Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ կգտնեք ձեր շատ հարցերի պատասխաններ». Նախագահ Խաչատուրյանը՝ տնտեսագետներին

Մայիս 05,2022 22:33

Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Հ. Թեյլերի «Սխալ վարքագիծ» գիրքն արդեն հայերենով հասանելի է ընթերցողին: Այն լույսընծայել է «Անտարես» հրատարակչությունը: Շնորհանդեսը, որին մասնակցում էր նաեւ գրքի խմբագիր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, տեղի ունեցավ Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնում։ «Սխալ վարքագիծը» անգլերենից թարգմանել է Նունե Գաբրիելյանը։ Շնորհանդեսին նախագահը ժպտալով ասաց, որ շատ է չարչարել թարգմանչին, որը տիտանական աշխատանք է կատարել:

Ռիչարդ Հ. Թեյլերն իր ողջ կարիերայի ընթացքում ուսումնասիրել է արմատական այն գաղափարը, որ տնտեսագիտության կենտրոնական խաղացողը սխալների հակում ունեցող, կանխատեսելի մարդն է: «Սխալ վարքագիծը» կլանող, հետաքրքրաշարժ պատմություն է ակադեմիական գիտակարգերը վերանայելու և տնտեսագիտության, ինքներս մեր ու աշխարհի վերաբերյալ մեր մտածելակերպի փոփոխության մասին:

Գրքի տպագրության մեկենասն է «Ապավեն» ընկերության տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Նա ասաց, որ հպարտ է հերթական գրքի տպագրությանն աջակցելու համար: «Այն, ինչ այսօր հասարակությանը չի բավականացնում, ամբողջովին չի հերիքում, հիմնականում գալիս հասնում է գիտությանը եւ կրթությանը: Հենց դրա պակասն ունենք»,-նշեց Արսեն Ղազարյանը: «Ուրախ եմ, որ գիրքը տպագրվեց, երիցս ուրախ եմ, որ մեր վաղեմի բարեկամ, այժմ գործող նախագահ Վահագն Խաչատուրյանն է այն խմբագրել»,-ասաց նա:

«Ես կխոսեմ որպես մի մարդ, որը գրքի վրա բավականին ժամանակ է ծախսել, բայց դա ստեղծագործական ժամանակ էր…Հատկապես տնտեսագետներիս համար այս գիրքը շատ կարեւոր է »,-ասաց Վահագն Խաչատուրյանը:

«Վերջին տարիներին բոլորն այն  ուղղությամբ են իրենց ուսումնասիրությունները կատարում, որ տեղի ունեցող երեւույթներն ավելի շատ հոգեբանական նշանակություն ունեն, եւ հոգեբանական գործոնը շատ ավելի կարեւոր է, քան տնտեսագիտական ընդհանուր մոտեցումներով սկզբունքներով տեղի ունեցող երեւույթները ներկայացնելը: Այդ առումով, որեւէ մեկը չի կարող բացատրել, թե ինչու օրինակ Այֆոն հեռախոսը, որն ամենաթանկն է, այդպիսի մեծ պահանջարկ ունի, թեեւ առանձնապես իր ֆունկցիաներով նմանատիպ հեռախոսներից շատ չի տարբերվում: Բացատրությունը զուտ հոգեբանական է: Էլի տնտեսական երեւույթներ կան, որոնց ուսումնասիրությունը բերում է նրան, որ հոգեբանական գործոններով է շատ բան պայմանավորված»,-հավելեց Խաչատուրյանը:

Նա  տնտնտեսագետներին ասաց, որ սա ավելի շատ գիրք է հենց նրանց համար. «Դուք այստեղ  կգտնեք շատ հարցերի պատասխաններ, որ կարող եք գտնել ձեր բիզնես գործունեության մեջ՝ ինչու սա այսպես եղավ, մյուսն՝ այնպես: Թեյլերն ավելի շատ գործնական տնտեսագետ է եղել կամ կիրառական տնտեսագետ: Նա իր բոլոր եզրակացությունների մեջ մինչեւ ուսումնասիրություններ չի կատարել, թվերի հետ գործ չի արել, դրանք չի վերլուծել, որեւէ կարծիք չի հայտնել»:

Նախագահն ասաց, որ Թեյլերը տնտեսագետներին անվանել է տնտեսներ. «Մի քիչ վիրավորական է, բայց երեւի ինքն այդպես էր ուզում մեզ անվանակոչել, իհարկե վերջում գրում է, որ համոզված է՝ իրենից տնտեսագետները չեն նեղացել»:

«Այսօր ծնունդ է, այսօր Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի ծնունդն է»,-ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Ապա ընդգծեց, որ  ցանկացած գիրք մինչեւ  չթարգմանվի մայրենիով, չծլարձակի մայրենիի հողում, չի ընկալվի: «Մենք եւ մյուս հրատարակիչները փորձում ենք տարբեր բնագավառների համար բառապաշար ստեղծել»,-ասաց հրատարակիչը: Նա ներկայացրեց, թե ինչպես է ծնվել Արսեն Ղազարյանի եւ Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի հետ իրենց  համագործակցությունը:

Անվանի տնտեսագետ,  ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը ներկայացրեց գրքի կարեւոր առանձնահատկությունները:  Պրոֆեսորի խոսքով. «Եթե մեզ փորձում ենք տեսնել քաղաքակրթության ամբողջ տարեգրության մեջ, ապա չեմ կարող չնկատել, որ այսօրվա միջոցառումը մի պատառիկ է այդ քաղաքակրթության, ցավոք շատ դեպքերում կորսված քաղաքակրթության»: Հայկ Սարգսյանի ձեւակերպմամբ, Ռիչարդ Հ. Թեյլերի «Սխալ վարքագիծ» գիրքը միջգիտական է իր բնույթով, միջ դիսցիպլինար, որը շոշափում է ընդհանրապես գիտականի ամենատարբեր կողմերը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031