Ընդդիմության երթը Բաղրամյան պողոտայից շարունակվեց դեպի Դեմիրճյան փողոց : Կառավարական ամառանոցների մոտ երթը կանգ առավ: Կառավարական ամառանոցների մուտքը փակված էր բազմաթիվ ոստիկաններով:
ԱԺ փոխնախագահ, ընդդիմադիր առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցավ. «Ամբողջ պետական համակարգը, իրավապահները պաշտպանում են մեկ խելագարի անվտանգությունը, որը հենց էս տղերքին տեսնում է, թաքնվում է հետեւը, սկսում է դուխից խոսել, փախնելուց խոսել: Հիմա ԱԺ-ից փախցրել բերել են էստեղ, էստեղից փախցնելու են տանեն էնտեղ: Անընդհատ լարելու ենք, մինչեւ վերջնական ռադ անենք, գնա»:
Հնչեցին «առանց թուրքի Հայաստան» վանկարկումներ:
Կարդացեք նաև
Ընդդիմության երթը շարունակվեց Պռոշյան փողոցով: Երթի մասնակիցները հասան Վազգեն Սարգսյան փողոց: Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ինքը՝ 20 հոգու հետ, գնում է ԱԳՆ շենքի վրա Արցախի դրոշը փակցնելու, իսկ երթի մասնակիցները սպասում են Վազգեն Սարգսյան փողոցում: Անակնկալ ձեւով, մի խումբ ցուցարարներ ճեղքեցին ոստիկանական պատը եւ վազեցին դեպի ԱԳՆ շենք: Իրավիճակը լարվեց, վերահսկողությունից մի պահ դուրս եկավ, ավելի մեծ թվով ցուցարարներ մտան շենքի բակ, նրանք բղավում էին՝ «Նիկոլ, դավաճան»: Ընդդիմադիր առաջնորդները մարդկանց հորդորում էին դուրս գալ՝ ասելով, որ ով չի ենթարկվում իրենց հրահանգներին, սադրիչն է: «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով, որոշ ժամանակ անց, ցուցարարները լքեցին ԱԳՆ շենքի բակը:
Ոստիկանների հետ բանակցելով իրավիճակը հանդարտեցնելուց հետո, Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, մի խումբ ցուցարարներ, Արցախի դրոշը տարան ԱԳՆ շենքի վրա փակցնելու:
Քիչ հետո, հայտարարվեց, որ ոստիկանները թույլ չեն տալիս ԱԳՆ շենքի վրա Արցախի դրոշը փակցնել ու կարծես այնտեղից բերման են ենթարկում ընդդիմադիր գործիչներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ