«Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում թափ հավաքող դիմադրության շարժմանը՝ առանձնապես անդրադարձավ ոստիկանությանը: «Ոստիկանությունում քիչ չեն իսկապես հայրենասեր սպաներն ու շարքայինները: Այս օրերին քայլերթերի ընթացքում մեզ ուղեկցողներից շատերը տեսախցիկներից այն կողմ իրենց զորակցությունն են հայտնում փողոց դուրս եկած քաղաքացիներին: Սակայն կան նաեւ այնպիսիք, որոնք առանձնակի ոգեշնչմամբ են իջեցված հրամանները կատարում: Ես այդպիսիներին հորդորում եմ զսպել բիրտ ուժ կիրառելու իրենց գայթակղությունը, որովհետեւ ոչինչ հավերժ չի եւ հեռու չէ այն օրը, որ գալու է արածների համար պատասխան տալու ժամանակը»,-ասաց նա:
Արշակ Զաքարյանը նաեւ կոչով դիմեց հանրությանը՝ մի կողմ թողնել այս կամ այն քաղաքական ուժի, անհատի նկատմամբ ունեցած համակրանքը կամ հակակրանքը եւ ներգրավվել հանուն Արցախի եւ Հայաստանի պայքարի մեջ: «Ֆրանսիայի հրապարակի հարթակից շատ կարեւոր բաներ հնչեցին: Առաջինն այն է, որ ներկաներին հեռացնելուց հետո ձեւավորվելու է կառավարման ժամանակավոր խորհուրդ եւ այն ներկայացված է լինելու լայն ընդգրկումով: Ու որ կարեւոր է, համալրվելու է պրոֆեսիոնալներով: Եվ երբ երկրում վիճակը կկայունացվի, կկազմակերպվի նոր ընտրություն ու ժողովուրդը կորոշի, թե ում է վստահում երկրի ղեկավարումը», ասաց Արշակ Զաքարյանը՝ կոչ անելով մարդկանց այսօր գալ Ֆրանսիայի հրապարակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ