Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի որդին փակել էր Նոր Նորք տանող ճանապարհը՝ կոչ անելով միանալ անհնազանդության ցույցին ու հանրահավաքներին

Մայիս 04,2022 14:08

«Երեխային բժշկի են տանում, ճանապարհ տվե՛ք», «Բացե՛ք, թող շտապօգնությունն անցնի», «Ոռռաաա, մեքենաների վարորդները միացան մեզ»,-այսօր անհնազանդության ցույցերի ժամանակ ասում էին մայրաքաղաքի տարբեր հատվածներում փողոց փակած քաղաքացիները:

Ժամը 12-ից սկսած՝ Արաբկիրում, Կենտրոնում եւ մայրաքաղաքի այլ համայնքներում ցույցի մասնակիցները մի շարք փողոցներ էին փակել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանք վանկարկում էին՝ «Նիկոլ հեռացի՛ր», «Նիկո՛լ դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան»:

Անհնազանդության ցույցի մասնակիցները փակել էին նաեւ Կիեւյան կամուրջը, իսկ զայրացող քաղաքացիներին կոչ էին անում միանալ իրենց ու ազատվել «Հայաստանն ու Արցախը վաճառքի հանած Նիկոլ Փաշինյանից»:

Գրեթե բոլոր փողոցներում էլ ցույցին միջամտում էին ոստիկանները՝ ուժով հեռացնելով քաղաքացիներին, ոմանց նաեւ բերման ենթարկելով ոստիկանության բաժանմունքներ:

Բերման ենթարկվեց նաեւ Կիեւյան կամրջի երթեւեկությունը փակած «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը:

Շենգավիթում նույնպես փողոցներ էին փակվել: Այստեղ փողոցը փակել էին բեռնատարով, որը կանգնեցրել էին փողոցի լայնքով:

Ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը բարձրախոսով  հայտարարեց, որ ցույցը կազմակերպված չէ ո՛չ «Պատիվ ունեմ»-ի, ո՛չ «Հայաստան» դաշինքի, ո՛չ էլ որեւէ այլ քաղաքական ուժի կողմից. «Ցույցը կազմակերպել ենք մենք՝ ինքներս եւ դեմ ենք, որ մեր երկիրը հանձնեն թուրքին, ադրբեջանցուն: Ովքեր դեմ են այս ցույցին, նրանք կողմ են, որ մեր երկիրը հանձնվի, որ նոր զոհեր ունենանք, որ Երեւանում քայլեն թուրքերն ու ադրբեջանցիները: Մեր ցույցի նպատակն է, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, կորցրել ենք Արցախի ութսուն տոկոսը, որից թուրքի ախորժակը բացվել է, վերցրել է Սեւ լճի եւ այլ տարածքներ»:

Քաղաքացիներն արգելափակել էին նաեւ դեպի Նոր Նորքի զանգված տանող կամուրջը: Այդ ճանապարհին ցույցի մասնակիցներին էր միացել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, որը խոստացավ մինչեւ ժամը երկուսը ճանապարհը փակ պահել: Նա կոչ արեց միանալ անհնազանդության ցույցերին ու Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքներին, քանի որ, Լեւոն Քոչարյանի խոսքով՝ «մեր երկրի ու մեր երեխաների հարցն է, մեր հայ լինելու ու հայ մնալու հարցն է, սա իշխանության համար պայքար չէ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031