«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանին, որը դիմադրության շարժման մասնակիցներից է, ձերբակալել են եւ պատրաստվում են մեղադրանք առաջադրել։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գայանե Պապոյանը։
«Մեղադրանքը փողոցը չթույլատրված մասով անցնելու համար է, բնականոն երթեւեկությունը խաթարել է։ Խուլիգանություն են դիտարկում։ Պատրաստվում են կալանքի միջնորդություն ներկայացնել։ Մենք, բնականաբար, բողոքարկելու ենք»,-ասաց Պապոյանը։
Նրա վստահեցմամբ՝ Երեւան քաղաքի քննչական վարչությունում պարզել են, որ Մանուկյանին ձերբակալել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոննիսյանի դիմումի հիման վրա։
Մանուել Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում մի քանի տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է դիմադրության շարժման ժամանակ ԵՊԲՀ –ի մոտակայքում փողոց փակում։
Կարդացեք նաև
Փաստաբան Գայանե Պապոյանը դեպքի վերաբերյալ ֆեյսբուքում գրառում է կատարել․«Բերման ենթարկելիս վնասվածք են հասցրել Մ. Մանուկյանի ձեռքին։ Ըստ բժշկի նախնական գնահատման՝ հնարավոր է կոտրվածք»:
Դանիել Իոաննիսյանն Aravot.am –ի հետ զրույցում, արձագանքելով դեպքին եւ իրավապահներին տված իր դիմումին, ասաց․«Մեր գնահատականն այն է, որ տվյալ անձի գործողություններում առերեւույթ խուլիգանական հատկանիշներ առկա եղել են»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ