Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեռնելուց փղերը միասին են մեռնում․ ուզում եք քաղաքական վախճան՝ գնացեք վախճանվեք»․ Արսենյանը՝ ընդդիմությանը

Մայիս 04,2022 13:41

Ընդդիմությունը կեղծ թեզ է առաջ քաշում, թե 2021թ․-ին իշխանությանն ընտրած 600 հազարից ավելի քաղաքացիները սխալվել են։ Այս մասին այսօր ԱԺ լիագումար նիստում անդրադառնալով դիմադրության շարժման բողոքի գործողություններին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

«Ընկերներիցս մեկը զանգեց, ասեց՝ հղում եմ ուղարկել, մի հատ նայի այդ հաղորդումը։ Նայեցի։ Մեկը մեր լրագրության դաշտում որպես զազրախոսության մոհիկան հայտնի լրագրուհի է, զրուցակիցը՝ ալամ աշխարհի մեգաէկոնոմիկայի մասնագետ մի նախկին վարչապետ՝ ՀՀ արդյունաբերության գերեզմանափորը։ Լրագրողը հարց է տալիս ու ասում՝ Արսենյանը, Սուքիասյանը, Վիգեն Խաչատրյանը կոչեր են անում խաղաղության, դուք ի՞նչ կասեք։ Այդ մեր հայրենակիցն էլ պատասխանում է, որ մեզ պետք է զրկել ՀՀ քաղաքացիությունից, բռնագրավել ունեցվածքը եւ փոխանցել Արցախի բանակին»,-պատմեց Գուրգեն Արսենյանը։

Նրա խոսքով՝ ասվածում նորություն չկա, որովհետեւ այդպես ասողներն են իրականում կողոպտել ՀՀ քաղաքացիներին եւ ավարը տարել Արցախ՝ կիսելու․ «Սա է իրենց պատկերացումը, սրա համար են իրենք պայքարում։ Անցած տարվա մայիսին արցախյան կարկառուն գեներալներից մեկը գրեց, որ Ստեփանակերտի ազատագրումը պետք է սկսել Երեւանից։ Հարցրեցի Արցախի իշխանությանը, թե դա ինչ տեխնոլոգիա է։ Ասացին՝ այդ մարդը մեր մոտ միշտ ասում է ձեր ցավը տանեմ, ոչ մի խնդիր չունենք, ես ձեր հետ եմ․․․այսինքն, հերթական կենաց խմողներից է»։

Գուրգեն Արսենյանի բնորոշմամբ՝ այսպես անողները հիշեցնում են հայտնիներից մեկի խոսքը, որ փղերը մեռնելուց բոլորով մի տեղում են մեռնում՝ փղերի գերեզմանոցում․ «Հիմա ուզում են քաղաքական վախճան ունենալ, գնացեք վախճանվեք։ Ես ձեր համար կցավամ, բայց չեմ գա ձեր ձեռքը բռնելու ու ասելու, որ մի վախճանվեք։ Քաղաքական գործունեության հայտ եք ներկայացրել, բայց չունեք բովանդակություն։ Իմ գործընկեր Քրիստինե Գրիգորյանը երեկ դա շատ դիպուկ նկարագրեց։ Փաշինյանի հրաժարականն եք ուզո՞ւմ։ Նրան 2018թ․-ին դուք եք այստեղ վարչապետ ընտրել, դուք եք նրա կառավարության գործունեության ծրագիրը հաստատել։ Պատկերացում չունեք, որ հարյուր հազարավոր քաղաքացիների շունչը ձեզ ստիպեց դա անել»։

Հավելենք, որ ընդդիմադիր խմբակցություններից այսօր եւս գրանցված պատգամավոր չկա, քվորումն ապահովվել է ՔՊ խմբակցության պատգամավորների ներկայությամբ․ դիմադրության շարժումը վաղ առավոտից Երեւանի փողոցներում շարունակում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունները։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031