Հարցազրույց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, տենոր Հովհաննես Այվազյանի հետ
– Հարգարժան Հովհաննես, ողջունելի է, որ բարձրակարգ արվեստագետը ճանաչված, սպասված ու սիրված է դառնում նաեւ իր մարդկային որակների շնորհիվ։ Նորություն չէ ձեր խիտ հյուրախաղային գրաֆիկը, բայց այս անգամ շուրջ երկու ամիս կրկին հյուրախաղերի պատճառով ձեր բացակայության փաստը նույնիսկ հանդիսատեսին էր անհանգստացնում։ Նրանց մեծ մասը որպես պատճառ հավանական էր համարում մեր օրերում օդային տրանսպորտի հաճախ հանդիպող անկանոն աշխատանքը։ Մի մասն էլ համոզված էր, որ դուք հեղինակավոր «Բոլշոյ» եւ Մարիինյան թատրոններից բացի, հավանաբար հանդես եք եկել ռուսաստանյան այլ թատրոններում եւս, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով նաեւ մշակույթի ոլորտին առնչվող սանկցիաները «ստիպեցին» Ռուսաստանին էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել օպերային արվեստին՝ ընդլայնելով օպերային թատրոնների աշխարհագրությունը՝ ընդգրկելով նաեւ փոքր քաղաքները։
– Շնորհակալ եմ նման ուշադրության համար։ Նախօրոք կնքված պայմանագիրը պահանջում էր Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում հանդես գալ Տուրիտուի (Մասկանի՝ «Գեղջկական պատիվ») եւ Կալաֆի (Պուչինի՝ «Տուրանդոտ») դերերգերով, ապա «Բոլշոյում»՝ Խոզե (Բիզե՝ «Կարմեն») ու Կավարադոսի (Պուչինի՝ «Տոսկա»)։ Իսկապես երկարեց այցս, որովհետեւ «Բոլշոյից» հետո կրկին հրավիրեցին Մարիինյան՝ այս անգամ Կավարադոսիի դերերգի համար։ Մայիսի 13-ին մեր թատրոնում հանդես կգամ «Կարմենում», որից հետո դարձյալ հյուրախաղ՝ այս անգամ Պերմի պետական օպերային թատրոն, որտեղ հունիսին կկայանա Բելինիի «Նորմա» օպերայի պրեմիերան, հանդես կգամ Պոլեոնի դերերգով, իսկ Նորմայի կերպարում կլինի օպերային դիվա Վերոնիկա Ջոեւան։
– Ձեր ռուս կոլեգաները հիմա ստիպված են հանդես գալ միայն իրենց երկրում, իհարկե՝ որոշ բացառությամբ, օրինակ՝ Աննա Նետրեբկոն վերջերս մենահամերգ է ունեցել «Լա Սկալայում», ամուսնու հետ էլ՝ Մոնտե Կառլոյում, Պուչինիի «Մանոն Լեսկո» ներկայացման մեջ…
– Աննա Նետրեբկոն բացառություն չէ։ Նրա անունը շատ է հոլովվում, քանի որ հնչեղ անուն է։ Ռուս կոլեգաներ գիտեմ, որոնք այսօր էլ բեմ են բարձրանում արեւմտյան հեղինակավոր մշակութային օջախներում։
Կարդացեք նաև
– Բայց աշխարհահռչակ դեմք է նաեւ Վալերի Գերգիեւը, որը անկասկած կարող էր շարունակել իր գործունեությունը Արեւմուտքում։ Բայց նա նախընտրեց իր երկիրը։ Ռուսաստանյան որոշ TV-ներ, համացանցի հազարավոր օգտատերեր խրախուսելով մաեստրո Գերգիեւի քայլը, քննադատում են Նետրեբկոյի վարքագիծը, շեշտելով, թե նա Նետրեբկո դաձավ հենց Գերգիեւի շնորհիվ։ Կուզեինք լսել ձեր տեսակետը։
– Բնականաբար, ես լավ հարաբերություններ ունեմ եւ մաեստրոյի, եւ Նետրեբկոյի հետ։ Վերջինս հիանալի անձնավորություն է, բայց նրա ընտրությունը չեմ կարող մեկնաբանել։
– Իսկ եթե, Աստված մի արասցե, դուք հայտնվեիք նման իրավիճակում…
– Ես կընտրեի իմ երկիրը, անխոս։ Ի դեպ, այս հյուրախաղի ընթացքում «Գեղջկական պատիվը» ղեկավարեց Վալերի Գերգիեւը։ Երկար զրույց ունեցա նրա հետ։ Կարոտով հիշում էր իր երիտասարդ տարիքի այն շրջանը, որ Հայաստանում էր՝ ղեկավարում էր մեր ֆիլհարմոնիկ նվագախումբը… Իսկ գիտե՞ք, որ այսօր Մարիինյան թատրոնի հարուստ խաղացանկի հետ չի կարող համեմատվել եւ ոչ մի այլ հռչակավոր թատրոն։ Մի բան էլ. մաեստրոն հիշեց Գեղամ Գրիգորյանի հետ իր ընկերության ու բարեկամության շրջանը եւս…
– Հավանաբար դուք էլ հիշեցիք 2014 թվականը, երբ առաջին անգամ Մարիինյան թատրոնում մաեստրոյի ղեկավարությամբ հանդես եկաք «Տոսկայում»… Եթե չենք սխալվում՝ դուք Մարիինյան թատրոնի հրավիրյալ մեներգիչ եք։ Գուցե լայն ընթերցողին ներկայացնե՞ք՝ ինչ է նշանակում դա։
– Հրավիրյալ արտիստներ ունենալը թանկ հաճույք է, այսինքն՝ թատրոնը պետք է ունենա մեծ բյուջե։ Հասկանալի է, չէ՞, որ ամեն թատրոն չի կարող իրեն նման շռայլություն թույլ տալ։
– Տարիներ շարունակ սպասված հյուր եք ոչ միայն «Բոլշոյ» եւ Մարիինյան թատրոններում, այլեւ Ֆրանկֆուրտի, Հոնովերի, Վարշավայի թատրոններում, Արենա դի Վերոնայում եւ այլուր, որտեղ մեծ հոնորարներ են…
– Երգիչներս նաեւ մեծ գումարներ ենք «դուրս տալիս»։ Ցանկացած երկրում բեմ բարձրանալիս հարկ ես մուծում՝ 25-40 տոկոսի չափով, վճարում ես նաեւ ագենտին, չհաշված ճանապարհածախս, հյուրանոցներ եւ այլն։ Այդ առումով ռուսաստանյան սերվիսը շատ ավելի բարձր է. ներառում է արտիստին դիմավորելուց մինչեւ կեցության վայր ուղեկցելը, հետո ճանապարհելը, չմոռանամ նշել ճանապարհածախսի մասին։ Հենց այս սերվիսն էր, որ մինչ պատերազմը Ռուսաստան էր ձգում արեւմտյան շատ արտիստների։
– Ոչ հաճախ, բայց լսում ենք, որ այս կամ այն արտիստը՝ խոսքը բարձրակարգ մասնագետի մասին է, ունի բիզնեսմենին հատուկ մտածելակերպ, ինչով եւ առաջնորդվում է…
– Իմ դեպքում դա բացառվում է։ Ոչ թե հեռու եմ, այլ բացարձակ չունեմ բիզնես մտածելակերպ։ Այնուամենայնիվ, արտասահմանում ունեմ որոշ գործընկերներ, որոնք զուգահեռում են իրենց բեմական գործունեությունը արվեստի հետ բացարձակ կապ չունեցող բիզնեսին։
– Մեր հարցը մշակութային բիզնեսի մասին է։
– Նման բիզնեսով զբաղվում են ագենտները։ Իհարկե, կան նախագծեր, որոնցով կարելի է աշխատել լուրջ գումարներ, օրինակ՝ «Երեք տենոր» նախագիծը։ Բայց վերջին տարիներին, ավելի ճիշտ՝ այդ նախագծի ավարտից հետո, նման շահութաբեր մեկ այլ նախագիծ չգիտեմ։
– Ասում են՝ ամիսներ ձգվող հյուրախաղերի ժամանակ դժվար եք դիմանում ձեր զույգ երեխաների կարոտին։ Եղել են դեպքեր, երբ նույնիսկ հյուրախաղերից եք հրաժարվել։
– Ճիշտ են ասում։ Օրինակ, դեռեւս Ռուսաստանում էի, երբ ստացա «մայիսյան» հրավեր (ժպտում է-Ս.Դ.), բայց հրաժարվեցի, որ տուն գամ։
– Այնուամենայնիվ, եղել են կամ գուցե կլինե՞ն առաջարկներ, որ նույնիսկ երեխաների կարոտը չի խանգարի դրանք ընդունել։
– Դա կլինի բացառություն։ Թույլ տվեք դեռեւս փակագծերը չբացել, բայց դժվար կլինի հրաժարվելը Ռադամեսի դերերգից (Վերդի՝ «Աիդա»), որի պրեմիերան նախատեսված է 2022-23թթ. թատերաշրջանում, հռչակավոր թատրոններից մեկում։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
05.05.2022