Կխոսեմ ԽՍՀՄ փլուզումից հետո նորանկախ Հայաստանում մարդկանց կյանքի որակի մասին, ներկայացնելով այն պատճառները, որոնց հետեւանքով առաջացել է ներկա իրավիճակը: Թեման չափազանց ընդգրկուն է, ուստի կփորձեմ գլոբալ ուղղություններով ներկայացնել վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցածը եւ դրա արդյունքում ձեւավորված իրավիճակը: Սկսենք՝ այսպես ասած՝ «սեփականաշնորհումից»: Առանց մանրամասների մեջ խորանալու նշեմ միայն, որ եւ հողի, եւ մնացած այլ օբյեկտների սեփականաշնորհում կոչվածն իրականում ոչ մի կապ չունի բուն սեփականաշնորհման հետ, այդ գործընթացն ամբողջովին ընթացել է զուտ բարեկամ, ծանոթ, խնամիական կապերի սկզբունքով: Չհաշված մի քանի փոքրիկ կրպակների սեփականաշնորհումը, մնացած ողջ գործընթացն իրականացվել է սարքովի փաստաթղթաշրջանառության եւ դասական կոռուպցիոն սխեմաների գործադրմամբ ու պատահական որեւէ մեկին որեւէ բան չի հասել: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ գտնվող բոլոր օբյեկտները սեփականաշնորհվել են դրանց ղեկավարների շրջապատի մարդկանց կամ այլ գերատեսչությունների հետ՝ իրար պաս տալու սկզբունքով: Մի խոսքով, երկրի ամբողջ սեփականությունը կոպեկներով հոսել է պաշտոնյաների շրջապատին եւ այս վիճակով երկրում սկսվել է շուկայական հարաբերությունների մեկնարկը:
Դա 90-ականների սկիզբն էր, եւ առաջին հերթին հենց գիտակից մարդիկ ու մտավորականության ներկայացուցիչներն ականատես լինելով սեփականաշնորհման անվան տակ տեղի ունեցող բեսպրեդելին, թալանին, որոշեցին, որ այլեւս Հայաստանում անելիք չունեն եւ տասնյակ հազարներով՝ հենց այդ ժամանակ սկսեցին լքել երկիրը: Այդ ժամանակ Հայաստանից տեղի ունեցավ ամենամեծ եւ առաջին մասսայական արտագաղթը, որը դարձավ սկիզբը, որը եւ մինչ այսօր էլ շարունակվում է: Այստեղ շատ կարեւոր է նշել, որ այդ արտագաղթը ոչ այնքան այն պատճառով էր, որ ապրելու պայմանները դժվար էին, որքան անարդարությունների ահագնացող ծավալները, որոնց մտածող մարդիկ այլեւս չդիմացան եւ լքեցին երկիրը, քանզի նման մակարդակի թալանը հետդարձի ոչ մի հույս չէր թողնում: Այդ տարիներին ունեցանք նաեւ Արցախյան առաջին մեծ պատերազմը, որն ավելի քայքայեց երկրի թալանված տնտեսությունը եւ փառք մեր ժողովրդին, որի հերոսական պայքարի արդյունքում ունեցանք մեծագույն հաղթանակ եւ ազատագրեցինք Արցախի գրավյալ տարածքների ահռելի մասը ու մեր հերոսների արյամբ հռչակեցինք Արցախի անկախ հանրապետությունը: Անգամ մեր տասնյակ հազարավոր զոհերի արյունը չկանգնեցրեց թալանչիների եւ կաշառակերների հարստանալու անհագ մոլուցքը, որը ցավոք՝ մինչ այսօր էլ մեծ թափով շարունակվում է:
Տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ եւ այսօր էլ ինչ է կատարվում երկրում:
Այդ վայ-սեփականաշնորհման արդյունքում երկրի ողջ ունեցվածքն անցավ մի խումբ մարդկանց ձեռքը, սրան էլ ավելացրած, որ նույն մարդկանց ձեռքին էր նաեւ երկրի պաշտոնական բոլոր լծակները, ուստի բնական էր, որ երկրի ողջ շարժը՝ հատկապես ֆինանսական, գտնվում էր եւ գտնվում է այդ նույն մարդկանց ձեռքին, ովքեր ահռելի եկամուտներ են ստանում, իսկ ժողովուրդն օր օրի աղքատանալով, ընդամենը մեծ ճիգեր է գործադրում՝ մի կերպ գոյություն պաշտպանելու համար: Գնալով՝ այս բեւեռացումն օր օրի ավելի է մեծանում եւ եթե հաշվի առնենք նաեւ ահագնացող գործազրկությունն ու գների կատաստրոֆիկ աճը, ապա պարզ է դառնում, թե ինչ իրավիճակում է հայտնվել հասարակ ժողովուրդը: Արդյունքում, թալանչիները փողերի վրա մեծ փողեր են սարքում, իսկ ժողովուրդը զրոյից գնում է դեպի մինուս անվերջություն, այսինքն՝ նրանց պարտքերը ձգտում են մինուս անվերջության: Հատկապես շեշտեմ, որ այս ամենը տեղի է ունեցել հիմնականում նաեւ այն պատճառով, որ այս բոլոր տարիներին երկրում գործել է ոչ թե օրենքը, այլ ծանոթ-խնամիական հարաբերությունները, որի պարագայում ամեն ինչ հենց այդպես էլ պետք է ընթանար: Օրենքի գերակայությունը միակ երաշխիքն էր, որի պարագայում կարող էին նաեւ բացառություններ լինել, այն է՝ որոշակի խելացի մարդիկ իրենց ունակությունների շնորհիվ կարող էին հասնել որոշակի հաջողությունների, սակայն քանի որ օրենքի փոխարեն մարդիկ էին որոշում ամեն ինչ (օրենքը՝ ես եմ), ապա պատկերը հենց այսպիսին էլ պետք է լիներ. հարուստներն էլ ավելի են հարստանում, աղքատները՝ սնանկանում են եւ կործանվում: Տարված թալանի մոլուցքով, մեր պետական այրերը մոռացան անգամ, որ կա հայրենիք, երկիր, պետություն, պետականություն, որ ամեն ինչին զուգաեռ, պետք էր մտածել նաեւ դրանց մասին: Չափազանց մեծ զբաղվածության պատճառով նրանք մոռացել էին դա, բացարձակապես քայլեր չէին արվում երկրի անվտանգության եւ հզորացման առումով, իսկ ահա Ադրբեջանը տասնյակ տարիներ շարունակ ավելացնում էր իր երկրի հզորությունը եւ ամրացնում անվտանգությունը: Այդ երկիրը ինտենսիվ համագործակցելով Թուրքիայի հետ, շեշտակիորեն ավելացնում էր իր երկրի ռազմական հզորությունը եւ ինտենսիվորեն նախապատրաստվում ռեւանշի՝ պատերազմով Արցախի տարածքները ետ բերելու եւ Հայաստանին ծնկի բերելու համար:
Կարդացեք նաև
Հասանք 2018 թվական, եւ մեր տառապած ժողովուրդը փորձեց ազատվել իր ստրկական վիճակից եւ մի նոր ուժի բերել իշխանության, որը մշտապես պայքարելու էր կոռուպցիայի դեմ եւ գիշեր-ցերեկ մտածելու էր միմիայն ժողովրդի բարօրության մասին: Մեր անհեռատես ժողովուրդն արեց իր իշխանափոխությունը եւ քայլ արածներին բերեց իշխանության: Թե այդ երեք միլիոն վարչապետ ունեցող իշխանությունը մինչեւ 2020թ. սեպտեմբերի 27-ը ինչ արեց երկրի եւ ժողովրդի համար, բոլորս ենք տեղյակ, սակայն տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ի պատերազմը, որի ընթացքում կորցրինք Արցախի տարածքի 75 տոկոսից ավելին, 5 000-ին մոտ զոհեր, հազարավոր անհետ կորածներ, վիրավորներ, գերիներ: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը հայտնվեց այնքան թույլ ու նվաստացուցիչ վիճակում, որ Ադրբեջանը անարգել ձեւով՝ առանց ռազմական հարձակման, մեր ստրատեգիական տարածքներից՝ Սյունիքից, Գեղարքունիքից գրավեց մի շարք կարեւոր հատվածներ, որոնք մինչ այսօր էլ գտնվում են նրա տիրապետության տակ եւ հույսեր էլ չկան, թե դրանք երբեւէ հետ կտրվեն Հայաստանին:
Եվ ահա այս իրավիճակում, երբ զոհասեղանին են դրված Արցախի եւ Հայաստանի ճակատագրերը, փոխանակ ազգովին համախմբվելու, միակամվելու եւ մի բռունցք դարձած պայքարելու թշնամու դեմ, ժողովրդի այդ հարուստ հատվածն այսօր էլ հոգի է տալիս փողի համար, բացարձակապես չի հասկանում, թե ինչ պետք է անի այդ փողերը, եթե լուրջ կորստյան վտանգի առջեւ է Հայաստան պետության, պետականության ապագան:
Փողով հայրենիք եւ երջանկություն չես ունենա եւ փողը թալանչիներին չի փրկի թուրքերի պատժից:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական
ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
05.05.2022