Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա բացահայտում է հնչելու․ ա՜խ, չե՞ք ուզում լսեք, փախեք»․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին

Մայիս 04,2022 17:27

«Հրապարակում հավաքված ժողովրդի կողմից գործուղվել ենք՝ ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը, այն է՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, տապալելով արցախյան հակամարտության բանակցային գործընթացում հայկական շահերի պաշտպանությունը, բերել է պատերազմ եւ պարտություն, խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմը եւ խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել դա։ 2021թ․-ի հուլիսին խոստացել էր մեկ-երկու ամիս անց վերադարձնել գերիներին, սակայն մինչեւ օրս ունենք գերիներ»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ ընթերցելով պահանջագիրը։ Նա նույն դաշինքի պատգամավորներից մի մասի հետ եկել էր Արցախի դրոշով շապիկներով։

Deputies from the opposition parties demanded the resignation of the RA Prime MinisterNikol Pashinyan during the RA National Assembly regular session

Արմեն Ռուստամյանը շեշտեց․ «Նիկոլ Փաշինյանը նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման քաղաքականություն՝ Արցախի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով, պնդել, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատեւել Ադրբեջանի ենթակայության ներքո, որ առաջնահերթ է համարում Արցախի տարածքների դեօկուպացիան, սակայն փաստացի իրականացնում է «Արցախն Ադրբեջան է եւ վերջ» քարոզն ու պաշտպանում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման, այն է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու թուրք-ադրբեջանական տեսակետը»։

Արմեն Ռուստամյանը թվարկեց նաեւ այլ ոլորտների խոստումները, ասաց, որ դրանք Փաշինյանը չի կատարել, եւ դրանցից մեկը վերջերս ողբերգական ավարտ ունեցավ․ «Պադատավապետության դեմ խոսացող, կարմիր լույսի տակ ավտոշարասյան կանգնելը եւ հետիոտնին զիջելը որպես ձեռքբերում ներկայացնող Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց կնոջը եւ նրա դեռ չծնված երեխային։ Նա լեգիտիմ չէ, չունի պետությունը նոր զիջումների տանելու մանդատ եւ պետք է հրաժարական տա։ Այս հարցից ցանկացածի առկայությունը փաստելու պարագայում իրեն հարգող ցանկացած վարչապետ հրաժարական կտար։ Հիմա պատասխան կա՞ այս պահանջին»։

Վերջին խոսքերի վրա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորում էր խոսքն ավարտել, որովհետեւ ժամանակը սպառվել էր, սակայն ինքը չընդհատեց, ապա դիմեց պատգամավորներից մեկին․ «Պարոն Զաքարյան, ձեր դիմաց Արցախի դրոշն է դրված, խնդրում եմ, թարս է դրված, հետ պտտեք․․․հարցին կպատասխանի ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։

RA Prime Minister Nikol Pashinyan holds a speech and presents some facts regarding his innocence to the opposition during the RA National Assembly regular session

Փաշինյանն ամբիոնից հայտարարեց․ «Ասում եք՝ տապալել է գործընթացը հայկական շահերի պաշտպանության առումով։ Բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը եւ դրա մասին խոստովանել է 2018թ․ ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից՝ ասելով, որ գործընթացը կանգնած է, լավատեսություն չի ներշնչում։ Կանգնած է, որովհետեւ Ադրբեջանի պահանջներն անընդունելի եւ անիրատեսական են մեր համար։ Նա է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին՝ ասելով, որ երկար ժամանակ չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի պատերազմի միջոցով լուծել Արցախի հարցը»։

Փաշինյանը շարունակեց՝ անդրադառնալով մեղադրանքին, թե խոստովանել է, որ կարող էր կանգնեցնել պատերազմը․ «Ես 2020թ․ սեպտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից ասել եմ՝ հենց հիմա կարող եմ կանգնեցնել, դրա համար պայման կա՝ համաձայնել, որ Արցախը լինի ինքնավար մարզի կարգավիճակ ունեցող միավոր, այսինքն՝ Ադրբեջանի կազմում։ Եթե այս տրամաբանությունը միացնենք Սերժ Սարգսյանի առաջ քաշած տրամաբանությանը, կստացվի հետեւյալը, որ պատերազմը կանխելու համար պետք էր ընդունել Ադրբեջանի անիրատեսական եւ անընդունելի պահանջները, այսինքն՝ Արցախը թողնել Ադրբեջանի կազմում»։

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ մեղադրանքին, Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Այն պահին, երբ նաեւ դուք էիք կառավարության մաս, երբ ՀՀ-ն ընդունել էր մադրիդյան սկզբունքները որպես բանակցային հիմք, ահա այդ պահից դուք Արցախը ճանաչել եք Ադրբեջանի կազմում»։ Ընդդիմադիրների շարքից աղմուկ լսվեց, Ալեն Սիմոնյանն Աննա Գրիգորյանին զգուշացրեց, որ դուրս կհրավիրի։

«Ես դա կապացուցեմ։ Հիմա շատ կարեւոր բացահայտում է հնչելու։ Արձագանքեք կասեմ»։ Արմեն Ռուստամյանն արձագանքեց․ «Ժամանակը չի ների, որպեսզի մանրամասնենք, որ դուք չեք տիրապետում Արցախի հարցի կարգավորմանն ի սկզբանե, հիմա էլ շարունակում եք։ Եթե թվում է, թե նախկինների վրա մեղքեր բարդելով կարող եք արդարացնել ձեր ձախողումները, սխալվում եք։ 2018թ․-ին եմ դեռ ձեզ հարցրել՝ որ դառնաք վարչապետ, պարտավորվո՞ւմ եք իրականացնել այն, ինչն Արցախի ժողովուրդն իր սահմանադրության 175 հոդվածով նախատեսել է։ Այ դրա մասին խոսեք, ինչո՞ւ չեք առաջնորդվել Արցախի ժողովրդի կամքի իրագործման պատասխանատվությամբ։ Հիմա ի՞նչ կապ ունի, թե ով ինչ է արել ժամանակին։ Դուք էիք վարչապետ եւ պարտավոր էիք այդ կամքն իրագործել, դուք եք տվել այդ խոստումը։ Հետո ասացիք, որ անգամ տեսական հնարավորություն չեք տեսել՝ Արցախն Ադրբեջանի կազմից հանելու։ Եթե այդ տեսակետի վրա էիք, մնում եք վարչապետ, որ ի՞նչ անեք, որ Արցախը թողնեք Ադրբեջանի կազմո՞ւմ»։

Փաշինյանն արձագանքեց, որ Ռուստամյանի առաջ ժամային սահմանափակում չդրվեց․ «Ա՜խ, չե՞ք ուզում լսեք, էդ էինք սպասում, բա էդ ասեք»։ Դահլիճում աղմուկ բարձրացավ, Ալեն Սիմոնյանը բղավեց՝ բրավո, մյուսները ծափահարեցին։ «Ոնց միշտ փախել եք, այդպես էլ միշտ փախնելու եք»,-ասաց ժպտալով Փաշինյանը եւ հավելեց,-«կեցցե հայկական ժողովրդավարությունը»։

Deputies from the opposition parties demanded the resignation of the RA Prime MinisterNikol Pashinyan during the RA National Assembly regular session

Ընդդիմադիր պատգամավորները ծափերի ներքո լքեցին դահլիճը։ «Նիկոլ՝ վարչապետ»,-գոռում էր ՔՊ պատգամավորներից մեկը։

Deputies from the opposition parties demanded the resignation of the RA Prime MinisterNikol Pashinyan during the RA National Assembly regular session

Րոպեներ շարունակ ծափեր էին հնչում։ «Հենց ասեցի, որ բացահայտում է հնչելու, թողեցին փախան»,-հավելեց Փաշինյանը։ Ալեն Սիմոնյանը ծափ էր տալիս ու ձեռքով դուրս հրավիրում ընդդիմադիր պատգամավորներին։

Հայտարարվեց ընդմիջում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031