Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախորդ ՄԻՊ-ին փնովելու տեղ կար․ ՄԻՊ-ին պաշտոնավարումից հետո պետք է 5 տարով արգելել պաշտոն զբաղեցնելուց»․ ՔՊ-ական

Մայիս 04,2022 14:43

«Քանի որ իշխանությունում կա մեծամասնություն եւ ընդդիմություն, կարծում եմ՝ ՄԻՊ անկախությունն ավելի երաշխավորված կլինի, եթե պաշտպանն իր պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո առնվազն 5 տարի զրկվի քաղաքական պաշտոն գրավելու հնարավորությունից։ Հակառակ դեպքում կարող է գայթակղվել եւ ընդդիմության կամ մեծամասնության կողմ դառնալ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր ՄԻՊ 2021թ․-ի տարեկան հաղորդման զեկուցումն էր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի կողմից, երբ նրան նման դիրքորոշման մասին հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ու ցանկացավ կարծիք լսել։

Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց, որ ՄԻՊ անկախության երաշխավորումը, որն ամրագրված է սահմանադրությամբ, շատ ավելի լայն է․ «Հիրավի, դա առաջնահերթ իշխող քաղաքական ուժից անկախ լինելուն է վերաբերում, բայց կոնցեպտը շատ ավելի լայն է եւ վերաբերում է որեւէ տեսակի ազդեցությունից, թիրախավորումից անկախ լինելուն, ուղղորդումներից ազատ գործելուն։ Դա լիազորությունների իրացման լավագույն երաշխիքն է։ Սահմանադրությունն այս առումով լավ երաշխիք ունի՝ վեց տարով ընտրություն։ Պաշտպանն ընտրվում է վեց տարով, որովհետեւ այդ ժամանակահատվածը չի կրկնում ընտրությունների ցիկլը։ Սա լավագույն փորձերից է, որը մեր երկրում իրացվել է սահմանադրությամբ։ Անկախության այլ երաշխիքներ եւս կան օրենքով»։

Քրիստինե Գրիգորյանի խոսքով՝ ՄԻՊ-ի՝ որեւէ պաշտոնի համար հետագա գործունեության սահմանափակում նախատեսելը պետք է լավ հիմնավորված լինի եւ չխախտի սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները։

Ապա Վիգեն Խաչատրյանը ելույթի իրավունքից օգտվելով՝ հաճոյախոսություններ շռայլեց Քրիստինե Գրիգորյանի հասցեին եւ ասաց, որ նա լավ օրինակ է՝ իր նախորդին չփնովելու, թեեւ, Խաչատրյանի խոսքով, տեղ կար փնովելու․ «Ճշմարտությունը կայանում է նրանում, որ ՄԻՊ-ը (նկատի ունի Արման Թաթոյանին․-հեղ) վերջին շրջանում քաղաքականացվել էր, որը բացասաբար է անդրադառնում ինստիտուտի վրա։ Ուստի օրենքով ՄԻՊ-ն պետք է պաշտպանել նման գայթակղությունից։ Սա ընդդիմությանն ու իշխանությանը զերծ կպահի ՄԻՊ-ն իր կողմը քաշելուց, նա չպետք է քաղաքական պատվերներ կատարի»։

Հիշեցնենք, որ դեռեւս 2020թ․-ից իշխանական պատգամավորներն ու նույն թիմի բարձր պաշտոնյաներն Արման Թաթոյանի դեմ  հայտարարություններով էին հանդես գալիս։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031