Մայիսի 6-ին «Ազատ Սիսիանցիներ» ֆեյսբուքյան էջը տեղեկություն էր տարածել, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Սիսիանի համայնքապետարանում են, եւ կան բերման ենթարկվածներ։ Ըստ մեր աղբյուրների` բերման են ենթարկվել քաղաքաշինության եւ տնտեսության ոլորտը համակարգող եւ կազմակերպման բաժինների պետերը, նաեւ համայնքապետարանի իրավախորհրդատուն։ Վերջին երկուսը կանայք են, նրանք ազատ են արձակվել։
Aravot.am-ի տեղեկություններով՝ Սիսիանի համայնքապետարանի պաշտոնյանները բերման են ենթարկվել հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մի գործի շրջանակներում, որը կապված է համայնքի տարածքում հայտարարված մրցույթների հետ։
Ըստ Սիսիանում շրջանառվող լուրերի՝ բերման ենթարկված քաղաքաշինության եւ տնտեսության ոլորտը համակարգող բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանը այս տարվա աշնանը կայանալիք Սիսիանի ավագանու համամասնական ընտրություններում գլխավորելու է ընդդիմության միասնական ցուցակը։
Հիշեցնենք, որ Սիսիանի նախկին համայնքապետը Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն էր։ Սիսիան համայնքի ղեկավարի ներկայիս պաշտոնակատարն էլ Արմեն Հակոբջանյանն է, որը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի բարեկամն է։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ