Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Դատարանը բավարարել է Ծաղկաձորում անօրինական կերպով աճուրդով օտարված հողատարածքը պետությանը վերադարձնելու դատախազության հայցը

Մայիս 04,2022 19:00

«Հետք» էլեկտրոնային թերթի 2018թ. սեպտեմբերի 28-ի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը, հայտնաբերելով պետական շահերի խախտման փաստը, 2019-2020թթ. պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետարանի և մյուսների, որոնց շրջանակներում վիճարկել է Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող թվով 25 հողամասի վերաբերյալ 2007թ.կայացված աճուրդները՝ պահանջելով կիրառել հետևանքներ:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցն ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և նշված հողամասերից մեկը օրենսդրության խախտմամբ իրականացված աճուրդով ձեռք բերած Զ. Գ.-ի: Մասնավորապես, դատարանի վճռով անվավեր է ճանաչվել 26.05.2007թ. կայացած այդ հողամասի աճուրդը և որպես դրա հետևանք՝ անվավեր է ճանաչվել նաև Կոտայքի մարզպետի և նշված անձի միջև 31.05.2007թ. կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա 0,55 հա տվյալ հողամասի նկատմամբ անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Դատարանը քաղաքացուն նաև պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել տվյալ հողամասը, իսկ Կոտայքի մարզպետարանին պարտավորեցրել է նրան վերադարձնել անվավեր ճանաչված հողամասի առուվաճառքի պայմանագրի գինը կազմած 3.435.500 ՀՀ դրամը:

Դատարանի այս որոշումը կարևոր նշանակություն ունի նույնպիսի սխեմայով իրականացված՝ Ծաղկաձորում գտնվող մյուս հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու, պետության խախտված գույքային իրավունքները վերականգնելու դատախազության նախաձեռնած իրավական գործընթացի համար:

Դեռևս դատարանի վարույթում են գտնվում թվով 24 հողամասերի աճուրդն անվավեր ճանաչելու և հետևանքներ կիրառելու վերաբերյալ ՀՀ դատախազության ներկայացրած հարցերը, որոնք քննության արդյունքների վերաբերյալ հետագայում նույնպես հանրությունը կտեղեկացվի:

 

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031