Լրահոս
Օրվա լրահոսը

«2018-ին փողոց եմ փակել, ես խաբվել եմ…Նիկո՛լ, լավ լսիր, դու մեր լուսավոր տղերքին զոհել ես, եւ դրա համար պիտի գնա՛ս». Կանադայից Հայաստան եկած ցուցարարը դիմեց Փաշինյանին

Մայիս 06,2022 20:33

Այսօր «Դիմադրության» շարժման հանրահավաքին Կանադայից հայրենադարձված ֆինանսիստ Կարեն Մկրտչյանը ելույթ ունեցավ: Նա պատմեց, որ 6 տարի առաջ է տեղափոխվել Հայաստան ընտանիքով՝ ապրելու ու արարելու հայրենիքում, որպեսզի երեխաները հայեցի կրթություն ստանան, ապրեն անվտանգ Հայաստանում, հպարտ լինեն իրենց կրթությամբ, մշակույթով, բայց այսօր այդ ամենը վտանգի տակ է. «Ես քաղաքական գործիչ չեմ, սակայն կարծում եմ, որ ամեն հայի քաղաքացիական պարտավորությունն է, ամեն գիտակից, հանձնառու հայի պարտավորությունն է, որ երբ երկիրը օրհասական վիճակի մեջ է, բոլորս անխտիր պիտի արտահայտենք մեր կարծիքը ու պիտի կեցվածք որդեգրենք»:

Նա պատմեց, թե ինչ է կատարվել այսօր անհնազանդության գործողությունների ժամանակ. «Այսօր ես երթերից մեկին էի մասնակցում իմ 77 տարեկան մոր հետ, որը եկել է Բեյրութից: Նա հայոց գրականության դասախոս է, ուսուցիչ է, իր ամբողջ կյանքը նվիրել է սփյուռքում երիտասարդությանը կրթելու, հայեցի դաստիարակությանը: Այսօր ցույցերի ընթացքին այստեղ էր ու մեծ ուրախությամբ մասնակցում էր, որովհետեւ գիտի, որ բոլորս միասին պիտի կերտենք արշալույսը Հայաստանի: Փորձում է մորս ուղղորդել ոստիկաններից հեռու, բայց, լինելով հայրենասեր, ասում էր՝ չէ, ես պիտի կանգնեմ առաջին գիծ: Երբ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ պետք է նստենք, ես ու ինքը նստեցինք: Բերետավորները մեր կողքին էին, բայց նա չէր վախենում՝ 77-ամյա հայ կինը չէր վախենում: Իսկ երբ կարմիր բերետավորները սկսեցին հարձակվել, ինձ վայրագաբար բերման ենթարկեցին: Այդ կնոջ համառությունը այդ տարիքին նստելու ասֆալտի վրա եւ պայքարելու իր հայրենիքի բարօրության եւ արդար պետության կերտման համար անհաղթահարելի է: Իր նստելը, համառորեն տեղից չշարժվելը արտացոլումն է հայ մարդու կամքին, այն կամքը, որը կերտված է պողպատե, քարե ու որը պիտի կազմի մեր հաղթանակի գրավականը, որովհետեւ հայ ժողովուրդը իր հավաքական կամքը պիտի արտահայտի՝ ունենալու անվտանգ Արցախ ու Հայաստան, համերաշխ ու միավորված հայություն՝ աշխարհով մեկ: Մենք պիտի կերտենք նոր որակի, արդար եւ ուժեղ պետություն: Այս մեր հավաքն ու պայքարը այլեւս անցել է Նիկոլից անդին: Նիկոլը էական չէ այսուհետ մեր համար, որովհետեւ մեր պետականությունը կերտելու հարցն է այլեւս: Նիկոլը չկա այլեւս, չի լինելու»:

Նա դիմեց Փաշինյանին՝ հիշեցնելով, որ նրա հետ մասնակցել է հեղափոխությանը. «2018-ին ես խաբվել եմ, ես մասնակցել եմ հեղափոխության ցույցերին, փակել եմ փողոցներ, սակայն խաբվել եմ: Նիկոլի էությունը կեղծիք է, Նիկո՛լ, միայն դրա համար պիտի գնաս դու: Նիկո՛լ, դու Հայաստանը եւ Արցախը չես պաշտպանում, չես կարողանում պաշտպանել, թե չես ցանկանում, դա քո խնդիրն է: Դու մեզ բոլորիս պառակտել ես, մեր միավորված ազգը պառակտել ես: Մենք մեկ ազգ ենք ու մեր մարտահրավերներն այսօր այնքան մեծ են, որ մենք չենք կարող միավորված չլինել: Որեւէ նոր ղեկավարություն, որը գա, ստիպված է այս երկիրը դարձնել ուժեղ, պետք է պայքարի կոռուպցիայի, հովանավորչության դեմ, նախկին բոլոր արատները պիտի մի կողմ դնի, որովհետեւ պարտավորված ենք վերապրել այս տարածաշրջանում: Կասկած չունենաք, Նիկոլից հետո ով էլ գա, մենք ենք պարտավորեցնելու, որ իրենք լինեն արդար, մաքուր եւ ուժեղ պետություն ստեղծեն: Նիկո՛լ, լավ լսիր, դու մեր լուսավոր տղերքին զոհել ես, եւ դրա համար պիտի գնա՛ս:

Նա ասաց, որ որոշել է շարժման կողքին կանգնել, որովհետեւ այս շարժումը ժողովրդական է այլեւս: Նա կոչ արեց բոլորին գալ հրապարակ ու եթե չեն ուզում որեւէ մեկի կողքը կանգնել, կարող են գալ ու միայնակ կանգնել: Նա ելույթը եզրափակեց մեր էպոսից մեջբերումով՝

«Ով քնած է, արթուն կացեք,

ով արթուն է, ելեք կեցեք,

Ով կեցել է, զենք կապեցեք

Զենք եք կապել, ձի թամբեցեք

Ձի թամբել եք, ելեք հեծեք

Հետո չասեք, թե մենք քնած՝

Դավիթ գող-գող եկավ,

Գող-գող գնաց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031