2022 թվականի առաջին 4 ամիսներին պետական բյուջեի եկամուտների պլանը գերակատարել ենք 30 միլիարդ դրամով: Այսօր այս մասին կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ տուրքով որքա՞ն են գերակատարել, ի պատասխան ՊԵԿ ղեկավարն ասաց, որ ապրիլի 21-ի դրությամբ 19, 6 միլիարդ դրամ է կազմել մետաղի տուրքի հավաքագրումը: Փաշինյանի հարցին՝ ընդհանուր առմամբ ինչքան է կազմել, ֆինանսների նախարարն էլ հավելեց, որ երեկվա դրությամբ 24 միլիարդ եղել է, 24, 6 միլիարդ էլ եղել է անցյալ տարի. «48,6 միլիարդ դրամ մենք հիմա ունենք: Այսօր վստահ եմ 50-ի կարգի կլինի»: Պաշտոնյաների պատասխանները վարչապետին չբավարարեցին.
Փաշինյանը վրդովվեց. «Ես նախապես ասել էի, որ այդ թիվը պետք է հնչի կառավարության նիստում, ի՞նչ է, դժվա՞ր է այդ թիվը պարզել: Տասը րոպե է՝ պարզում եք: Պարզ հարց եմ տալիս՝ առաջին օրվանից մինչեւ հիմա ինչքա՞ն գումար ենք հավաքել, 4 տարբեր թվեր եք ասում»:
Փաշինյանը նաեւ հայտնեց, որ հունվարի 1-ից ապրիլի 20-ը, 2021 թվականի համեմատ, Հայաստանում ապրանքաշրջանառությունն աճել է 550 միլիարդ դրամով: Նա խոստովանեց, որ որոշակի դեր է խաղացել գնաճը։ Բայց, ըստ նրա, գնաճի դերը 15-20 տոկոսից բարձր չէ:
Նա նաեւ ասաց, որ 2021 թվականին պղնձամոլիբդենի խտանյութերի արտահանումից բյուջեի եկամուտներն աճել են 23 միլիարդ դրամով։ «Նախորդ տարվանից առ այսօր պետական բյուջեի՝ արտահանումից եկամուտներն աճել են 50 միլիարդ դրամով»,-նշեց նա:
Կարդացեք նաև
Ըստ Փաշինյանի, 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք, եւ պետք է լուրջ ջանքեր գործադրեն, որպեսզի կարողանան կառավարության նախանշած տնտեսական աճն ապահովեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ