Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երկուսդ էլ ճիշտ եք»

Մայիս 06,2022 10:00

Այս սյունակը ես ամենօրյա ռեժիմով գրում եմ արդեն ավելի քան 20 տարի, եւ մշտական ընթերցողներս, հավանաբար, կհաստատեն, որ խմբագրականների առնվազն մեկ երրորդը այսպես թե այնպես առնչվում են լայնախոհության, հանդուրժողականության թեմային: Միշտ վստահ էի եւ հիմա էլ եմ վստահ, որ ցանկացած գաղափար հնարավոր է արտահայտել զուսպ, կոռեկտ եղանակով: Դրանից այդ գաղափարի արժեքը չի տուժի, կտուժի միայն դրա գրավչությունը զանգվածների աչքերում: Օրինակ, եթե ուզում ես, որ Լեւոնին, Ռոբերտին, Սերժին կամ Նիկոլին ատողները քեզ սիրեն, ապա «պարտավոր» ես հիշյալ անձանց հանդեպ կիրառել այնպիսի բառապաշար, որը կխորացնի այդ ատելությունը: Բնականաբար, թշնամանքը պետք է տարածվի նաեւ ընտրված թիրախների, այսպես ասած, «սպասարկուների», օրինակ, ինչպես վերջերս «պարզվեց»՝ հոգեւորականների վրա:

Այս երկար տարիների ընթացքում զուսպ լինելու իմ կոչերը հանդիպում էին եւ շարունակում են հանդիպել ստանդարտ առարկությունների՝ «բա որ նրանք…», «սրանք արժանի չեն նորմալ բառապաշարի», «ես պայքարող տեսակ եմ, քո նման հարմարվող չեմ»: «Պայքարող տեսակի» մշտական վերարտադրությունը հասարակությանը բերում է մշտական պառակտման, տարբեր խմբերի՝ երբեք չմարող թշնամանքի: Դա տասնամյակների ընթացքում կրկնվող իրավիճակ է: Ներկա փուլի որոշակի առանձնահատկությունն այն է, որ այսօրվա իշխանությունը, իր անմիջական պարտականությունները թողած, կենտրոնացել է «նախկին իշխանությունների» դեմ պայքարելու՝ պետության տեսանկյունից անիմաստ ու անպտուղ գործի վրա: Սա կարելի է ասել, Փաշինյանի, նրա շրջապատի եւ ակտիվ երկրպագուների «բրենդն» է:

Բայց եթե այդ՝ 2018-ից հետո առաջացած նրբերանգը հաշվի չառնենք, ապա համապարփակ ատելության սերմանումը հատուկ է առաջին հերթին բոլոր տեսակի փողոցային ընդդիմադիր շարժումներին: «Մենք այստեղ պայքարում ենք, կռիվ ենք տալիս ոստիկանների դեմ, իսկ դուք անտարբեր կանգնած եք մայթերին: Ի՞նչ է, հայրենիքի փրկության գործը ձեզ չի՞ հետաքրքրում»: Բայց դա դեռ ոչինչ: Աստված մի արասցե, այս հեղափոխական ջոկատների ճանապարհին հանդիպի մեկը, որին իրենց շրջապատում թիրախավորել են որպես «իշխանության կողմնակից»՝ այդ մարդը կարժանանա սուլոցների, հայհոյանքների, քաշքշուկի: Այդպես էր Արմեն Մարտիրոսյանի դեպքում (որը, որքան հասկանում եմ, այսօրվա իշխանությունների կողմնակիցը չէ), նույն ճակատագրին է արժանացել դերասան Սոս Ջանիբեկյանը, որն իր հրապարակային ելույթներում աջակցություն է հայտնել իշխանությանը:

Կարեւոր է հասկանալ մի բան: Նրանք, ովքեր փողոցում ցույցեր են անում, նրանք ովքեր նստած են պալատներում՝ բարձր պարիսպների տակ, նրանք, ովքեր երկրորդներին պաշտպանում են առաջիններից, նրանք, ովքեր համակրում են առաջիններին կամ երկրորդներին, ինչպես նաեւ նրանք, ովքեր պարզապես անցորդներ են՝ բոլորը ՄԱՐԴԻԿ են, որոնք կարող են ունենալ իրենց տեսակետը: Այդ տեսակետը պետք է հարգել: Իրականում մարդկանց ավելի շատ բան է միավորում, քան բաժանում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Երբ մէկը ձեր առջեւ օրինակ ժխտէ հայերուն ցեղասպանութիւնը, դուք իր տեսակէտը կը հարգէ՞ք։

    Ձեր ըսածները ընդհանրապէս ճիշդ են եւ բարի, բայց երբ կ՝ընդհանրացնէք, իրենք իմաստը ամբողջովին կը կորսնցնեն։

  2. Հայ մարդ says:

    Միշտ անհնարին վիճակն է ծնում միայն նոր հնար…
    (Պարույր Սևակ)

    Երբ ազգը չունի ուժեղ առաջնորդ, որը կարողանա համախմբել հասարակության տարբեր շերտերին ազգի ու պետության ուժեղացման ծրագրերի շուրջը և դրա փոխարեն նա հասարակությանը բաժանում է յուրայինների և ոչ յուրայինների, դրանից ազգը պառակտվում է և այդ յուրայիններն ու ոչ յուրայինները միմյանց նկատմամբ դառնում են թշնամաբար տրամադրված, անհանդուրժող: Դա կտևի այնքան ժամանակ, մինչև ի հայտ գա մեր ազգային հոգսերին մտահոգ և ունակ առաջնորդը (կամ առաջնորդների խումբը), որը երկրի անկման կորը դեպի վերև ուղղելու համար տեր կկանգնի հասարակության բոլոր շերտերին և նրանց համախմբելով՝ խուսափի պարտվողական համաձայնագրերից, սահմանագծումներից, միջանցքների տրամադրումից և խելացի ռազմավարությամբ սկսի հաղթահարել մեր պետության առջև ծառացած արտաքին լուրջ մարտահրավերները: Պարզ է, որ դա հեշտ գործ չէ, բայց դա համաշխարհային պատմության կրկնվող օրինակներից է:

  3. Ջորդանո Գալիլյան says:

    ”բոլորը ՄԱՐԴԻԿ են, որոնք կարող են ունենալ իրենց տեսակետը: Այդ տեսակետը պետք է հարգել:”

    Զարմանալի չէ, որ այս վերացական կեղծ «մարդասիրությունը» դարձել է լեւոնանիկոլիզմի կարեւոր բաղադրիչներից մեկը: Թշնամու տեսակետը հարգելու այս պարզունակ քարոզը հնարավորություն է տալիս արդարացնել իրենց քիրվայական, պարտվողական, ազգակործան քաղաքականությունը:

    Եւ իհարկե՝ առողջ հանրույթներին բնորոշ բոլոր ինքնապաշտպանական պահանջները, հույզերն ու մղումները ներկայացվում են որպես «համապարփակ ատելության սերմանում», իսկ թշնամական քարոզչության բոլոր դրսեւորումները («տեսակետները») մատուցվում «հանդուրժողականության» ու «լայնախոհության» սոուսի տակ:

    Կարելի՞ է արդյոք հարգել թալեաթ-էնվերների, նիկոլների, ռոման-բաղդասարյանների ու այլ չիկատիլոների տեսակետը: Չէ՞ որ սրանք նույնպես մարդիկ են, երկոտանի կենսաբանական արարածներ: Միգուցե եւ կարելի է, բայց արդյո՞ք այդ հարգողների հայ կամ ընդհանրապես մարդ լինելը այդ դեպքում չի դրվի կասկածի տակ…

  4. Լավատես says:

    Բռնոցի մանկական խաղ կա, երբ դու վազում բռնում ես մեկին, հետո այդ մեկն է վազում մյուսների հետեւից, որ բռնի: Ասենք, ունեմ ինչ որ ընտրական քարտ, որն իմ ընտրական ձայնն է ներկայացնում, ես փնտրում եմ իմ կողմից հարգված որեւէ մեկին, որին վստահում եմ եւ իմ այդ ընտրական քարտը հանձնում նրան: Միաժամանակ, ես պարտավորվում եմ ենթարկվել իմ այդ ընտրյալի բոլոր հրամաններին: Իսկ այդ ընտրյալն իրավունք չունի հրաժարվել քո քարտից, նա ընդամենը կարող է հանձնել մեկ ուրիշին իրեն վստահված քարտերը եւ ենթարկվել այդ մեկ ուրիշի հրամաններին եւ միաժամանակ այդ նույն հրամանները փոխանցել նաեւ իրեն վստահող քաղաքացիներին: Ամենաշատ քարտեր հավաքած քաղաքացին հրաման կտա իրեն վստահածներին եւ նրանց միջոցով նրանց վտահածներին, որ առաջիկա ընտրությունուններում իրեն ընտրեն:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031