Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերն այդ երկրի ներքին գործն են: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի տնօրենի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
«Դա Հայաստանի ներքին գործն է: Մենք շահագրգռված ենք դաշնակցային հանրապետության կայուն, անվտանգ և խաղաղ զարգացմամբ: Ելնում ենք նրանից, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում՝ համապատասխան ժողովրդավարական գործընթացների շրջանակում»,- ասել է Զայցևը:
Անդրադառնալով հարցին, որ ցուցարարների բողոքը վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորմանը՝ Զայցևն ասել է, որ Մոսկվան կարծում է՝ խոսքը ոչ թե եռակողմ պայմանավորվածությունների վերաբերյալ ընդդիմության վերաբերմունքի մասին է, այլ Հայաստանի ղեկավարության այս կամ այն հայտարարությունների:
«Այդ կապակցությամբ կցանկանայի ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ մենք անփոփոխ կերպով հավատարիմ ենք նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, առաջին հերթին եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրականացման և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով»,- ասել է Զայցևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ