Լրահոս
Օրվա լրահոսը

«2018-ին ես ձեզ հետ միասին դուրս էի եկել փողոց՝ ավելի արդար Հայաստանի համար, ի՞նչ արեցին սրանք՝ այդ գաղափարը տվեցին պատերով, իրենց ոտքերը մաքրեցին դրա վրա». Սոս Հակոբյան

Մայիս 06,2022 20:55

Այսօր «Դիմադրության» շարժման հանրահավաքին «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը խոսքն ուղղեց այն մարդկանց, որոնք մերժում են Նիկոլ Փաշինյանին, բայց դեռեւս չեն միացել շարժմանը. «Գիտեմ, դուք ունեք մտահոգություններ, դուք կարող եք ունենալ դժգոհություններ, ասելիք: Մենք բոլորս ունենք, հազար ու մի հարց, որ մեզ տալիս ենք մեր երկրի ճակատագրի առումով՝ ասելով՝ բա հետո՞ ինչ»:

Նա ասաց, որ այս մտահոգությունները չպետք է դրդեն իրենց անգործության ու չպետք է պարալիզացնեն, որովհետեւ անգործության արդյունքը աղետն է, դրա արդյունքում հնարավորություն կտան Փաշինյանին կայացնել որոշումներ մեր փոխարեն՝ երկրի ապագայի վերաբերյալ: Ուստի, որպես հարցի լուծում՝ նա հորդորեց. «Արի՛ Ազատության հրապարակ, փորձիր համոզել պայքարող քո հայրենակիցներին, կա՛մ համոզվիր ինքդ: Մի՛ սպասիր, թե երբ գետը ափերից դուրս կգա ու կվարարի, եթե խնդիր ես տեսնում, շտկիր գետի հունը, խնդիրները վերածիր արդյունքի: Իսկ հիմա ուզում եմ դիմել 2018-ին արդար պահանջներով փողոց դուրս եկած մեր հայրենակիցներին: Ես ձեզ հետ միասին դուրս էի եկել փողոց՝ ավելի արդար Հայաստանի համար, ավելի լավ, ավելի զարգացող: Եթե հիշում էիք, մենք գաղափարի համար էինք պայքարում, ի՞նչ արեցին սրանք՝ այդ գաղափարը կոտրեցին, տվեցին պատերով, իրենց ոտքերը մաքրեցին այդ գաղափարի վրա: Մենք պայքարում էինք ավելի լավ Հայաստանի համար, այսօր խնդիր ունենք այդ Հայաստանի գոյության: Եթե դուք հավատարիմ եք այդ արժեքներին, եթե էլի ուզում եք ավելի լավ Հայաստան, եկեք այստեղ: Հետո իրար հետ նորից գնալու ենք ավելի լավ Հայաստանի հետեւից, միասին՝ հանուն մեր գաղափարի»:

Սոս Հակոբյանը հայտարարեց, որ Փաշինյանը Հայաստանը չէ, ուստի հորդորեց հավաքվածներին ասել՝ «Հայաստանը ես եմ, Հայաստանը դու ես»: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի իշխանության օրոք ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունների գլխավոր կարգախոսն էր դա՝ «Հայաստանը դու ես», որը այն ժամանակ քննադատվեց ու դարձավ քննարկումների առարկա, առ այն, թե Հայաստանը, ասես, այնքան վատ բան լինի, որ իրար վրա գցեն: Հիմա այն կրկին արդիական կարգախոս է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031