Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսել եմ տղերք, ովքեր հրաման են կատարում, բայց աչքերից թափվում է ներողությունը». Արմեն Աշոտյան

Մայիս 04,2022 15:46

«Ակնհայտ է, որ իշխանությունը վախեցած է եւ վախերի հետեւանք է հասարակությանը տեռորի ենթարկելու իրենց քաղաքականությունը՝ ոստիկանական ուժերի կենտրոնացումը եւ քաղաքացիների նկատմամբ դաժանությունը»,- «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ ընդդիմության պայքարն այլեւս ապակենտրոնացված չէ, քանի որ ընդդիմությունը մայիսի 1-ին միավորվեց Ֆրանսիայի հրապարակում եւ այդ օրից «մի քանի տասնյակ հազար հայեր հավաքվել են մայրաքաղաքի սրտում՝ ասելու, որ իրենք հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը չեն զիջելու»:

Դիմակավորված ոստիկաններն, Արմեն Աշոտյանի տեղեկություններով, որոշ օլիգարխների «հաստավիզ լակոտներն» են եւ որոշ մասնավոր պահնորդական ծառայություններից վարձված ծառայակիցներ: Բանախոսի կարծիքով, իշխանությունն անակնկալի է եկել, քանի որ չէին սպասում, որ այս շարժումը քաղաքականից համաժողովրդականի կվերածվի:

«Վայ այն պետությանը, ում գլխին կանգնած է մի մարդ, ում համար ոստիկանությունը հարազատ զավակ է, իսկ բանակը՝ խորթ, ով բանակը թուլացնում է, իսկ ոստիկանությանն ուժեղացնում»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ հետպատերազմյան շրջանում փոխարեն բանակը վերականգնվեր, շարունակում են թուլացնել, մինչդեռ տարբեր պարգեւավճարներով, արտոնություններով, կոչումներով կաշառում են ոստիկանությանը:

Ի պատիվ ոստիկանների, Արմեն Աշոտյանն ասում է, որ ոչ բոլորն են կաշառվում, ավելին, նա երթերի ժամանակ տեսել է ոստիկաններ, ովքեր «քթի տակ ասում են՝ «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», տեսել եմ տղերք, ովքեր հրաման են կատարում, բայց աչքերից թափվում է ներողությունը, որ այս պահին իրենք հրաման են կատարում: Տղերք ջան, շնորհակալ եմ, որ դուք հայ եք մնացել»:

ՀՀԿ փոխնախագահը նաեւ հայտարարեց, որ այս ընթացքում իրենց լիազորությունները գերազանցած ոստիկանները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Նրա գնահատմամբ, ցուցարարները եւ ոստիկանները երկու եղբայրներ են, որոնց մեջ կռիվ է գցել մի «տնվոր, մի Նիկոլ». «Տղերք ջան, ձեզ խնդրում են այն իքս պահին, ամենաճակատագրական պահին, ժողովրդի վրա ձեռք չբարձրացնել», քանի որ ոստիկանը Նիկոլի անձնական պահպանության բանակը չեն՝ «Հո կրակը չենք ընկել, որ Նիկոլը եւ ձեր պետը համադասարանցիներ են, մի դարձեք պատանդը՝ Նիկոլի անձնական կապերի»:

Արմեն Աշոտյանը դիմեց նաեւ ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ հիշեցնելով, որ մինչեւ Նիկոլի իշխանությունն էլ ինքը ծառայել է ոստիկանական համակարգում եւ հորդորեց վերադառնալ կանոնակարգային ծառայության. «Մոռացեք, որ դուք ինչ-որ բանով պարտական եք Նիկոլ Փաշինյանին: Չգիտեմ, ձեր համատեղ սովորելու ժամանակ ինչեր են եղել, որ Նիկոլը ձեզնից վախենում է կամ ձեզ գնահատում է, վստահաբար դուք ավելի ուժեղ տղա եք, քան Նիկոլ Փաշինյանը, մի թողեք, որ թուլամորթը ձեզ կառավարի, օգտագործի եւ դուք՝ ձեր ողջ գերդաստանով, հետագա պատմության մեջ մտնեք, որպես արյունալի ոստիկանապետ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031