Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրաբարոմետր. եվրոպացիները հավանություն են տալիս Ուկրաինայի պատերազմին ԵՄ արձագանքին

Մայիս 06,2022 15:15

ԵՄ անդամ բոլոր երկրներում անցկացված «Եվրաբարոմետր» հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են մայիսի 5-ին, ցույց են տալիս, որ ԵՄ քաղաքացիների շրջանում առկա է լայն կոնսենսուս Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժմանը ԵՄ արձագանքի առնչությամբ։

Եվրոպացիների մեծամասնությունը կարծում է, որ պատերազմի սկսվելուց ի վեր ԵՄ-ն իր արձագանքով ցուցաբերել է համերաշխություն (79%), միասնականություն (63%) և օպերատիվություն (58%)։

Հարցվածներն, ընդհանուր առմամբ կողմ են արտահայտվում Ուկրաինային և նրա ժողովրդին անսասան աջակցությանը: Մասնավորապես, տասը հարցվածներից ավելի քան ինը (93%) հավանություն է տալիս պատերազմից տուժած մարդկանց մարդասիրական աջակցության տրամադրմանը, 88%-ը հավանություն է տալիս պատերազմից փախած մարդկանց ԵՄ-ում ընդունելու գաղափարին, 80%-ը հավանություն է տալիս Ուկրաինային ցուցաբերվող ֆինանսական աջակցությանը, 66%-ը համակարծիք է, որ «Ուկրաինան պետք է անդամակցի ԵՄ-ին, երբ պատրաստ լինի», 71%-ը հավատացած է, որ Ուկրաինան եվրոպական ընտանիքի մաս է, իսկ 89%-ը կարեկցում է ուկրաինացիներին։

Շատ մեծ է նաև Ուկրաինայի դեմ ռազմական հարձակումից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին աջակցությունը։ Եվրոպացիների ճնշող մեծամասնությունը (80%) հավանություն է տալիս Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին, իսկ 79%-ը հավանություն է տալիս ռուսաստանցի օլիգարխների դեմ պատժամիջոցներին՝ ներխուժման համար պատասխանատու Ռուսաստանի քաղաքական էլիտային հստակ տնտեսական և քաղաքական գին պարտադրելու համար:

Եվրոպացիների երկու երրորդը (67%) հավանություն է տալիս ԵՄ-ի կողմից Ուկրաինայի համար ռազմական տեխնիկայի գնման ու մատակարարման ֆինանսավորումը։ Բացի այդ, նրանց 75%-ը կարծում է, որ Ուկրաինայի պատերազմը ցույց է տալիս, որ «մեզ ավելի մեծ ռազմական համագործակցություն է անհրաժեշտ ԵՄ-ի շրջանակներում»։

Հարցումը նաև վկայում է էներգետիկայի ոլորտում ռուսական հանածո վառելիքից կախվածությունից ազատվելուն ուղղված ԵՄ գործողություններին եվրոպացիների կողմից լայն աջակցության մասին։ Կա լայն կոնսենսուս ԵՄ-ում գազի պահեստարանները համալրելու հարցի շուրջ՝ առաջիկա ձմռանը դեֆիցիտի ռիսկերից խուսափելու համար (86%), ԵՄ-ի կողմից շենքերի, տրանսպորտի և ապրանքների էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու հարցի շուրջ (85%), ինչպես նաև այն հարցի շուրջ, որ Ուկրաինայի պատերազմն ավելի հրատապ է դարձնում վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումների իրականացումը (84%)։

«Եվրաբարոմետր» հասարակական կարծիքի հարցումն անցկացվել է ապրիլի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ԵՄ անդամ 27 երկրներում։ Առցանց հարցմանը մասնակցել է ԵՄ 26,066 քաղաքացի։

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031