Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանը «Բարեփոխված» ոստիկանությունը ձեռագիրը չի փոխում. բիրտ ուժ կիրառելու ավանդույթները շարունակվում են» թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ ինքը այս օրերին բազմաթիվ խոշտանգումների գործերով դատարաններում, իրավապահ մարմիններում ներկայացնում է տուժողների շահերը:
Նա ասաց. «Այսօր, համեմատում էինք 2018 թվականի եւ այս մի քանի օրվա դեպքերը: Ձեռագիրը, միջոցները նույնն են. ոստիկանությունն ինչպես է հավաքները ցրում, մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրում, ինչպես են նույնականացումը անձնական տվյալների պաշտպանության հետ կապված խախտում: Դա միայն այս մի քանի օրվա պատկերը չէ, որովհետեւ իրավապահ եւ դատաիրավական համակարգում իբրեւ թե «բարեփոխումներ» իրականացրեցին, բայց այսօր դա չենք տեսնում:
Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո հայտարարեց, որ այլեւս նոր Հայաստանում բռնություններ չպետք է լինեն: Սակայն ես իմ աշխատանքի ընթացքում, կարելի է ասել, հետաքննություն եմ անցկացրել եւ պարզել, որ այն անձինք՝ պաշտոնատար ոստիկանների մասին է խոսքը, ովքեր խոշտանգման գործով գտնվում են ամբաստանյալի աթոռին եւ նրանց, ասենք, յոթ տարի ազատազրկում է սպառնում, ստանում են նոր պաշտոններ, պաշտոնները բարձրացվում են: Ես հստակ կարող եմ բոլորին ներկայացնել, թեպետ մեր կայքում տեղադրել ենք այդ անունները: Եվ եթե բռնություն գործադրողները դատապարտվեին, կամ առնվազն նրանց պաշտոնավարումը կասեցվեր, այս անպատժելիությունը վերանար, չէր ստացվի այն վիճակը, ինչ կա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ