Քաղաքական գործիչ Արագած Ախոյանը «Հայելի» ակումբում համեմատեց այսօր Երեւանի փողոցներում եւ Հայաստանի մարզերում ընթացող անհնազանդության գործողությունների եւ 2018 թվականի քայլերթերի ժամանակ ոստիկանության գործողությունները: «Ես նայում եմ այս օրերին ԱԺ նիստերը: ՔՊ-ականները ելույթներ են ունենում, առաջարկներ անում: Բաներ են ասում, որ մարդու ծիծաղ է գալիս: Այնտեղ կան տարիքով մարդիկ, որոնք պետք է հիշողություն ունենան: 2018-ին, երբ Նիկոլն ու իր թիմակիցները գրավեցին պետության կողմից հատուկ պաշտպանվող ռադիոտունը, ոստիկանությունը ոչ միայն բիրտ ուժ չկիրառեց, այլեւ կարող էր առանց նախազգուշացման կրակել: Չկրակեց ու այսօր մեկը դարձել է վարչապետ, մյուսը՝ մարզպետ ու տարբեր պաշտոններ: Հիմա որ ժողովուրդը իր բողոքը, դժգոհությունը արտահայտում է փողոցներ փակելով, այս ի՜նչ դաժան ուժ եք կիրառում: Դրանք համեմատելի՞ են: Ախր, որ հիմա մի բան ասում եք, պետք է ձեզ էլ հիշեք: Ստացվում է՝ ձեզ կարելի էր, այսօրվա ժողովրդին՝ ո՞չ: Եթե մեկին ասում ես, որ ծխել չի կարելի, առնվազն ինքդ պետք է ծխող չլինես:
Հարգելի իրավապահ մարմիններ, ձեր մեջ կան բազմաթիվ պարկեշտ մարդիկ, բայց կան նաեւ այնպիսիք, որոնք զղջալու են իրենց արածների համար, որովհետեւ դրանք հարվածում, հրապարակային նվաստացնում են այն մարդկանց, որոնք սիրում են իրենց հայրենիքը, հասկանում, թե ինչ է կատարվում հայրենիքի հետ, փորձում են կանխել աղետը: Իսկ այդ ոստիկանները սադրանքների են դիմում, որ մի բառ ավել ասեն ու դա առիթ դառնա յոթ-ութ հոգով հարձակվելու նրանց վրա: Դուք կարող եք ազնիվ չլինել, բայց արդար լինել պարտավոր եք»,-ասաց Արագած Ախոյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ