«Մեր մոտեցումը հստակ է՝ կողմնակից ենք խորհրդարանական կառավարման ձեւին։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը բավականին․․․չէի ուզի ասել կիսապատերազմական վիճակում է, բայց ճգնաժամի հակված վիճակում է։ Այսինքն, մի վիճակում ենք, որում պարբերաբար կարող են լինել տարբեր տեսակի ճգնաժամեր»,-սահմանադրական բարեփոխումների խորհրդի եւ հանձնաժողովի համատեղ առաջին նիստում այսօր, երբ քննարկվում էր ՀՀ կառավարման համակարգն առաջնահերթ քննարկման առարկա դարձնելու հարցը՝ հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Ո՞րն է հիմնական տարբերությունը խորհրդարանական կառավարման եւ նախագահական-կիսանախագահական կառավարման ձեւերի։ Դա այն է, թե ով է գործադիր իշխանության ղեկավարը։ Գործադիրի ղեկավարը խորհրդարանական կառավարման թեւում վարչապետն է, որն ընտրվում է խորհրդարանի կողմից, իսկ նախագահականում-կիսանախագահականում՝ նախագահը, որն ընտրվում է առանձին ընտրություններում։ Այսինքն, նա կարող է լինել այլ քաղաքական ուժից, ոչ թե խորհրդարանի մեծամասնական ուժից։ Նախահագական-կիսանախագահական մոդելում կա ռիսկ, որ գործադիր իշխանության ղեկավարը եւ խորհրդարանի մեծամասնությունը լինեն տարբեր քաղաքական ուժերից, ու, ըստ այդմ, որոշակի իրավիճակներում գործադիր եւ օրենսդիր իշխանությունների միջեւ առաջանա առճակատում, կոնֆլիկտ»,-շեշտեց Դանիել Իոաննիսյանը։
Նրա խոսքով՝ մեր նման երկրում այդպիսի առճակատումը կարող է բավականին թանկ արժենալ․ «Մի տարի առաջ մենք լուրջ քաղաքական ճգնաժամը վերապրեցինք բարեհաջող, բայց այդ ճգնաժամը գուցե եւ չկարողանայինք վերապրել, եթե այն զուգորդվեր գործադիր ու օրենսդիր իշխանությունների առճակատմամբ։ Սա է հիմնական, բայց ոչ միակ պատճառը, թե ինչու ենք մենք կողմ խորհրդարանական կառավարման ձեւին»։
Հանձնաժողովի անդամ, իրավաբան Տիգրան Եգորյանն իր հերթին հավելեց․ «Նախագահական, կիսանախագահական եւ խորհրդարանական կառավարման ձեւերը չեն ենթադրում միայն գործադիր իշխանության հարց։ Մի քանի շերտով կարելի է հարցին անդրադառնալ։ Կարեւոր է պարզել ժողովրդի՝ առաջնային մանդատով օժտված երկու իշխանություն ունենալու վերաբերյալ կամքը։ Մարդիկ քննարկում են ուզում լսել, ոչ թե մեր կարծիքը, մենք այստեղ կոճակ սեղմելու համար չենք։ Ժողովուրդն ուզում է, որ ոչ թե ինչ-որ մեկը կարծիք ասի, այլ որ իր մասնակցությամբ եւ իր կարծիքը հաշվի առնելով՝ լուծվի սահմանադրության խնդիրը»։
Կարդացեք նաև
Քննարկմանը ներկա ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը շեշտեց՝ որեւէ կառավարման ձեւի մասին խոսելիս միջազգային փորձը հաշվի առնելուց բացի պետք է արձանագրել, թե մենք ինչ խնդիրներ ենք ունեցել, ինչ հարցեր են առաջադրվում կառավարման գործող ձեւին․ «Այն խնդիր ստեղծե՞լ է, թե խնդիրը հաղթահարել է։ Հարցերը շատ կարեւոր են։ Քանիցս հնարավորություն եմ ունեցել ասել, որ խորհրդարանական կառավարման ձեւի պոտենցիալը մեր երկրում պետք է շարունակել հնարավորինս լավ օգտագործել։ Ես դրան եմ հակված»։
«Հանրապետություն» կուսակցության անդամ Մասիս Մելքոնյանն էլ ասաց՝ ինքը ներկա է որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, եւ իրենք կողմ են կառավարման նախագահական համակարգին․ «Այն արդյունավետ է, իսկ թե ինչու, բովանդակային քննարկումը, կարծում եմ, ապագայի համար պետք է նախատեսված լինի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ