Կարևորագույն նշանակության շենքերը մատչելի դարձնելու ՀՀ կառավարության որոշումն իրագործելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամների հետ։ Հասարակական 14 կազմակերպությունից և 5 անդամից բաղկացած կոալիցիայի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ նախատեսվում է հստակեցնել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները՝ արդյունավետ իրականացնելու համար ցանկում ընդգրկված շենքերն անհրաժեշտ նախագծային լուծումներով համալրելու գործընթացը:
Կոալիցիայի ներկայացուցիչները ողջունել են կոմիտեի նախաձեռնությունը՝ ընդգծելով շահառուների խմբի հետ համագործակցությունն աշխատանքների մեկնարկային փուլում սկսելու կարևորությունը: Նրանք առաջարկել են Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի աջակցությամբ ծրագրում ներգրավել նաև միջազգային փորձագետի:
Հանդիպման ժամանակ որոշվել է, որ կոալիցիան կխմբավորի տեսողության, լսողության, ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող անձանց կարիքներն ու կաջակցի նաև անհրաժեշտ տեխնիկական միջոցների նկարագրության տրամադրմամբ:
Քննարկման մասնակիցների հետ դիտարկվել է նաև կոմիտեի մշակած ձևաթուղթը, որի համաձայն համապատասխան գերատեսչությունները ներկայացնելու են շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ նախնական տեղեկատվություն։
Կարդացեք նաև
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանն առաջարկել է ցանկում նշված շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրման ժամանակ աշխատանքային խմբում ընդգրկել կոալիցիայի անդամներին՝ հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի համար լավագույն լուծումները գտնելու նպատակով:
ՀՀ քաղաքաշինության կոմիտե