Լրահոս
Օրվա լրահոսը

Հարց Վիլեն Գաբրիելյանին՝ նժարի մասին

Մայիս 06,2022 18:19

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի մայիսի 5-ի գրառումը մեջբերում եմ հատվածական՝ ոչ դրա իմաստն աղճատելու միտումով, այլ որովհետեւ առանձին ձեւակերպումներին հարկ է անդրադառնալ ըստ էության։ Այսպես․

Վիլեն Գաբրիելյան-«Առաջին երևույթը. մարդուն, որին չես ընդունում, կամ չես սիրում «թուրք» անվանել որպես վիրավորանք օգտագործելը: Իմ կարծիքով սա հոգեբանական խնդիր է, որը կոչվում է «ցեղասպանված ազգի սինդրոմ», և որը ձևավորվում և արտահայտվում է իրականում ոչ թե վշտի, կամ ցասումի, կամ կամքի, կամ էլ այլ նմանատիպ զգացմունքների պատճառով, այլ բացառապես վախի հիման վրա: Իսկ ես վախը համարում եմ շատ առանցքային զգացմունք, որի հիման վրա մարդը կարող է ձևավորել և ճիշտ ուղղորդել իր ներուժը, եթե, իհարկե, գիտակցում է այդ զգացմունքի իրական էությունը և կարևորությունը»։

Հեղինակ-Ձեր այս պարբերությունը կարդալով՝ առաջինը կուզեի տեղեկացնել, որ թուրքն էլ թուրքին վիրավորելու համար «հայ» է ասում՝ «հայ շուն»։ Սա հայտնի եւ վճռորոշ պիտակ է Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ։

Հայաստանի անկախ հանրապետությունն իր բնույթով ուղղակի պարտավոր է լինել Թուրքիայից պաշտպանվող պետություն։ Սա չի նշանակում հակաթուրքական կամ թուրք ատող։ Պաշտպանվելու գլխավոր միջոցը պետություն եւ բանակ ունենալն է։ Մենք թուրքական ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն ենք եւ դա է առնվազն ենթագիտակցական մակարդակում մղում զգուշավորության՝ թուրք ազգի եւ պետության առաջ՝ հիմնավորված անվստահությամբ եւ անվտանգությունն առաջին պլան մղելու հրամայականով։

Մեր տարածաշրջանում ներուժը կարող է ուղղորդված լինել նվազագույնը վտանգի գիտակցմանը, առավելագույնը՝ ինքնապաշտպանությանը, պետության եւ ազգակիցների պաշտպանությանը։ Ընդ որում, եթե «նվազագույնը» չի գործում, օրինակ՝ խաղաղության մասին կեղծ քարոզի, ոչ բավարար կրթվածության կամ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի՝ հայերի, ՀՀ-ի, Արցախի եւ հայկականության հանդեպ տարվող քաղաքականության չիմացության պատճառով, ապա «առավելագույնը» վերածվում է խաղաղության աղավնու թեւից պոկված փետուրի։ Իսկ աղավնու արյունոտված մարմինն ընկնում է վերջին ողջ մնացած հայի գերեզմանաքարին։ Եթե իհարկե գերեզմանաքար մնում է։

Հետեւաբար, մեր տարածաշրջանում հայի համար «սինդրոմ» կարող են լինել բացառապես վտանգի գիտակցումն ու այդ գիտակցումից բխող պետական, անհատական ջանքերը՝ սկսած կրթությունից, վերջացրած զինծառայությամբ ու քաղպաշտպանության իմացությամբ։

Վիլեն Գաբրիելյան «Քաղաքական առումով սա ևս չեմ կարող ընկալել, քանզի ատել մի ամբողջ ազգ նշանակում է՝ դրսևորել էթնիկ զտման և ատելության էլեմենտներ: Այսինքն, այդպես արտահայտվելիս, ես ոչնչով չեմ տարբերվելու Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունից, որը Հայ ազգի հանդեպ մշակել և իրագործել է ցեղասպանություն:

Հեղինակ-Արդարացի կլիներ, եթե ինքնապաշտպանության անհրաժեշտ եւ հիմնավորված պահանջը չմատուցեիք «ատելության» անվան տակ, առավել եւս, երբ ձեր իշխանության գլուխը նման հարցադրում է անում՝ «ուզում եմ հարցնել Ադրբեջանին եւ Թուրքիային՝ իրենք ուզո՞ւմ են մեզ ոչնչացնել, ցեղասպանությունն ավարտին հասցնել, թե ոչ»․․․կամ, երբ ասում է, որ ՀՀ-ն երբեք չի վարել հայ դատի քաղաքականություն, կամ երբ անգամ չգիտի, թե ինչու, ինչպես եւ որտեղ է ձեւավորվել թուրք-հայկական թշնամանքը։ Բայց միաժամանակ կոչ է անում այն կառավարել, այն էլ մեզ՝ թուրքական թշնամանքից մինչեւ օրս տուժող ու սպանվող հայերիս։ Էլ չասած, որ Ուրուգվայում Ցեղասպանությունից փրկվածների ժառանգների վրա ծիծաղում է ինքը՝ Թուրքիայի ԱԳ նախարարը եւ ցույց տալիս «գորշ գայլերի» ժեստը։ Էլ չասած նաեւ, որ Ադրբեջանի նախագահը բացեիբաց հայտարարում է միլիարդավոր դոլարների նոր սպառազինություն ձեռք բերելու մասին, եւ թե հայերը չպետք է հինգ միլիոն դառնան։ Հայաստանի ղեկավարությունն այս ընթացքում շարունակում է նույն «խաղաղության աղավնուն», ոտքից պայմանագիր կապած, օդ թռցնել։

Բացի այդ, ի՞նչ է նշանակում «մշակել և իրագործել է ցեղասպանություն»։ Երբվանի՞ց է ձեր իշխանությունը շարունակական փաստի մասին, որի ամենամեծ ու «թարմ» օրինակը 2020թ․-ին էր, խոսում անցյալով։

Եվ վերջապես․ երբ ասում եք, որ «թուրք» անվանելիս ոչնչով չեք տարբերվի Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունից, որը հայ ազգի հանդեպ մշակել և իրագործել է ցեղասպանություն, արդյոք նկատի ունեք, որ մեկ ուրիշին «թուրք» անվանելը, եւ, ասենք, մի ամբողջ ազգի ցեղասպանելը, Շուշիի ջարդ կազմակերպելը, Բաքու, Սումգայիթ, Մարաղա իրագործելը նույն բա՞նն են, հա՞․․․

Վիլեն Գաբրիելյան «Եվ մարդկային առումով, սա ևս չեմ կարող հասկանալ, առավել ևս, որ տարիներ շարունակ, թեկուզ միջնորդավորված, բայց Թուրքիայի հետ ունեցել ենք հարաբերություններ և շփումներ, թե՛ անձնային, թե՛ տնտեսական, թե՛ այլ մակարդակներում»:

Հեղինակ-Պարոն Գաբրիելյան, զբոսաշրջության կամ առեւտրի նպատակով Թուրքիայում եղած հայերը կհաստատեն՝ թուրքի հետ մարդկային առումով շփումը հնարավոր է, քանի դեռ մեջտեղ չի բերվել Ցեղասպանության թեման։ Դեռ տասը օր չի անցել, որ Թուրքիայում առաջարկեցին հայ-թուրքական սահմանի անցակետն անվանափոխել Թալեաթի անունով, եւ դա նույն օրը դարձավ «Թվիթերի» թուրքական հատվածի թոփ երրորդ «հեշթեգը»։ Ինչը նշանակում է, որ նկատելի մեծ թվով թուրքեր բոլորովին այլ կերպ են պատկերացնում հայերի հետ հարաբերությունները եւ շփումները՝ թե անձնային, թե տնտեսական եւ թե այլ մակարդակներում։ Անհատական եւ որոշակի մակարդակների շփումները մեջբերելը, այսպիսով, բոլորովին տեղին չէ։ Իսկ ներդրումները մեր երկրում, որոնց որոշ շրջանակներ սպասում են, հարեւան զույգին չեն ձերբազատելու մեզ ոչնչացնելու վերջնանպատակից։ Ավելին՝ այդ ներդրումները գործիք են դառնալու։ Առավել եւս, որ Թուրքիան ցույց է տվել՝ ազգի, ինքնության, պետության ոչնչացումը միայն մորթելով չէ, որ հնարավոր է անել։ Օրինակը՝ Սիրիայի հյուսիսը։

Մի բան էլ՝ Էրդողանը դադարե՞լ է Էնվերի հոգին փառաբանել։ Եթե չունեք ապացույց, որ թուրքական պետությունը դադարեցրել է բոլոր մակարդակներում հայերին ատելու քարոզը, որ ընդունել է Հայոց ցեղասպանությունն ու այդ կերպ բացառել Ցեղասպանության կրկնությունը, ուրեմն՝ անհատական կամ տնտեսական կապերի մեջբերումը կամ «դրական ազդակների» վկայակոչումը ոչ այլ ինչ է, քան տնտեսական բարիդրացիությամբ փաթեթավորված իրականության ձեւախեղում, հայ հասարակության լայն զանգվածներին մոլորեցնելու քաղաքականություն։ Առավել եւս, որ հայ-թուրքական նոր գործընթացի առաջին ճաքերն արդեն երեւում են։

Վիլեն Գաբրիելյան «Այսինքն, եթե մեկը մեկին «թուրք» ա անվանում, ըստ իս նշանակում է թուրքի հետ կապված ցանկացած բան իր համար պետք է մերժելի լինի և սկզբունքորեն անընդունելի: Ուստի, այս առումով, դա նշանակում է, որ տասնամյակներ շարունակ բոլորս դրսևորել ենք անսկզբունքայնություն»:

Հեղինակ-Ճիշտ եք՝ «ըստ ձեզ»․․․

Վիլեն Գաբրիելյան «Ըստ այդմ, այսպես թե այնպես Հային որպես վիրավորանք «թուրք» անվանելը կեղծիք է, պաթոսի և վախի վրա հիմնված հոգեբանական հնարք, որի միջոցով փորձ է արվում արթնացնել զգացմունքներ: Իսկ երբ տրվում ես զգացմունքներիդ, առավել ևս, որի հիմքը նման մասշտաբի ոճրագործություն է ընկած, ապա սկսում է մթագնել քո գիտակցությունը: Իսկ երբ մթագնում է գիտակցությունդ, սկսում ես գործել սխալներ»։

Հեղինակ-«Թուրքը» քաղաքական, հավաքական հայության կողմից էթնիկ ինքնության գիտակցմամբ չակերտված եւ համարժեք գնահատական է։ Իսկ գիտակցությունը մթագնում է, կրկնեմ, գայլերի արանքում «խաղաղության աղավնի» օդ թռցնելուց։

Ասում եք՝ «վախ»․ ի՞նչ վախ։ 2020-ի սեպտեմբերին զինկոմիսարիատների առաջ հերթի կանգնածները մի՞թե վախով էին առաջնորդվում։ Կամ, իրեն ու թշնամուն նռնակով պայթեցնողները դա վախո՞վ են արել։ Մի քիչ էլ հետ գնանք․ Սումգայիթում մորթող ամբոխից սեփական տան դուռը զենքով ու եռման ջրով պաշտպանող հայը վախի՞ց էր դա անում, կամ, 1915-ին ժայռից նետվող հայ կանայք վախի՞ց էին դա անում։

Վիլեն Գաբրիելյան «Միևնույն է, մի օր դառնալու ենք ոչ թե քաղաքականացված, այլ քաղաքական ժողովուրդ»։

Հեղինակ-Երբ Նիկոլ Փաշինյանը խոստովանում էր, որ հնարավոր էր պատերազմը կանգնեցնել, եւ կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի, նա դա որպես քաղաքականացվա՞ծ ղեկավար էր ասում, թե քաղաքական։ Եվ, ի՞նչ է արել ձեր իշխանությունը, որ չորս տարում հայ հասարակությունը դառնար «քաղաքական ժողովուրդ»։

Եզրակացություն

Հեղինակ-Ձեր գրառման հիմքում չեք դրել այս թեմայի գուցե առանցքային հարցադրումը։ Ո՞վ եւ ո՞ւմ է «թուրք» անվանում։ Ոչ վաղ անցյալում հպարտ, իսկ հիմա՝ պարտված ու հուսազրկված հայը թուրք է անվանում սեփական երկրի ղեկավարին, նրա անիրատեսական խաղաղության քարոզի ազդեցության տակ մնացած հային։ Հայը փաստացի «թուրք» է անվանում այն հային, որը լեգիտիմացնում է Հայաստանի թրքացումը եւ կործանումը։ Հայը «թուրք» է անվանում այն հային, որը փորձում է առաջինը թուրքի պիտակ ամրացնել զոհվածի ծնողի եւ անվասայլակով փողոց փակած ազատամարտիկի ճակատին։

Սեփական հայրենակցին առանց ծանրակշիռ գիտակցման «թուրք» անվանելն է, որ դատապարտելի է։ Բայց դատապարտել քարոզելը մերժելի է, երբ այն մատուցվում է խաղաղության կեղծ օրակարգի փաթեթավորմամբ։

Այո, «թուրք» բառն այսօր հնչում է որպես վիրավորանք, պարսավանք ու անգամ անեծք, որովհետեւ դա ունի պատմական, շրջադարձային ողբերգության հիմք ու ներկայի ակնհայտ շարունակականություն։ Ու քանի դեռ մեր հարեւանները ձեռքները չեն լվացել շարունակելու մտքից, «թուրք»-ը վիրավորանք է ու պիտակ։ Եվ այո, եթե խորանանք, օրինակ, մասնագիտական գրականության մեջ, կարող է պարզվել, որ «թուրք»-ը ոչ բոլոր ժամանակներում է օգտագործվել որպես վիրավորանք, բայց դարձել է այդպիսին, որովհետեւ թուրք-ադրբեջանական հակահայ քաղաքականությունը անձնական եւ պետական շփումների մակարդակում ստացել է եւ այսօր էլ ունի շարունակություն։

Պարոն Գաբրիելյան,

-Եթե Օսմանյան Թուրքիայի, Հայոց ցեղասպանության պատմության, հայ-թուրքական հարաբերությունների, ՀՀ-Թուրքիա հարաբերությունների, խորհրդային Ադրբեջանի եւ ներկայիս Թուրքիայի պատմության ձեր իմացությունը դնեք առաջին նժարին ու ավելացնեք փաստերի համադրությունը, մյուս նժարին էլ լինի կուսակցական պատկանելիությունն ու ձեր գրառումը, ապա ո՞ր նժարը կմնա օդում։

Հարգանքով՝ Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031