Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում՝ Հաագայի միջազգային դատարանի որոշումը 1965 թվականի «Ռասայական խտրականության բոլոր ձևերի մասին կոնվենցիայի» մի տարածված մեկնաբանության մասին

Մայիս 06,2022 17:24

Վերջերս հայկական և միջազգային մեդիահարթակներում լայնորեն շրջանառվում է տեղեկատվություն, համաձայն որի «Հաագայի դատարանը Հայաստանին ճանաչել է որպես Արցախի հուշարձանների սեփականատեր»։ Սակայն այն չի համապատասխանում իրականությանը։

Իրականում ՄԱԿ-ի Հաագայի (Նիդեռլանդներ) արդարադատության միջազգային դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ներկայացրել է Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի հիման վրա կայացրած իր որոշումը՝ ՄԱԿ-ի կողմից 1965 թվականին ընդունված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի մասին միջազգային կոնվենցիայի» խախտումների վերաբերյալ, որը ներառում էր ժամանակավոր միջոցների կիրառման խնդրանքը։ Դատարանի վճիռը կազմված է 3 կետից, որը կայացրել են 15 դատավորներ՝ ձայներով տասնչորս կողմ՝ մեկ դեմ՝ համամասնությամբ, որոնցից ոչ մեկում չի նշվում մամուլում շրջանառվող մեկնաբանությունը․

Ավելին, թեև «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված է «ժառանգության տարածք մուտք գործելու և այն վայելելու իրավունքի» իրականացման ձևակերպումը, որը չպետք է տեղի ունենա ռասայական խտրականության հիման վրա, այնուամենայնիվ, դատարանի որոշմամբ հայկական ուխտագնացությունները, այսինքն` ժառանգության տարածք մուտքի իրավունքի թույլտվության հրատապ հրաման չի տրվել: Իսկ միջանկյալ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը դատարանի գնահատմամբ կապված է հայկական մշակութային ժառանգությունը անդարձ վնասների ենթարկվելու մտավախության և վեճի սրման փաստի հետ։

Դատարանի որոշման կարևորությունն արտահայտված է հիմնականում հետևյալ կետերում․

  • Դեկտեմբերի 7-ի որոշումը միջազգային առաջին և ամենաարդյունավետ գործիքն է, որով Ադրբեջանին հորդորվել է կանխել պատերազմի արդյունքում իր վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգությանը հասցված ցանկացած վնաս,
  • մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացումը կապվել է ռասայական խտրականության հետ և ընդլայնել վտանգված ժառանգությունը պաշտպանելու միջազգային հնարավորությունները,
  • այն ուղերձ է ազգային պետություններին (Ադրբեջանին), որ ինքնիշխանությունը չի արտոնում կառավարությանը ոչնչացնել մշակութային ժառանգությունը՝ դրանով իսկ ստեղծելով նմանօրինակ արատավոր վարքագծի դեմ պայքարի նոր ճանապարհ:

Հաագայի դատարանի որոշման մասին առավել մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղմամբ՝ Հաագայի միջազգային դատարանի որոշումը 1965 թվականի «Ռասայական խտրականության բոլոր ձևերի մասին կոնվենցիայի» Ադրբեջանի կողմից խախտումների մասին – Monument Watch

Monumentwatch.org ակադեմիական հարթակի խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031