Սահմանադրական բարեփոխումների խորհրդի եւ հանձնաժողովի համատեղ առաջին նիստում այսօր ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն առաջարկեց քննարկվելիք թեմաների շարքում ՀՀ կառավարման ձեւի մասին թեմայի քննարկումը դնել առաջին տեղում։
«Ես տրամաբանություն եմ տեսնում առաջարկում, քանի որ այդ հարցը որոշելուց հետո այն կանխորոշելու է մեր հետագա քննարկումների ուղղությունը, բովանդակությունը»,-հայտարարեց սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի գործող անդամ Վիգեն Քոչարյանը, ապա ներկայացրեց քննարկվելիք թեմաները։
«Սահմանադրական կարգի հիմունքների, սահմանադրական կարգավորման ընդհանուր հարցեր. ինչո՞վ կարող են կատարելագործվել մարդու իրավունքների վերաբերյալ դրույթները։ Խոսք պետք է գնա անպայման ՀՀ կառավարման ձեւի կամ կատարելագործման մեխանիզմների մասին։ Գուցե կարիք լինի ընտրական իրավունքի որոշակի դրույթների հստակեցում անել։ Մյուս հարցերը վերաբերում են դատական իշխանության կառուցվածքին, արդարադատության հետ կապված մի շարք խնդիրներին։ Քննարկման առարկա կարող է դառնալ նաեւ անկախ պետական մարմինների կամ սահմանադրական մարմինների կարգավիճակը, նաեւ՝ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերը։ Կարող ենք անդրադառնալ նաեւ վերոնշյալ հարցերի քննարկման արդյունքում ձեւավորվելիք հարցերին, որոնք վերաբերում են սահմանադրության կառուցվածքին։ Խոսքն անցումային եւ եզրափակիչ մի շարք դրույթների մասին է»,-տեղեկացրեց Վիգեն Քոչարյանը։ Նրա խոսքով՝ թեմաների ցանկը ենթակա է փոփոխման կամ հարստացման։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտարարեց՝ առաջարկել են ոչ թե քննարկել՝ կառավարման ձեւը նախագահակա՞ն լինի, թե՞ խորհրդարանական, այլ ավելի լայն․ «Այսինքն, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների եւ անկախ մարմինների ձեւավորման, լիազորությունների տարանջատման, փոխզսպման մեխանիզմները որպես մեկ ամբողջություն։ Բնականաբար, առաջին հերթին կառավարման ձեւը պետք է քննարկվի, որից ածանցվում են մյուս բոլոր հարցերը։ Քննարկումների արդյունքում մենք հասկացել ենք, որ հարցերի որոշակի տրամաբանական հերթականություն կա։ Եթե կառավարման ձեւը չենք որոշել, հնարավոր չէ քննարկել, թե ինչպես է ձեւավորվելու դատական համակարգը։ Սա օրինակ է»։
Կարդացեք նաև
Հանձնաժողովի անդամ, իրավաբան Տիգրան Եգորյանն էլ համոզմունք հայտնեց, որ քննարկվելիք հարցերի շրջանակը որեւէ կերպ չպետք է սահմանափակվի․ «Ժողովրդավարական ընթացքի 25 տարվա ընդմիջումից հետո այսօրվա ժողովրդավարական իշխանությունը եւ ժողովուրդն ակնկալում են հիմնաքարային վերանայում եւ հիմնաքարային քննարկում բոլոր այն խնդիրների, որոնք 25 տարի սառեցված եւ աղավաղված են եղել։ Դրանց ահագին մաս բխում է այսօրվա փոփոխությունից։ Պետք է սկսել առնվազն մակերեսում նշմարվող հարցերի քննարկումից, մասնավորապես՝ կառավարման համակարգից, ընտրական համակարգից։ Հայտնի է, որ այստեղ խնդիրներ կան։ Ուստի առաջարկում եմ ոչ թե սահմանափակում անել, այլ սկսել քննարկել որոշ խումբ հարցեր»։
Հանձնաժողովի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Հակոբյանը հայտարարեց՝ մասնագետների հետ քննարկումների արդյունքում արձանագրել են, որ կառավարման համակարգի փոփոխությունը բացառիկ երեւույթ է․ «Երկրներում կառավարման համակարգի փոփոխություններ, որպես կանոն, տեղի չեն ունենում սահմանադրական բարեփոխումների ընթացքում։ Կա Մոլդովայի, Վրաստանի օրինակը։ Մոլդովայում հակասահմանադրականության հարց է առաջացել, իսկ Վրաստանում անցումային ժամանակ է նախատեսված։ Այո, կարծում եմ, որ առաջինը պետք է դնել կառավարման համակարգի հարցը, որովհետեւ մնացած բոլոր ուղղությունները թելերով կապված են դրա հետ։ Համաձայն եմ պարոն Եգորյանի հետ, որ ավելի խորքային քննարկում պետք է ունենանք»։
Դավիթ Հակոբյանի խոսքով․ «2015թ․-ին սահմանադրական կարգի փոփոխությունը մեր երկրում բացառիկ երեւույթ էր։ Պետության, հանրության կյանքում դրանից հետո ունեցած իրադարձությունները մեծապես կապված էին սահմանադրական փոփոխությունների հետ։ Բացի այդ, գաղտնիք չի, որ այդ թվականի սահմանադրությունն ունի լեգիտիմության մեծ խնդիր, այսինքն՝ հասարակական ընկալման իմաստով ներկայիս կառավարման ձեւն ունի լեգիտիմության հարց։ Ուստի այո, այս հարցի քննարկումից պետք է սկսել, հանրային քննարկում անել եւ բխեցնել մասնագիտական հիմնավորում՝ կառավարման համակարգի վերաբերյալ»։
Ապա Կարեն Անդրեասյանը նկատեց՝ առանց երկար-բարակ մտածելու կարելի է կառավարման ձեւի քննարկման հարցն առաջնահերթություն համարելու առաջարկը դնել քվեարկության․ «Այս հարցը բոլորը՝ քաղաքացիները, լրագրողները, տեղական-միջազգային գործընկերները տալիս են՝ վերադառնալու ենք կառավարման նախագահական ձեւի՞ն, թե մնալու ենք խորհրդարանական կառավարման ձեւում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ