Հայաստանի կինոգործիչների միության «Ազգային Սինեմատեք» կինոթանգարանում Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ), «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Հայաստանի կինոգործիչների միության միջեւ պայմանագիր վավերացվեց: Արարողությանը ներկա էր նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:
Այս կազմակերպությունների, ինչպես նաև «Գյոթե ինստիտուտի» համագործակցության արդյունքում հնարավոր է դարձել Կինոյի տան մեծ դահլիճը վերազինել ժամանակակից կինոցուցադրման տեխնիկայով: Պայմանագրի ստորագրման արարողությունից հետո գործարկվեց Կինոյի տան նորացված մեծ դահլիճը եւ որպես առաջին ցուցադրություն ներկաները դիտեցին Թերենս Մալիկի «Թաքնված կյանք» ֆիլմը:
«Ուրախ եմ լինել այստեղ եւ հանդիպել բոլորիդ: Մի անգամ այստեղ հրաշալի մի օր ենք անցկացրել, այդ օրը մի քիչ շատ կոնյակ եմ խմել, ստորագրությունս եմ թողել Բուխարու սրահի հայտնի պատի վրա, ինչի համար շատ շնորհակալ եմ… Շատ տպավորված եմ այս տեղանքով, եւ այն հնարավորություններով, որ ընձեռում է այն»,-ասաց ԵՄ դեսպանը: Նա նաեւ հույս հայտնեց, որ Հայաստանի կինոգործիչների միության «Ազգային Սինեմատեք» կինոթանգարանը կդառնա Երեւանի մարգարիտներից մեկը: Անդրեա Վիկտորինը, խոսելով Կինոմիության դահլիճի վերազինման մասին, հավելեց, որ ինքը տեխնիկական մանրամասներին ծանոթ չէ, բայց վստահ է, որ այն ամենաշատն ունի դրա կարիքը:
«Այս շրջանում այս քաղաքում այնքան շատ բացասական զգացողություններ են շրջանառվում, այդ ամենն ուղղված է անցյալին, իսկ մենք պետք է առաջ նայենք՝ ապագային: Մենք վստահ ենք, որ մշակույթն այն ճիշտ ոլորտն է, որը կարող է եւ ունի այդ հնարավորությունը՝ զարգացնելու եւ կերտելու ազգային ինքությունը՝ դրական ուղղվածություն տալով: Եվրոպական Միությունը շատ կարեւորում է ստեղծարար տեխնոլոգիաները եւ ստեղծարար բիզնեսի ներդրումը: Վստահ եմ, որ այս հրաշալի վայրի հրաշալի նորոգումից հետո այն թույլ տա եւս մեկ մղում փոխանցել մշակութային տուրիզմի զարգացմանը Հայաստանում»,-ասաց ԵՄ դեսպանը:
Կարդացեք նաև
«Մենք արդեն ձեր նվերը սկսել ենք բաժանել Հայաստանում եղած բոլոր կինեմատոգրաֆիստներին: Մենք հնարավորություն ենք տալիս այստեղ անվճար անել իրենց փառատոների բացում-փակումը: Իսկ, օրինակ, իմ սիրելի ընկեր Արայիկ Մանուկյանը սկսել է դասերն աշակերտների հետ այս դահլիճներում»,-ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիրներից Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ