«Երբ իշխանությունը սկսում է հաթաթա տալ ժողովրդին, ընդդիմությանը, հոգեւորականներին… իշխանության ներկայացուցիչների արձագանքները ցույց են տալիս, որ նրանք ադեկվատ չեն, անասնական վախի մեջ են»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ ոստիկանության հասցեին իշխանության ներկայացուցիչների պահվածքը՝ բիրտ ուժ կիրառելու առիթով շնորհակալությունները, ցույց են տալիս, որ իրենք կարծում են, թե ոստիկանությունը կփրկի իրենց ժողովրդից:
ՔՊ ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ պատերազմի ժամանակ ընդդիմությունը որեւէ բանով չի օգնել իշխանությանը, Արմեն Աշոտյանը հակադարձում է. «Տո ստի… չես ամաչո՞ւմ: Ասում է քաղաքական ուժերին, որոնք կամավորական ջոկատներ են կազմել եւ գնացել են, ովքեր զորակոչվել են կամ կամավոր են գնացել, նաեւ զոհվել են, ովքեր հայտարարել են, թե դադարեցնում են քաղաքական պայքարը եւ պետության կողքին են կանգնում»:
Անդրադառնալով քաղաքացիների թերահավատությանը եւ ծրագիր տեսնելու ակնկալիքներին՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ ընդդիմությունն ունի տեսլականներ եւ ծրագրեր, թե իշխանափոխությունից հետո ինչպե՞ս կարելի է տարբեր հարցերին լուծումներ տալ: Օրինակ, Արցախի հարցում, Նիկոլ Փաշինյանի գնալուց հետո մի քանի ամիս գործընթացները սառեցվում են, որը հնարավորություն կտա աշխարհաքաղաքական զարգացումների հանգրվանները պատկերացնել ու ըստ այդ, մոտեցումներ առաջադրել: Նաեւ՝ գնալով, ըստ Արմեն Աշոտյանի, Նիկոլ Փաշինյանը կտանի նաեւ իր խոստումների ողջ բեռն ու պատասխանատվությունը, որոնք տվել է ինքն այս ընթացքում, նոր իշխանությունը տեր չի լինելու միշելներին, պուտիններին, ալիեւներին տված Նիկոլ Փաշինյանի խոստումներին, հետամուտ է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերագործարկմանը, որին չեզոքացնելու հարցում Նիկոլ Փաշինյանը շահագրգիռ էր. «Եթե Նիկոլը գնա, Արցախի հարցը կդադարի դառնալ աշխարհաքաղաքական աճուրդի առարկա: Նոր իշխանությունը տարբեր մայրաքաղաքներում չի ծախելու Արցախը, առնվազն պաշտպանելու է եւ դրա ձեւերը մենք գիտենք, դա հնարավոր է: Նույնը՝ հայ-թուրքականի հետ կապված. այդ գործընթացը ղարաբաղյան պարտության հետեւանք է, եթե Նիկոլին փոխում ենք, փոխվում է նաեւ այդ գործընթացի ողջ տրամաբանությունը: Հայ-թուրքական հարաբերությունները պետք է զատվեն արցախյան կարգավորման գործընթացից»:
Արմեն Աշոտյանն ընդգծում է, որ անհասկանալի է, թե ինչի՞ մասին են հայ-թուրքական բանակցությունները, որոնք տանում է Ռուբեն Ռուբինյանը: Համենայնդեպս, պաշտոնական հաղորդագրություններից անհասկանալի են, թե ինչի՞ մասին են բանակցությունները, ուստի, նա հայտարարում է, որ այդ բանակցությունների օրակարգը թաքցվում է:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ընդդիմության լիդերի մասին խոսակցություններին էլ, Արմեն Աշոտյանը հորդորեց՝ դադարել փրկիչներ փնտրել եւ հայտարարեց, որ չի ստացվելու այդ հարցով ընդդիմության շարքերի մեջ կռիվ գցել, որ հստակ պայմանավորվածություններ կան ժամանակավոր կառավարության ձեւավորման, այնտեղ մասնագետների ընդգրկման, ապա արտահերթ ընտրությունների անցկացման եւ արդար մրցապայքարի: Ո՞վ է լինելու հաջորդ վարչապետը հարցը նա համարում է ապագայի հարց, քանի որ այս շարժումը որեւէ մեկին իշխանության բերելու հարց չէ:
Արմեն Աշոտյանը նաեւ հավաստիացնում է, որ այս շարժումը աշխարհաքաղաքական տեր չունի եւ երբ աշխարհը տեսնի, որ հայերը աղբամանն են նետել պարտության տարած առաջնորդին, նորից կսկսեն հաշվի նստել մեզ հետ:
Անդրադառնալով Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական հաստատությունների կրավորական կեցվածքին էլ, բանախոսն ասաց, որ իրենց այդ կեցվածքի արդյունքն է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը բիրտ ուժ է կկիրառում ժողովրդի նկատմամբ, որ իրենց այդ պահվածքով, իրենք «ՕԿ» են տալիս եւ հանցակից են Նիկոլ Փաշինյանի գործողություններին :
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ