Լրահոս
Օրվա լրահոսը

«Միգուցե էմոցիոնալ ֆոնի ազդեցության տակ գտնվող ոստիկանության աշխատակիցը անհամաչափ ուժ է կիրառել». Փոխոստիկանապետը՝ բռնությունների մասին

Մայիս 04,2022 16:51

Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչո՞ւ են բռնություն կիրառում ոստիկանները ցուցարարների նկատմամբ՝ պատասխանեց. «Շատ տարօրինակ հարց եք տալիս: Նախ, բռնության ընդամենը առերեւույթ մեկ դեպք ունենք, դեռեւս մեկ, որով նախապատրաստվում են նյութեր: Մնացյալ դեպքերում, որպես այդպիսին բռնություն տեղի չի ունեցել: Տեղի են ունեցել իրավաչափ գործողություններ»:

Լրագրողները հուշեցին՝ ոտքով էին խփում, կողոսկրեր ջարդում, Ֆիդանյանը կրկնեց, որ առերեւույթ ընդամենը մեկ դեպք կա. «Մնացած դեպքերում, նույնիսկ քրեադատավարական կարգավորումով անձին բերման ենթարկել իրենից ներկայանում է տվյալ անձի նկատմամբ որոշակի ուժի կիրառում: Եթե անձը չի ենթարկվում ոստիկանի օրինական պահանջներին, ապա այդ անձը, երբ կատարում է իրավախախտում, պետք է անպայման բերման ենթարկվի»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հրապարակումներ եղան, որ այն ոստիկանները, որոնք ուժ են կիրառում, ոտքով հարվածում, հավելավճար են ստանում, նույնիսկ հավելավճարի չափը կա, գնահատվո՞ւմ են ոստիկանները այդ տարբերակով՝ Ֆիդանյանը պատասխանեց. «Նախ, դա աբսուրդի հասնող հայտարարություն է, տարրական մանիպուլյացիա է: Ես ապշում եմ, թե ինչպես կարող են ԶԼՄ-ները նույնիսկ դրան անդրադարձ կատարեն: Դա ցանկացած տրամաբանությունից դուրս է գտնվում»:

Հարցին՝ տարիներ շարունակ, որ ասում էին ոստիկանությունը բարեփոխվել է, սա՞ նկատի ունեին՝ փոխոստիկանապետը պատասխանեց. «Բարեփոխվելու տեղ մշտապես կա: Այս անգամ դեպք տեղի ունեցել է, միգուցե էմոցիոնալ ֆոնի ազդեցության տակ գտնվող ոստիկանության աշխատակիցը անհամաչափ ուժ է կիրառել, ինչը միանշանակ ընդունելի չէ մեզ համար եւս»: Արա Ֆիդանյանն ասաց, որ ծառայողական քննության 9 դեպք կա:

Հարցին՝ փողոց փակելու ցույցի երկու պատգամավոր է բերման ենթարկվել՝ Արամ Վարդեւանյանն ու Աշոտ Սիմոնյանը, թույլատրելի՞ է պատգամավորական անձեռնմխելիություն ունեցողներին բերման ենթարկել՝ փոխոստիկանապետը պատասխանեց, որ փողոց փակելու համար է արվել. «Այսինքն, կատարվել է առերեւույթ իրավախախտում: Անձեռնմխելիությունը վերաբերում է համապատասխան անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու առումով, բերման ենթարկելու առումով մինչեւ անձանց ինքնությունը պարզելը ոստիկանությունը իրավունք ունի նաեւ բերման ենթարկել»:

Նա բացատրեց, որ նույնիսկ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումն իրենից ներկայացնում է վարչական իրավախախտում, հետեւաբար, դա չի նշանակում, որ պատգամավորները պետք է ազատվեն վարչական իրավախախտման պատասխանատվությունից:

Լրագրողները նաեւ ճշտեցին՝ Իշխան Սաղաթելյանն ասում է՝ ոստիկանությանը ֆինանսավորում են որոշ օլիգարխներ: Ֆիդանյանը պատասխանեց, որ սխալ տեղեկություն է. «Լրացուցիչ ֆինանսավորում այս պահին ես ինքս չեմ ստացել եւ որեւէ ոստիկան չի ստացել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031