Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայտնի թերթիկը, որ դատավորների անունները գրված են՝ դիմացը նշումով, ունե՞ք». Աղվան Հովսեփյանի պաշտպանները Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ ներկայացրին

Մայիս 04,2022 17:11

Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան) տեղի է ունենում Աղվան Հովսեփյանի գործով առաջին դատական նիստը:

Երբ Մնացական Մարտիրոսյանը հարցրեց՝ արդյոք դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ցանկանում են ներկայացնե՞լ, Աղվան Հովսեփյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ի պատասխան ասաց. «Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու համար որոշ հարցերի պարզաբանում եմ խնդրում ներկայացնել: Խնդրում եմ հայտնել՝ արդյոք ճի՞շտ է, որ այս դատական գործը Ձեզ է մակագրվել դատարանի նախագահի կողմից, այլ ոչ թե համակարգչային եղանակով»:

Մնացական Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես գիտեմ, որ այդ սերվերները դեռևս չէին գործում կամ չկա այն եղանակը, որով կատարվում էր: Մենք ցանցով տեսնում ենք՝ ում է մակագրվել որ գործը, այսինքն՝ կատարվել է այն եղանակով, ինչ մեկ ամիս առաջ էր»:

Երեմ Սարգսյանն ասաց՝ այն հայտնի թերթիկը, որ դատավորների անունները գրված են՝ դիմացը նշումով, ունե՞ք այդ նշումը: Մնացական Մարտիրոսյանը դրական պատասխան տվեց: Երեմ Սարգսյանն արձանագրեց, որ դա է մակագրումը:

Այնուհետև պաշտպանը նշեց, որ որոշ հարցեր հղել է նախագահող դատավորին, սակայն պատասխան չի ստացել, ուստի հորդորեց նախագահող դատավորին, որպեսզի ինքը պարզի դրանց պատասխանները, որպեսզի վստահ լինեն, որ այս դատարանը ստեղծվել է օրենքի հիման վրա:

Երեմ Սարգսյանն ընթերցեց հարցերը. «Առանց այս հարցերը պարզելու կասկածի տակ է մնալու՝ արդյոք դատարանը օրենքի հիման վրա՞ է ստեղծվել: Մեզ հետաքրքրում է՝ քրեական գործը ո՞ր օրը և կոնկրետ ո՞ր ժամին է մուտքագրվել դատարանի գրասենյակ, այդ նույն օրը քանի՞ գործ է մուտքագրվել դատարանի գրասենյակ, այդ քրեական գործերը ո՞ր ժամերի են մուտքագրվել, քրեական գործերից յուրաքանչյուրը ո՞ր ժամին է մուտքագրվել համակարգ, յուրաքանչյուրը համապատասխան մասնագիտացում ունեցող ո՞ր դատավորին են մակագրվել»:

Երեմ Սարգսյանը միջնորդեց, որպեսզի դատավորն ինքը պարզի այս հարցերի պատասխանները:

Մնացական Մարտիրոսյանը պատասխանեց. «Տվյալ վարույթի շրջանակներում նախատեսված չէ, որ նախագահող դատավորն այդ հարցերի պատասխանը ստանա, ինչ-որ փաստաթղթեր պահանջի դատարանի նախագահից: Կարող է՝ դուք դիմել եք նախագահին, նա չի պատասխանել, կամ պատասխանը ձեզ չի գոհացրել, բողոքարկեք, դա ամիսներ տևի, բայց դա չի առնչվում տվյալ վարույթի հետ: Այդ պատճառով որպես ոչ ժամանակին ներկայացված միջնորդություն այն չի քննարկվում: Քրեական գործը մակագրվել է պատշաճ ընթացակարգով, որևէ խնդիր ինձ հայտնի չէ, եթե լինի, կլինի համապատասխան որոշում: Այդ խնդիրը, որը ենթադրյալ կա պաշտպանների կողմից, կարող եք միջնորդություն ներկայացնել և իրավասու մարմնին ներկայացնել: Սակայն տվյալ պահին այդ հարցերը վերաբերելի չեն այս քննարկմանը: Կարող եք ինքնաբացարկ ներկայացնել»:

Երեմ Սարգսյանն ասաց, որ իրականում արդեն իսկ օբյեկտիվ թեստի առումով Ձեր ինքնաբացարկի հիմքերն ակնհայտ են, բայց սուբյեկտիվ թեստի առումով էլ պիտի ստուգենք:

Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, հիշեցնելով, որ Մնացական Մարտիրոսյանն իր խոսքում չհերքեց, որ համակարգիչները շուտով կաշխատեն, հարցրեց՝ ինչո՞ւ դատավորը դատարանի նախագահին չի հարցրել՝ ինչո՞ւ է գործն իրեն ձեռքով մակագրվել: Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ իր մոտ նման հարց չի առաջացել:

Ի վերջո, Երեմ Սարգսյանը Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031