Չորեքշաբթի՝ մայիսի 4-ին բազմամարդ էր Քաջարանի կենտրոնական փողոցներից մեկը։ Նույնիսկ այն մի պահ փակվեց ու ավտոմեքենաների երթեւեկությունը դարձավ անանցանելի։ Հայաստանի պետական ու Քաջարան համայնքի դրոշներով հավաքված քաջարանցիները անհնազանդության ցույց չէին անում։ Նրանք այստեղ են եկել դիմավորելու կալանքից ազատված եւ հայրենի քաղաք վերադարձած Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին։
Հիշեցնենք, մայիսի 2-ին Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանի որոշմամբ Քաջարանի համայնքապետի խափանման միջոց կալանքը փոխվեց եւ Մանվել Փարամազյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից։
Կարդացեք նաև
Քաջարանցիները հերթով մոտենում, հարցնում էին Մանվել Փարամազյանի առողջության մասին։ «Ոգեւորված ենք, որ վերջապես հասավ իր տունը։ Հիմա բոլոր գործերը կընկնի իրենց տեղը, թթվածինն էլ է շատացել»,-նշում էին քաջարանցիները։
«Ո՞նց կարող է մարդ վերադառնա իր օջախը, իր ընտանիքը՝ զգա մարդկանց հարգանքը, ոգեւորությունը ու չոգեւորվի։ Ես միանշանակ իմ ժողովրդի կողքին եմ։ Խնդիրներ կան, դեռ 2019 թվականից, 2020 թվականից աշխատանքներ ունենք սկսած, որոնք ավարտին չենք հասցրել։ Կուտակված խնդիրները՝ պիտի հերթով լուծենք եւ առաջ գնանք, շենացնենք Քաջարանը, սյունյաց աշխարհը»,-ասում է Քաջարանում ծնված ու մեծացած Մանվել Փարամազյանը։ Նա վաղվանից՝ մայիսի 5-ից կանցնի համայնքապետի գործառույթների կատարմանը։
Հիշեցնենք, Քաջարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։
Aravot.am-ի հետ զրույցում նա իր դատական գործը շինծու համարեց՝ նշելով որ մի օր ամեն ինչ կբացահայտվի։ 9 ամիս համարյա մեկուսացել էր հասարակությունից։ Այդ ընթացքում, ինչպես նշեց Մանվել Փարամազյանը ավելի շատ բան հասկացավ եւ էլ ավելի ուժեղ դարձավ։
Ինչ վերաբերում է երկրի ներքաղաքական իրավիճակին՝ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կարծիքով, հայ ժողովուրդը միշտ պայքարի մեջ է եղել ու հոգնել է ամեն ինչից։ «Ազգը պառակտելով, սեւ ու սպիտակի բաժանելով՝չենք շահելու։ Սա առիթ ենք ստեղծում թշնամու համար։ Ազգը պիտի միանշանակ համախմբվի։ Ամեն ինչ թողնենք մի կողմ, բարի ցանկանանք իրար, լավատես լինենք, որպեսզի վերեւից Աստված մեզ ընդառաջի»,-համոզված է Մանվել Փարամազյանը։
Սյունիքի նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ պատրաստակամ է աշխատելու։ «Մարզպետին մինչեւ նշանակումը գիտեի։ Շատ կարգին ու աշխատասեր տղա է, ուրախ եմ, որ նման մարդու է վստահվել նման պատասխանատու աշխատանքը։ Միասին՝ համագործակցելով, առաջ կգնանք»,-ասում է Մանվել Փարամազյանը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշանակվելուց հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում կարեւորելով միասնականությունը՝ ասել էր, որ պատրաստ է աշխատել մարզի բոլոր համայնքապետերի հետ ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ