6 մայիսի 2022 թ․, Երևան։ «Մատենա» միջազգային դպրոցը ստեղծում է նոր մասնագիտական կենտրոն, որի նպատակն է թվային փոխակերպման (digital transformation) համաշխարհային լավագույն փորձը տարածել Հայաստանում:
Ծրագրերը, որոնք կենտրոնը կսկսի իրականացնել 2022 թվականի մայիսի կեսերից, մշակվել են և կմատուցվեն՝ հիմքում ունենալով «Մատենա ICDT» կենտրոնի մասնագետների հարուստ փորձը, որոնք իրենց գործունեության ընթացքում արդյունավետ ծրագրերի միջոցով փոխակերպել են մի շարք ընկերությունների, այդ թվում՝ խոշոր առևտրային բանկերի գործունեությունը։ Նորաստեղծ կենտրոնի փորձագետների կողմից վերապատրաստվել են թվային փոխակերպման ոլորտի պատասխանատուներ և մասնագետներ այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են օրինակ, «Pepsico»-ն, «IKEA»-ն, «Deutsche Bank»-ը, «Caspian Beverage Holding»-ը, «Volvo»-ն։
«Կենտրոնի կողմից մատուցվող հատուկ կրթական ծրագրերի միջոցով կազմակերպությունների կառավարման համակարգերը կհամապատասխանեցվեն թվային դարաշրջանի նորագույն պահանջներին՝ փոխակերպելով և բարձրացնելով դրանց արդյունավետությունը: Մենք հավակնոտ նպատակ ունենք բարձրացնելու Հայաստանի գրավչությունը հենց կրթության ուղղությամբ, և այս կենտրոնի ստեղծումը, անկասկած, առանցքային դեր է ունենալու այդ նպատակի իրագործման համար, որովհետև թվային փոխակերպումը կազմակերպությունների կառավարման ամենաարդիական միտումներից մեկն է աշխարհում»,- նշում է Մատենայի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։
«Մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ թվային տեխնոլոգիաները մեր առօրյայի անբաժան մասն են դարձել: Այն ընկերությունները, որոնք իրենց ռազմավարությունը չեն համապատասխանեցնում մերօրյա պահանջներին, երկարաժամկետ հեռանկարում կորցնում են իրենց մրցակցային առավելությունը և տեղը զիջում ավելի արագաշարժ, ճկուն և համարձակ «խաղացողներին»։ Այս առումով շատ կարևոր է, որ Հայաստանում մենք թվային տրանսֆորմացիան ցանկացած մասշտաբի և ոլորտի ընկերության օրակարգի պարտադիր կետը դարձնելու հնարավորություն և պահանջ տեսանք»,- ընդգծում է «Մատենա ICDT» կենտրոնի տնօրեն Նիկոլայ Վերխովսկին։
Կարդացեք նաև
«Մատենա ICDT» կենտրոնի փորձագետների թվում են գերմանական «Deutsche Bank»-ում երկարամյա ղեկավարման փորձ ունեցող, ավստրիական խոշորագույն «Erste Group Bank»-ի թվային տրանսֆորմացիայի նախկին ղեկավար Արա Աբրահամյանը, «Picsart» ընկերության տեղեկատվական անվտանգության ղեկավար Արմեն Բաղդասարյանը, միջազգային խոշոր ընկերությունների թվային տրանսֆորմացիայի բնագավառում մեծ փորձ ունեցող ղեկավար, Մատենա ICDT կենտրոնի տնօրեն Նիկոլայ Վերխովսկին և առաջատար այլ մասնագետներ:
Հետաքրքրվածությունը կենտրոնի նկատմամբ արդեն իսկ մեծ է. այստեղ սովորելու ցանկություն են հայտնում մասնագետներ Հայաստանից, ԱՄԷ-ից, Էստոնիայից, Ղազախստանից։ Կենտրոնի հետ համագործակցում են նաև առաջատար մասնագետներ Սինգապուրից, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակցելու «Մատենա ICDT» կենտրոնի աշխատանքներին՝ դարձնելով այն տարածաշրջանում թվային տրանսֆորմացիայի լավագույն կենտրոն:
«Մատենա» միջազգային դպրոցի Հանրային կապերի բաժին