ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (այս տարվա ապրիլը նախորդ ապրիլի նկատմամբ) կազմել է 8.4 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2.3 տոկոս: 2022 թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1.9 տոկոս։
ԿԲ խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված բարձր անորոշությունը պահպանվում է։ Բնականաբար՝ գնաճային ռիսկերը՝ նույնպես։
Բայց սա արձանագրել ու սպասել մինչեւ արտաքին ազդակները հօգուտ մեզ կլինեն, մեղմ ասած, ճիշտ չէ։ Պետք է փորձենք ինքներս մեր ոտքի կանգնելու հարցը լուծել։ Դրա համար նախաքայլը տնտեսության վերականգնումն է։ Արա՛գ վերականգնումը։ Քայլերը կան, մասնագետները նշում են։ Եվ ամենակարեւոր քայլերը, որոնց կարեւորության մասին խոսում են, առաջին հերթին տնտեսության որակի ու մոդելի փոփոխությունն է, երբ զարգացման ուղիներ ինքներս կմտածենք ու առաջարկի մոդելով հանդես կգանք։ Մյուսը իրական շահույթներին հետեւող եկամտային քաղաքականությունն է։ Պետք է մասնագիտորեն հստակ հաշվարկված ծրագրեր իրականացնենք այն ոլորտներում, որտեղ ներուժ կա։ Գյուղատնտեսությանը պետք է իրակա՛ն աջակցություն ցուցաբերենք՝ ձեռնտու վարկավորումից սկսած մինչեւ տեխնիկական ու տեխնոլոգիական օժանդակություն։ Միայն այսպես կկարողանանք բարձրացնել մեր տնտեսության դիմադրողունակության մակարդակը թե՛ արտաքին շոկերի, ու թե՛ ազդեցությունների նկատմամբ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: