«Վերջին շրջանում ես լսել եմ դեպքեր, երբ ցույցերի մասնակիցներին այս կամ այն կերպ թաղապետարան են կանչում, գտնում են պետական կամ համայնքային ծառայող ազգական եւ այդ կերպ են փորձում կասեցնել նրա մասնակցությունը: Բայց այդ ամենը մի կողմ. Քոչարյան Անդրանիկի եւ իշխանական թեւի այս վերջին նետած թեզը, իբր՝ թող խելոք մնան, այլապես կտանենք բանակ, խայտառակություն է: Սա վերջին սրիկայությունն է՝ փորձել բանակը ներկայացնել, որպես պատժիչ ինստիտուտ»,- այսօր ՀՀԿ-ի երթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի առաջարկին՝ ընդդիմության հանրահավաքներից բերման ենթարկված անձանց եռամսյա հավաքների տանել:
Սա, ըստ Հայկ Մամիջանյանի, բանակը քանդելու հերթական գործողությունն է:
Միաժամանակ, նա նկատեց, թե էական չէ թե ինչ քայլերի կդիմի իշխանությունը, քանի որ իրենք փաստացի, այլեւս իշխանություն չունեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ