Սահմանամերձ Բերդ համայնքի «Արևաբերդ» կինոթատրոնում ցուցադրվել է «Զուլալի» ֆիլմը, որը նկարահանվել է անվանի արձակագիր Նարինե Աբգարյանի համանուն նովելի հիման վրա: Կինոթատրոնի վերաբացումն ազդարարող կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվել է արձակագիր Նարինե Աբգարյանին և ռեժիսոր, պրոդյուսեր Հայկ Օրդյանին:
Ֆիլմի գործադիր պրոդյուսեր Արմեն Մելիքյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ «Զուլալի»-ի նկարահանման աշխատանքները սկսվել են 2019 թվականից և իրականացվել Տավուշի մարզի Նավուր և Այգեձոր գյուղերում։ Ֆիլմի գլխավոր դերերում են Հերմինե Ստեփանյանը, Մարինե Պետրոսյանը և Արտյոմ Մելիքյանը, իսկ երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն է։
Կարդացեք նաև
Ֆիլմը պատմում է սահմանամերձ գյուղում ապրող հայկական ընտանիքի մասին, որտեղ կան բազմաթիվ խնդիրներ և հոգեբանական ծանր ապրումներ։ Գլխավոր դերակատարներից բացի, Արմեն Մելիքյանն առանձնացրեց նաև հայ կնոջ վառ կերպար ներկայացնող՝ Աքիրի կերպարը, որը չափազանց հոգատար է և բարի։ Մելիքյանը տեղեկացրեց նաև, որ «Արևաբերդ» կինոթատրոնին կից մասնաշենքում բացվել է նաև Վիկտոր Հայրապետյանի նախագծած և սեփական միջոցներով կառուցած ժամանակակից արվեստի թանգարանը։ Նա մշտական ցուցադրության համար թանգարանին է նվիրաբերել իր մասնավոր հավաքածուի նկարներից, որոնք գտնվում են Երևանում, Սոչիում, Սանկտ-Պետերբուրգում և Բոստոնում։ Թանգարանը զարդարում են հայտնի ֆրանսահայ գեղանկարիչներ Գառզուի և Ժանսեմի, ինչպես նաև հայ ժամանակակից գեղանկարիչներ Հենրի Էլիբեկյանի, Գագիկ Ղազանչյանի, Ալբերտ Հակոբյանի, Սարգիս Համաբաշյանի, Ռոմեո Մելիքյանի և այլոց հայտնի բարձրարժեք աշխատանքներ: Թանգարանին կից գործող երկու կինոսրահներից մեկը նախատեսված է միայն մշակույթի և հանրային դեմքերի մասին պատմող ֆիլմերի ցուցադրման համար։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի