«Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմն արձագանքում է ոչ թե օգտատերերին, այլ դեպքերին»,- ՄԻՊ աշխատակազմի արձագանքը փոխանցեց Հանրային կապերի բաժնի պետ Էդգար Այվազյանը Aravot.am-ի հարցին՝ ՄԻՊ-ին շատ են քննադատում ֆեյք օգտատեր Ռեգինա Պրազյանի գրառմանը հրապարակային արձագանքելու համար, ինչո՞ւ եք որոշել պատասխանել այդ ֆեյքի գրառմանը:
Նա նաև հայտնեց, որ ՄԻՊ աշխատակազմը նշված դեպքով ահազանգ է ստացել ու շարունակեց. «Կարևորել ենք ոչ թե օգտատերին նույնականացնել ու ըստ այդմ՝ արձագանքի նպատակահարմարությունը որոշելու մոտեցմամբ շարժվել, այլ հաղորդման տեղեկատվության փաստական հանգամանքների հաշվառմամբ դեպքին արձագանքելու մոտեցումը կիրառել մեր ուղիղ գործառույթով»:
Ըստ Էդգար Այվազյանի՝ ՄԻՊ-ի հասցեին հնչած քննադատություններն ուղղակի շահարկումներ են:
Հարցրինք՝ երբ ՄԻՊ պաշտոնական էջից պատասխանում էիք ֆեյքին, մտավախություն չունեի՞ք, որ այն կվնասի ՄԻՊ աշխատակազմի համբավին, Էդգար Այվազյանը պատասխանեց. «Մոտեցումը եղել է դեպքին, ոչ թե օգտատերին արձագանքելը: Դրան էլ նախորդել է ահազանգը: Բայց անձին պատասխանել, դա բացառվում է, քանի որ չկա նման մոտեցում: Ուստի ոչ, չենք ունեցել մտավախություն, քանի որ դեպքին ենք արձագանքել, ոչ թե անձին: Այդ ամբողջ հարցի քննարկման ժամանակ «ում»-ը արանքում չի եղել»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ