Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան ուսուցիչներ, որոնք արժանի են աշխատավարձի բարձրացման կամ ոչ, ուստի թողնում ենք, որ իրենք որոշեն»․ Փաշինյան

Մայիս 04,2022 17:19

«Դա մեր նախընտրական ծրագրի խոստումներից էր, սակայն քննարկում կա, որ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում աշխատավարձերի դրույքաչափի բարձրացման հանդեպ, այսինքն՝ միայն ատեստավորված ուսուցիչների դրույքաչափն է բարձրացվում։ Կուզեի խոսենք արժեքաբանական փոփոխության մասին»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր խոսելով ուսուցիչների աշխատավարձի բարձրացման որոշման մասին եւ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․«Շատ կարեւոր որոշում ենք կայացրել ոչ միայն ինքն իրենով, այլեւ նրանով, որ այդ կարեւոր բարեփոխումներից մեկը հասցրել ենք ռազմավարական հանգրվանի։ Այդ որոշմամբ ՀՀ-ում ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկվել է՝ մի քանի գործողությունների հանրագումարով։ Այո, կրկնապատկում ենք այն ուսուցիչների աշխատավարձը, որոնք կամավոր ատեստավորվել են։ Ինչի՞ համար է դա, որպեսզի մենք բոլորս՝ գործադիրը, ծնողները, աշակերտը համոզվեն, որ իրենց դասավանդում են պատշաճ որակավորմամբ ուսուցիչներ»։

Փաշինյանի խոսքով՝ խնդիրն այն չէ, որ կասկածում են որակավորման վրա, այլ որ ինքնազարգացման խթան են տալիս սիրելի ուսուցիչներին․ «Այստեղ կա նաեւ շատ կարեւոր քաղաքական հարց։ Երբ 2019թ․-ին բարձրացրինք ուսուցիչների աշխատավարձը, ցավոք, միայն տասը տոկոսով, այդ ժամանակ շատ ուսուցիչներից արձագանք ստացանք, որ մենք աշխատավարձ ենք բարձրացնում համահարթ՝ բոլորին նույն չափով։ Կան ուսուցիչներ, որոնք արժանի են ավելիին կամ արժանի չեն աշխատավարձի բարձրացման, ուստի որոշեցինք՝ ոչ թե մենք որոշենք, թե ումը բարձրանա, իսկ ումը ոչ, այլ ուսուցիչներն իրենք որոշեն։ Այս պահին 470-ից ավելի ուսուցիչներ կամավոր ատեստավորման արդյունքում հունիսից կստանան կրկնակի աշխատավարձ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031