Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մրցավազք, թե՝ ով է Հայաստանը դնելու զոհասեղանին

Մայիս 06,2022 12:00

Հայաստանն Ալիեւի համար դեռ սպառնալիք է, սակայն ներկայիս իշխանության համար Հայաստանը հնարավորություն չունի՞ ոտքի կանգնելու…

Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ինչպես բանակցային ողջ գործընթացի ընթացքում միջազգային հանրությունը հայկական կողմից ակնկալել է, այնպես էլ հիմա է ակնկալում նշաձողի իջեցում Արցախի կարգավիճակի հարցում եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, Հայաստանում ընդդիմությունը թեժացրել է պայքարը: Փաշինյանը լիովին անկեղծ չէր, երբ նշեց. «Մեղավոր եմ, որ 2018-19թթ. մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր, կրկնում եմ՝ բոլոր, հեռու եւ մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները եւ իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը։ Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Բազմիցս հիշեցվել է դեռ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Ալիեւի աղմկահարույց խոստովանությունը, որ միջազգային հանրությունը ստիպում է իրեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Ընդամենը մեկ շաբաթ առաջ Ալիեւը, ըստ էության, կրկնեց այդ միտքը՝ այլ կոնտեքստում: Նա «Հարավային Կովկաս. զարգացում եւ գործակցություն» համաժողովում հեգնել է, թե մարդիկ, ովքեր 2019թ. ասում էին Ղարաբաղը Հայաստան է, հիմա համաձայնվում են, որ Ղարաբաղն Ադրբեջան է: «Դեռ նախքան Ուկրաինայի իրադարձությունները` միջազգային հանրությունը միշտ բացահայտ կերպով պաշտպանում էր Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը: Բայց երբ գործը հասնում էր մեզ, ուղերձը հետեւյալն էր՝ «խաղաղություն կնքեք Հայաստանի հետ»: Ապա՝ նա հավելել է, թե՝ «Ինչպես կարելի է խաղաղություն կնքել ագրեսորի հետ, որը զավթել է մեր հողերը… Հետո մենք տեսանք հետեւյալը. որքան շատ ենք փորձում խաղաղության հասնել, այնքան թշնամական է դառնում ագրեսորը… Նրանք ասում էին՝ Ղարաբաղը Հայաստան է…»: Ընդհանուր առմամբ՝ Ալիեւի խոսքերում ժամանակ առ ժամանակ նկատվում է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ, Ալիեւի մատուցմամբ՝ «ոչ արդարացի» մոտեցում: Իսկ սա վկայում է այն մասին, որ միջազգային հանրությանը հղում կատարելիս՝ Նիկոլ Փաշինյանն իսկապես անկեղծ չի ամբողջությամբ:

Եթե Փաշինյանի իշխանությունը շարունակի այս քաղաքականությունը վարել, քիչ անց, Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանին ներկայացված տարածքային պահանջներն էլ միջազգային հանրության որոշ հատվածի մոտ, միգուցե սկսեն մատուցել հետեւյալ՝ «այդպես է ընկալում միջազգային հանրությունը» պատճառաբանություն-արդարացում համատեքստում:

Եվ ընդհանրապես, ինչի՞ համար է ծառայում իշխանությունը, եթե չպետք է պաշտպանի իր պետության շահը, որը հնարավոր է՝ ոչ միայն դուր չգա թշնամական պետության իշխանություններին, այլեւ որոշ՝ «հեռու ու մոտիկ բարեկամներին»: Իշխանության գործն է՝ իր շահն առաջ տանելը, ինչպես վարվեցին Հայաստանի հանդեպ ակնհայտ թշնամական քայլեր իրագործած երկրները եւ հաջողության հասան: Նրանք այսօր էլ զբաղված են դրանով, ինչի արդյունքում մեր իշխանությունը շարունակում է հանդես գալ ծնկածի դիրքերից:
Պատերազմում տարած պարտությունը չի ենթադրում, որ հարաբերական խաղաղության պայմաններում, այս կամ այն բանակցություններում պարտված կողմը ցանկացած հարցում պետք է զիջի հաղթանակած կողմին: Ղարաբաղյան առաջին պատերազմում Ադրբեջանն էր պարտվել, ու թեեւ աշխարհի բոլոր ամբիոններից նրանք խոսում էին՝ «մեր երկրի մի մասը կորցրել ենք» ու «մեկ միլիոն փախստականներ ունենք», բայց նրանք շարունակում էին ամրանալ:

Հայաստանի ներկայիս իշխանությունը, կարծես, ընդհանրապես բացառում է պետության դիրքերի ամրացումը՝ որպես պետական շահի առաջմղման կարեւոր գործոն: Մինչդեռ դրանից ամենեւին չի բխում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բանակցելու հնարավորության արգելափակում: Ընդհակառակը՝ ամրացող Հայաստանը բոլորի հետ բանակցելիս կստանա լրացուցիչ կռվաններ:

Նույնիսկ այսօր՝ պատերազմում պարտված հայկական կողմը Ադրբեջանի ու Թուրքիայի համար ինչ-որ առումով դեռ որոշակի սպառնալիք է, հակառակ դեպքում Ալիեւը պարբերաբար հրապարակավ չէր սպառնա՝ «Հայաստանը չպետք է զինվի», Հայաստանը չպետք է վարվի այսպես, կամ այնպես… Ալիեւը Հայաստանից վտանգ տեսնում է, այդ իսկ պատճառով էլ շտապում է «խաղաղության համաձայնագիր» ստորագրելու հարցում:

Այսինքն, ի՞նչ է ստացվում, Հայաստանն Ալիեւի համար դեռ սպառնալիք է, սակայն Հայաստանի ներկայիս իշխանության համար Հայաստանը հնարավորություն չունի՞ ոտքի կանգնելու…

Մեր տարածաշրջանում բավական բարդ ու բազմաշերտ գործընթացներ են ծավալվում: Ակնհայտ է, որ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա կարգավորման խնդիրները տարբեր կենտրոնների շահերի բախման կիզակետում են հայտնվել: Հայաստանում ընթացող ներքաղաքական իրադարձությունները նույնպես այդ գործընթացների անբաժանելի մասն են, եւ տարբեր կենտրոններ Հայաստանին ձգտում են մղել իրեն շահին ու պատկերացումներին համապատասխան ուղղություններով:

Հայաստանը զոհասեղանին դնելու ու Հայաստանի վերջնական պարտությունն արձանագրելու հարցում, կարծես, մի յուրօրինակ մրցավազք է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների միջեւ: Մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունն է, որը հաշտվել է մտքի հետ, որ Հայաստանը դատապարտված է զոհաբերվելու: Իսկ Հայաստանի հասարակությանը մնացել է որոշել՝ թե որ կենտրոնն է ավելի նպատակահարմար, որպեսզի Հայաստանը դնի այդ զոհասեղանին:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Իհարկե, աշխարհաքաղաքական կենտրոնները մեծ դերակատարություն ունեն փոքր պետությունների համար, սակայն եթե հայ հասարակությունը որոշի ամեն կերպ անկոտրում պայքարել Հայաստանի և Արցախի համար, ապա աշխարհաքաղաքական կենտրոնները ստիպված են լինելու հաշվի առնել նաև հայ ժողովրդի շահերը: Այն ազգը, որը չի ուզում զոհաբերվել, նա պատմության ոչ նպաստավոր ժամանակահատվածներում համախմբվում է, պայքարում իր գոյության համար և վաստակում իր լինելիության իրավունքը: Իսկ չպայքարող ազգերը հույսը դնելով այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի վրա, զոհաբերվում են, ուծացվում և հեռանում պատմության էջերից:
    Այսօր հայ ժողովուրդը կարծես թե թոթափում է իր հուսահատությունը, փորձում է ազատվել պարտությանը համակերպված իշխանությունից և ապավինել իր արթնացող ուժին:

  2. Հայկ համբարձումեան says:

    Դուք շատ ազնիւ էք, ստախօսին համար անկեղծ չէ կ՝ըսէք. անկեղծ չեղողի՞ն ինչ կ՝ըսէք։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031