Լրահոս
Օրվա լրահոսը

Փակ էր Երեւան-Սեւան մայրուղին. անհնազանդության ցույցի մասնակիցները ոստիկաններին՝ 2018-ին հանդուրժում էիք նման ցույցեր

Մայիս 04,2022 15:08

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռանալու պահանջով այսօր առավոտյան փակ էր նաեւ Երեւան-Սեւան մայրուղին՝ Չարենցավանի հատվածում: Մի խումբ ոստիկաններ անհնազանդության ցույցի մասնակիցներից պահանջում էին գոնե միակողմանի բացել մայրուղին, սակայն քաղաքացիները չէին համաձայնում: Նրանք էլ վանկարկում էին՝ «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան»:

Այստեղ էին նաեւ 44-օրյա պատերազմին մասնակից անվասայլակին նստած տղաները: Ցույցի մասնակիցներից մեկը դիմելով ոստիկաններին ասաց, որ 2018 թվականին ոստիկանությունը հանդուրժել է նման ցույցերը եւ Վարչարարության մասին օրենքի 7-րդ հոդվածով այդ գործողությունը դիտվել է համաչափ եւ հիմա իրենց գործողությունները նույնպես պետք է դիտվեն համաչափ. «Եթե մեկ անգամ ոստիկանությունը նման գործողություն թույլատրում է, մնացած դեպքերում լ պարտավոր է առաջնորդվել նույն օրենքով ու թույլատրել»:

Ի պատասխան, ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ ցույցի մասնակիցների գործողություններն իրավաչափ չեն. «Ցանկացած քաղաքացի՝ լինի այս պետության քաղաքացի, թե՛ ապաքաղաքացի, թե՛ Ամերիկայի քաղաքացի, ունի բնական՝ սահմանադրական իրավունք, դա ազատ տեղաշարժվելու իրավունքն է, եւ դուք ձեր գործողություններով մարդկանց իրավունքները սահմանափակում եք, այսինքն՝ անձին զրկում եք ազատ տեղաշարժվելու իրավունքից: Ոստիկանությունը ձեզ այդ մասին ասաց: Մեր գործողությունները պետք է բխեն դրանից: Եթե դուք մեր օրինական պահանջին չեք ենթարկվելու, դրանով թույլ եք տալու վարչական իրավախախտում՝ Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումներին վերաբերող օրենսգրքի 182-րդ հոդվածով, որի պարագայում ոստիկանությունն իրավունք ունի գործադրելու հարկադրանք, այսինքն՝ քաղաքացուն «ա» կետից տեղափոխի «բ» կետ, վարչական բերման ենթարկի»:

Ապա ոստիկանությունն անցավ իր գործողություններին եւ ուժ գործադրելով բացեց մայրուղին: Քաղաքացիների ու ոստիկանների միջեւ քաշքշուկ տեղի ունեցավ: Որոշ քաղաքացիների բերման ենթարկեցին, սակայն մյուսների համար միջամտեցին քաղաքացիները, որից հետո ոստիկաններն այլեւս բերման չենթարկեցին իրենց պահանջին չենթարկված քաղաքացիներին:

Անհնազանդության ցույցի մասնակիցները շարժվեցին դեպի Երեւան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031