ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև դեսպանի՝ մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն ու կրթական և համալսարանական հարցերով կցորդ Սելին Գերենը:
Հանդիպմանը քննարկվել են հայ-ֆրանսիական օրակարգի մի շարք հարցեր, որոնց թվում՝ սույն թվականի մարտին Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հայ-ֆրանսիական համագործակցության վերաբերյալ համաժողովի շրջանակում կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ։
Այդ համատեքստում ֆրանսիական կողմը ներկայացրել է Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի ստեղծումը, որի գործունեությունը Հայաստանում նոր որակ կհաղորդի կրթության և մշակույթի ոլորտներում Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցությանը։ Մեծապես ողջունելով այդ փաստը՝ նախարարի տեղակալը հայտնել է Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի գործունեության մեկնարկին ԿԳՄՍ նախարարության՝ լիարժեք աջակցելու պատրաստակամությունը։
Կարդացեք նաև
Շահագրգիռ քննարկում է ծավալվել նաև կրթության և մշակույթի ոլորտներում գործող պետական և ոչ պետական ֆրանկոֆոն կառույցների հետ տարվող աշխատանքների համակարգման շուրջ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով այդ կառույցների հետ շարունակական երկխոսությանը ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելու վերաբերյալ՝ պարբերական հանդիպումներ ենթադրող համակարգող խորհրդատվական խորհրդի տեսքով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն