Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց «Դիմադրության» շարժման իրազեկման երթը: Երթի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից շարժվեցին մայրաքաղաքի չորս տարբեր ուղղություններով:
Վաղը նախատեսվում են ընդդիմության իրազեկման երթեր հանրապետության տարբեր մարզեր:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ից՝ անհնազանդության համազգային հանրահավաքից հետո ընդդիմադիրները փակել են Ֆրանսիայի հրապարակը:
Կարդացեք նաև
«Կապիտուլյանտ վարչապետը քանդել է պետական կառավարման համակարգը, քանդել է տարածքային կառավարման համակարգը, հիմա էլ քանդում է տեղական ինքնակառավարման մարմինները: Եթե վարչապետը պետք է ՏԻՄ մարմիններին նշանակի, թող դպրոցների դասղեկներին էլ ինքը նշանակի, հետո՝ մանկապարտեզի դաստիարակներին էլ ինքը նշանակի՝ իր շարքային անդաստիարակներից»,- երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով հարցին, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է վարչապետին՝ ՏԻՄ ղեկավարներ նշանակելու իրավասություն տալու հարցը. ի՞նչ նպատակ է հետապնդում նման լիազորություն տալը վարչապետին, Նիկոլ Փաշինյանը չի՞ գիտակցում, թե ի՞նչ իրավիճակ է հիմա Հայաստանում:
«Սա արդեն պետության չի, արդեն բդեշխության է վերածել Հայաստանը, ընդ որում, կապիտուլացված, ընդ որում՝ թուրքական մակնշումով, ըստ իրենց օրակարգի»,- հավելեց Արտակ Զաքարյանը:
Բանախոսը նաեւ հավելեց, որ իշխանական շրջանակներում արդեն վախեցած են ընդդիմության քայլերից, ինչի ապացույցներից մեկն էլ այն է, որ սկսել են ընդդիմության նկատմամբ կեղտոտ տեխնոլոգիաների կիրառումը. «Իբրեւ թե այստեղ ոչ քաղաքական կամ ոչ մտահոգ քաղաքացիներ են հավաքված, ինչը բացարձակ կեղծիք է»:
Արտակ Զաքարյանի բնութագրմամբ, հրապարակ է դուրս եկել հայ ժողովրդի լավագույն հատվածը, այդ լավագույն հատվածի մի մեծ մասն էլ դեռ տանն է նստած, իսկ շարժման իմաստը համախմբումն է, նպատակը եւ գաղափարը մեկը՝ թույլ չտալ, որպեսզի Հայաստանը բռնազավթվի, թույլ չտալ, որպեսզի Հայաստանը դառնա թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու, կորցնի իր միջազգային դեմքն ու հեղինակությունը, թույլ չտալ, որպեսզի հայ ժողովուրդն ամբողջ կյանքում մեջքը կռացած ման գա՝ ամոթի խարանը դեմքին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ