Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես գնում եմ, որ ձեր համար լավ լինի»

Մայիս 06,2022 12:30

Մուշեղ Մուրադյանն առանց երկմտելու կամավորագրվել էր հայրենիքը պաշտպանելու համար ու ընկել թշնամու գնդակից

Արցախյան երկրորդ պատերազմում է անմահացել Մուշեղ Սարգսի Մուրադյանը:
Մուշեղը ծնվել է 1993 թվականի ապրիլի 21-ին, Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: 2000-2009թթ. սովորել է նույն գյուղի միջնակարգ դպրոցում:

Մուշեղը 2011 թվականի մայիսի 25-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է ԼՂՀ-ում, Արա լեռ կոչվող շրջանում: Նա պարտադիր զինվորական ծառայության ընթացքում աչքի է ընկել եւ արժանացել մի շարք պատվոգրերի, շքանշանների, շնորհակալագրերի: Ծառայության ընթացքում պարգեւատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ», «ՀՀ ԶՈՒ լավագույն զինվոր-մարզիկ» եւ «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով:

Մուշեղը զորացրվել է 2013 թվականի հունիսի 25-ին, որպես հետախուզական ջոկի ավագ սերժանտ: «Մուշեղս շատ դրական, ժպտերես ու աշխատասեր տղա էր։ Շատ մեծ ընկերական շրջապատ ուներ, շատ էր սիրում ընկերների ու բարեկամների հետ ժամանակ անցկացնել»,- մեզ հետ զրույցում ասում է Մուշեղի քուրը` Անուշը։ Մուշեղն աննկարագրելի սեր է ունեցել ազգային երգ ու պարի նկատմամբ։ «Պարով էր ապրում, աննկարագրելի սիրում էր հայկական երգն ու պարը։ Ինքը երեւի քնած ժամանակ երազում էլ էր պարում։ Հիշում եմ` ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը ոչ մի գործ չէր պլանավորում, որ գնար իր սիրելի խմբում պարելու։ Ու հիմա էլ հենց պարի խումբ եմ տեսնում պարելիս, մտածում եմ` նա էլ է խմբում պարում»,-հուզված պատմում է քույրը։

Մուրադյանը մեծ առաջարկներ է ստացել արտերկիր մեկնելու եւ բարձր աշխատավարձով աշխատելու, սակայն նա դրան դեմ է եղել, նախընտրել է մնալ իր սիրելի երկրում եւ շինարարություն անել իր իսկ սիրելի Երեւան քաղաքում։ Հարազատները պատմում են` երբեք չի էլ փորձել մտածել երկիրը լքելու մասին։ Ասում են՝ Մուշեղը միշտ ասում էր. «Երբեք մի ասեք` ես այս բանը կուզենայի ունենալ, այլ ասեք` ես դա պիտի՛ ունենամ։ Սեփականացրեք ձեր երազանքները, որ դրանք շուտ կատարվեն»։

Քույրն ասում է. «Մուշեղը հիմնականում չէր սիրում խոսել իր երազանքների մասին, դրանք պահում էր իր մեջ: Միայն անընդհատ ասում էր, որ իր գերագույն երազանքը Հայաստանն ավելի լավ դարձնելն է, ասում էր՝ Հայաստանս այնքան լավն է դառնալու, որ բոլոր գնացողները հետ են գալու»:

Մուշեղն այն տղաներից էր, որոնք առաջին իսկ օրվանից առանց երկմտելու կամավորագրվեցին եւ գնացին հայոց հողը պաշտպանելու: Հենց 2020թ. սեպտեմբերի 27-ին նա կամավորագրվեց եւ սեպտեմբերի 28-ին կամավորականների խմբով գնաց Ջրական:

«Սեպտեմբերի 27-ին աշխատանքի էր: Աշխատանքից դուրս էր եկել ու միանգամից եկել տուն անձնագիրն ու զինվորական գրքույկը վերցնելու: Հիշում եմ՝ տանից շատ արագ դուրս եկավ: Մեզ առանց հրաժեշտ տալու գնաց ու կամավորագրվեց: Մտածում էինք, որ նույն օրը չեն տանի ու այդ օրը ինքը կգա տուն: Գիշերը մոտավորապես 12-ի կողմերը զանգեց ու ասեց՝ գնում ա»,- ասում է Անուշը:
Երբ Մուշեղը ճանապարհին է եղել, հարազատները նրան զանգել են ու խնդրել, որ չգնա: Մուշեղն էլ պատասխանել է՝ «Ես գնում եմ, որ ձեր համար լավ լինի»:

«Գնալու օրվանից սկսած միշտ զանգել ու հաղորդագրություններ է ուղարկել: Միշտ այնպես էր խոսում կամ գրում, որ երբեք չենք պատկերացրել, թե որտեղ է, ու ինչ է կատարվում այնտեղ: Հիմնականում լուսադեմին էր զանգում, արդեն ժամերն անգիր էի արել ու հեռախոսս ամբողջ օրը գրկած ման էի գալիս, որ ոչ մի զանգ կամ հաղորդագրություն բաց չթողնեմ»,- ասում է քույրը:

Ըստ Մուշեղի հարազատներին հասած տեղեկությունների, Մուշեղն ու իր հետ կռվող կամավոր տղաները սեպտեմբերի 30-ին գրավում են Վարազաթումբը (Լելե Թեփե), րոպեներ անց ադրբեջանական զինված ուժերը հարձակում են գործում եւ հայկական կողմն այդ հարձակման հետեւանքով մեծ թվով զոհեր է ունենում, որոնց թվում էր նաեւ Մուշեղ Մուրադյանը:

«Տեսանյութ կա, որում երեւում է, թե ինչպես են մեր տղաները դիրքը գրավելուց հետո հայկական դրոշը դնում բարձունքում: Այս ամենից րոպեներ անց ադրբեջանական զորքերը մեծ խմբերով հարձակվում են եւ ծանր զինտեխնիկա օգտագործում, որի հետեւանքով Մուշեղս ու իր հետ կռվող շատ տղաներ զոհվում են: Վերջին անգամ նույն օրը առավոտյան էր գրել ինձ, իսկ դեպքը տեղի էր ունեցել կեսօրին»,- ասում է քույրը:

Անուշ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031