Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ցուցարարները՝ ընդդիմադիր ուժերի առաջնորդությամբ, այսօր գտնվում էին Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի մոտ: Իրավիճակը մի քանի անգամ լարվեց, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքշուկներ եղան: Ընդդիմության առաջնորդները ցուցարարներին հորդորեցին սադրանքների չտրվել, խուսափել ոստիկանների հետ բախումներից եւ շարունակել խաղաղ ցույցն ու երթը:
«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի եւ ոստիկանների բանակցություններից հետո, ոստիկանական պատը բացվեց եւ հնարավորություն տրվեց, որպեսզի ցուցարարները շարունակեն իրազեկման խաղաղ երթը՝ Երեւանի կենտրոնում: «Լավ է լինելու», «Միացեք», «Տեր ենք մեր հայրենիքին», «Միացում, պայքար, հաղթանակ» վանկարկումներով ցուցարարները շարունակեցին խաղաղ երթը:
Կարդացեք նաև
«Մեզ համար փակ փողոց չկա, Նիկոլն իշխանություն չունի այս երկրում, դուք եք իշխանությունը»,- երթի սկզբում հայտարարեց շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը:
Երթի ողջ ընթացքում, ընդդիմադիր առաջնորդները երթի մասնակիցներին հորդորում էին հանդարտություն պահպանել, սադրանքների չտրվել, նաեւ ողջունում էին պատշգամբներից իրենց համերաշխություն հայտնող քաղաքացիներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ