ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն այսօր խորհրդարանում հրավիրված արտահերթ նիստում անդրադարձավ, իր խոսքով՝ թալանի վերադարձին։ Նա նշեց, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է մի գործընթաց, որը վերաբերում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատանը, որը գտնվում է Լոս Անջելեսի ամենաթանկ թաղամասերից մեկում՝ Հոլբի հիլսում։
«Ըստ տարածած տեղեկատվության, այդ առանձնատունը ձեռք է բերվել կոռուպցիոն սխեմայից ձեւավորված եկամուտներով։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ես պնդում եմ, որ թալանը վերադարձնելու համար ամենեւին էլ հարկ չկա, որ մեր ընդդիմադիր գործիչները իշխանություն դառնան։ Կարող են պարզապես ցանկացած իրավապահ համակարգի ներկայացուցչի մոտենան եւ ներկայացնեն` ինչպես են կառուցել իրենց առանձնատները, օրինակ` Մոնումենտում, Վահագնի թաղամասում եւ այլն։ Իսկ այս քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է 2020-ին ՀՀ-ում, ըստ հաղորդագրության նախկին պատգամավոր- գործարարը 20 մլն դոլար կաշառք է տվել Խաչատրյանին եւ նրա որդիներին, եւ այդ գումարը ուղղվել է արտերկիր՝ Լոս Անջելեսում տուն կառուցելու նպատակով։ Այս գործը քննվում է ԱՄՆ նախաձեռնված գողապետության ակտիվների վերականգնման նախաձեռնության շրջանակներում, որտեղ ԱՄՆ-ն աջակցում է կառավարություններին կոռուպցիա դեմ պայքարում։ Հույս ունեմ, որ թալանը կոպեկ առ կոպեկ կվերադարձնեն»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ