Լրահոս
Օրվա լրահոսը

Տներն ու նկուղները երկար ժամանակ լցված է եղել խմելու ջրով, ստիպված են եղել ջրի պոմպեր միացնել, որպեսզի ջուրը տները չլցվի

Մայիս 06,2022 14:00

Ցանկացած բողոքի դեպքում «Վեոլիա ջուր» ընկերությունը բնակիչներին պատասխանում էր. «Տարածքի կառուցապատման ընթացքում խախտվել են ՀՀ հողային եւ ջրային օրենսգրքի պահանջները, որոնց համաձայն՝ ջրամիացման եւ ջրահեռացման համակարգերին հարող տարածքները համարվում են անօտարելի գոտիներ եւ ենթակա չեն օտարման կամ մասնավորեցման»: Ուշադրության արժանի է այն, որ քաղաքապետից ստացված պաշտոնական գրության համաձայն. «Նշված տարածքում հողատարածքի որեւէ օտարում չի կատարվել»:

ՀՀ վճռաբեկ դատարանը վերջերս՝ ապրիլի 22-ին թիվ ԵԴ/0208/11/21 որոշմամբ մերժել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Բաղդասարյանի` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 13.01.2022 թ. որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։

«Վեոլիա ջուր» ընկերության 2016-18թթ. անգործությամբ պայմանավորված՝ Երեւանի Խ. Դաշտենցի 8- 32 բնակելի տների սեփականատերերին պատճառվել էր առանձնապես խոշոր չափերի նյութական, գույքային վնաս։ Նախնական հաշվարկներով՝ մոտ մեկ միլիոն դոլարի վնաս: Իրավապաշտպան Խաչիկ Մարոզյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա Էրեբունու քննչական բաժնում 2018 թվականին հարուցվել էր քրեական գործ։ Իսկ երկու տարի հետո՝ 2020 թվականին քննիչի կողմից քրեական գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով։ Քննիչի հիշյալ որոշման դեմ սահմանված կարգով ներկայացվել էր բողոք Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Դատարանը 2021 թվականի որոշմամբ բողոքը մերժել էր։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, 2022 թ. հունվարի 13-ին բավարարել էր բնակիչների անունից Խ. Մարոզյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը։


Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խ. Մարոզյանը «Առավոտին» երեկ տեղեկացրեց, որ 2018 թ. իրենց կազմակերպությանն են դիմել Խ. Դաշտենցի փողոցի 8-32 հասցեների բնակիչները, որոնք՝ թվով տասներկու բնակիչներ, հայտնել են, որ «Վեոլիա ջուր» ընկերության պատճառով իրենց տներն ու նկուղները երկար ժամանակ լցված է եղել խմելու ջրով, ստիպված են եղել ջրի պոմպեր միացնել, որպեսզի ջուրը տները չլցվի: Խոնավության պատճառով նրանց տները նստվածք են տվել, ճաքեր են առաջացել, պատեր են քանդվել:

Բնակիչները դիմել էին «Վեոլիա ջուր» ընկերությանը, հայտնել են, որ Դաշտենցի փողոցով անցնող խմելու ջրագիծը մոտ 150 մետր երկայնքով վնասված է, ջուրը հոսում է դեպի իրենց տները, սակայն ընկերությունն անտարբեր է գտնվել սպառողի նկատմամբ ունեցած իր պարտավորություններին, չի ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ, քայլեր, որպեսզի փոխարինի վնասված ջրագծերը նորով, ինչի պատճառով նրանց տները հայտնվել են փլուզման եզրին, աղետալի վիճակում են:

Ըստ Խ. Մարոզյանի, պարզվել էր, որ խմելու ջրի երկարատեւ արտահոսքի պատճառով, բնակիչները կրել են առանձնապես խոշոր չափի վնաս, տների հիմքը նստել է, առաստաղները կախվել, ճաքեր են տվել պատերը:

Անցյալ տարվա օգոստոսի 1-ին, 2-ին, 3-ին կազմակերպվել են տեղատեսություններ, իրավապաշտպան կազմակերպությունը մասնագետների ներկայությամբ լսել է բնակիչներին, որոնք օրվա տարբեր ժամերին չափել են նկուղներում առկա ջրի քանակը, որոշակի ժամերի միացրել են ջրի արտամղիչ պոմպեր, որպեսզի ջուրը նկուղից տուն չբարձրանա, կատարվել են նկարահանումներ, կազմվել է արձանագրություն:

«Օգոստոսի 2-ին զանգեցինք ընկերություն, ՀՀ առողջապահության նախարարության տեսչություն, Երեւանի քաղաքապետարանի թեժ գիծ, պահանջելով վերացնել վթարային վիճակը: «Վեոլիա ջուր» ընկերությունը հինգ ժամ անջատեց ջուրը, շինվերանորոգման աշխատանքներ կատարեց, վերացնելով ջրի արտահոսքը»,- ասում է Խ. Մարոզյանը:

«Գույքն անզգուշությամբ վնասելը կամ ոչնչացնելը» հոդվածի հատկանիշներով (ՀՀ քրեական օրենսգրքի 186 հոդված), բնակիչները պահանջել են քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին, տանել նախաքննություն: Այդ հոդվածը սահմանում է տուգանք-պատիժ՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Այս բնակիչների տները ենթակա են ամրացման, վերանորոգման, իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է, որպեսզի վերականգնվի բնակիչներին հասցված վնասը, նրանց տրվի տուժողի կարգավիճակ, հատուցում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031