հանդեպ չարություն զգալ, որովհետեւ հենց ինքն էր ինձ ծանոթացրել բալետի աշխարհի հետ (ծիծաղում է- Է. Մ.), իսկ այդ աշխարհում այնքան բարդություններ կային փոքր աղջկա համար: Բացի այդ, կարծում եմ, որ եթե բալետի հետ ծանոթանայի իմ հայրենիքում, այսինքն` Հայաստանում, գուցե ապրումներս ավելի թեթեւ լինեին, բայց քանի որ Ռուսաստանում եմ առաջին քայլերս արել, բարդությունները սկզբնական շրջանում ավելի շատ էին, հետո արդեն անհետացան, ասես` չէին էլ եղել:
– Ինչի՞ց հետո սիրահարվեցիք բալետին, ի՞նչը ստիպեց վատ պատկերացումներից հասնել սիրահարվածության:
– Գեղեցկությունը…
Բալետում գեղեցկությունը շատ է, վայելքներն են շատ, գեղեցիկ ակնթարթները, դժվար թվացող, բայց հաղթահարելի շարժումները: Բալետի միջոցով ես ինքս ինձ գտա: Հասկացա` ինչի եմ ընդունակ եւ ինչի` ոչ:
Կարծում եմ` ոչ միայն բալետում, այլեւ ամենուր, երբ բարդությունների վրա ես կենտրոնանում, գեղեցիկ ակնթարթները բաց ես թողնում: Բալետը ինձ սովորեցրեց բարդության մեջ էլ գտնել գեղեցիկը եւ որ ամենակարեւորն է` իմաստը այդ բարդության, եւ թե այդ բարդության հաղթահարումը ինձ ո՞ւր կարող է տանել:
– Բեմի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունե՞ք, թե՞ դա պարզապես աշխատանքային տարածք է:
– Կարծո՞ւմ եք հնարավոր է՝ գտնվել բեմի վրա եւ բեմը ընկալել որպես աշխատանքային տարածք: Վստահ եմ, որ ոչ: Գուցե տարօրինակ թվա, բայց ինձ համար բեմը ուժեղ էներգիա ունի, ամենեւին էական չէ, դու պարուհի ես, դերասան, թե բեմ ես բարձրացել հատակը մաքրելու համար, երբ բարձրանում ես բեմ, անպայման ուժեղ էներգիա ես զգում, գուցե դա է պատճառը, որ բեմ բարձրանալուց առաջ բոլորը լարվածություն են զգում եւ հետո երբ մտերմանում են բեմի հետ, լարվածությունը անհետանում է կամ աննշան հետքեր են մնում:
– Կարծում եք` բալետում հնարավո՞ր է, արդյոք, տաղանդով ծածկել ֆիզիկական թերությունները:
– Իհարկե: Տաղանդը ինքն իրենով փայլ է: Երբ փայլում ես` չեն նկատում քո ֆիզիկական թերությունները: Անշուշտ կգտնվեն պրոֆեսիոնալներ, ովքեր քո ֆիզիկական թերություններին գուցե մի տեսակ նայեն, բայց դա կոտրվելու առիթ չէ, կարծում եմ՝ նույնիսկ մարտահրավեր է: Կհաղթես, թե կկոտրվես՝ քեզնից է կախված:
– Ձեր մասնագիտության մեջ կարծրատիպերը շատ են: Ըստ ձեզ, ո՞րն է ամենատարածված կարծրատիպը եւ արդյո՞ք համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ:
– Երեւի թե ամենատարածված կարծրատիպը, որ բալետի պարուհիները սովամահ են լինում, իրենց ցածր քաշը պահելու համար, բայց իմ փորձով կարող եմ ասել, որ պարուհիների մեծ մասը պարզապես առողջ սննդակարգ ունեն, իսկ շատերի մոտ իշխում է նիհար լինելու գենետիկ առանձնահատկությունը: Սա այն կարծրատիպն է, որը մասամբ է իրականություն: Հաջորդ կարծրատիպը` ոտքերի հետ կապված է: Անշուշտ բալերինայի ոտքերը տարբերվում են եւ դա ակնհայտ է:
– Իսկ ինքներդ ի՞նչ կարծրատիպեր եք կոտրել բալետում:
– Երեւի թե հենց սովամահ լինելու կարծրատիպը: Փոքր ժամանակ նիհար երեխա չէի, եւ երբ առաջին անգամ բալետի գնացի, իմ եւ մյուս աղջիկների կազմվածքների տարբերությունը միանգամից նկատեցի: Մայրս, իհարկե, ինձ ոչինչ չէր ասում, բայց սննդակարգիս մեջ փոփոխություններն ակնհայտ էին, որովհետեւ մինչ բալետը ուտում էի քաղցրավենիք այնքան, ինչքան ուզում էի, բալետից հետո քաղցրավենիքը սահմանափակ քանակությամբ էր, կարելի է ասել, որ սա եւս մեկ պատճառ էր, թե ինչու չէի սիրում բալետը սկզբից: Հետո արդեն տարիների ընթացքում, երբ մեծացա եւ ինքս էի որոշում ուտել քաղցր, թե ոչ, արդեն սովորություն էր դարձել չափաբաժնով ուտելը, եւ առողջ սնունդը անշուշտ գերակա էր իմ սննդակարգում:
– Երբեւէ եղե՞լ է, որ չցանկանաք բեմ դուրս գալ:
– Իհարկե: Չեմ ցանկացել, որովհետեւ կարծել եմ, թե չեմ կարող անել ինչ-որ շարժում, չեմ ցանկացել, որովհետեւ մտածել եմ կհիասթափեցնեմ հանդիսատեսին, կարծել եմ, թե ուժերիցս վեր է, կամ էլ, որ դեռ պատրաստ չեմ, բայց հետո շունչ եմ քաշել եւ վազել բեմ, ամեն անգամ, երբ լարվում էի, պատկերացնում էի, թե սա զուտ փորձ է եւ ինձ ոչ ոք չի նայում: Հետո մարտավարությունս փոխեցի, եւ լարված ժամանակ ոչ թե պատկերացնում էի, որ ոչ ոք չկա, այլ ինչ լավ է, որ այսքան մարդ կա եւ բոլորը պետք է տեսնեն իմ ունակությունները:
– Ինչի՞ց կհրաժարվեք հանուն բալետի:
– Գեղեցիկ ոտքերից…
– Եվ վերջում, կնկարագրե՞ք բալետը մեկ բառով:
– Սեր:
Զրուցեց Էլեն ՄԻՐԶՈՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
06.05.2022